Ազարյանի դիմաքանդակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելիք Ազարյանի դիմաքանդակը
տարի1916
ստեղծման վայրԹիֆլիս
ստեղծման երկիրՎրաստան
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
քաղաքԹիֆլիս
պատվիրատուԱ.Մելիք Ազարյան
հիմնական թեմավաճառականին հատուկ բնորոշ արտաքինով քանդակ


Ազարյանի դիմաքանդակը, Հակոբ Գյուրջյանի` Թիֆլիսում ստեղծած լավագույն գործերից` հավանաբար կատարված Ազարյանի պատվերով։ Թիֆլիսի հարուստ Մելիք Ազարյանը մեկն է քչերից, որ, օգտվելով Գյուրջյանի` Թիֆլիսում գտնվելու առիթից, իր կիսանդրին է պատվիրել` դրանով հովանավորելով և' արվեստագետին, և' հավերժացնելով իրեն այդպիսի բարձրարժեք դիմաքանդակով։ Արձանը գրավիչ է կերպարի վառ անհատականությամբ, ճանաչելիության չափ կոնկրետ դիմագծերով, վաճառականին բնորոշ այնպիսի անհատականությամբ ու արտահայտությամբ, արտաքինով ու նկարագրով, որոնցով կարելի է անսխալ գուշակել նրա անձնավորությունը։ Տարեց, պատկառելի բեղերով, հայկական առնական գեղեցիկ դիմագծերով մի առույգ անձնավորություն նայում է դիտողին։

Նկարագրություն և կատարման տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուրջյանը կարողացել է անթերի վարպետությամբ և ընկալումով Մելիք Ազարյանի կերպարում խտացնել հոգեբանական բազմերանգ արտահայտություններ, որոնց շնորհիվ նրա դիմագծերը խոսուն, կենդանի արտահայտությամբ բրոնզի մեջ գրեթե շնչավորվել են։ Ազարյանը տպավորությամբ թվում է գործարար, խոշոր ձեռնարկումների ընդունակ, սեփականատերի հոգեբանությամբ, ծանրակշիռ, կյանքի փորձով իմաստնացած բնավորությամբ, վճռական, ինքնագոհ, ապահով մի մարդ։

Գյուրջյանը միտում չի ունեցել Մելիք Ազարյանի կերպարին սոցիալական գունավորում տալ, չնայած նրա մոդելը վաճառականի բնորոշ տիպար է։ Նա անաչառորեն է կերպավորել նրան` պահպանելով նրա անհատականությունը իր պատրաստի կերպարային տվյալներով, որի համար անհրաժեշտ էր սուր դիտողականություն, մարդու ներաշխարհը թափանցելու ընդունակություն, բնորոշն ընկալելու հատկություն։ <<Մելիք Ազարյանի դիմաքանդակը>> Գյուրջյանի ռեալիստական խոր համոզմունքի փայլուն գրավականն է, կատարված է մեծ ոգեշնչումով, ազատ մշակումով, դիմագծերի կենդանի ընկալումով, ֆակտուրային բազմազանությամբ [1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ե. Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987