Ադադ-Նիրար II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադադ-Նիրար II
Ծնվել է՝մ.թ.ա. 10-րդ դար
Մահացել է՝մ. թ. ա. 891
ԵրկիրՆորասորեստանյան թագավորություն
գերիշխան
ՀայրԱշուր-դան II
ԵրեխաներԹուկուլթի-Նինուրթա II


Ադադ-Նիրար II (աքքադերեն՝ «Ադա՛դ, օգնության հասի՛ր»,մ.թ.ա. 10-րդ դար - մ. թ. ա. 891), Ասորեստանի արքա մոտավորապես մ.թ.ա. 912—891 թվականների, Աշուր-դանա 2-րդի որդին և ժառանգորդը, որը վերջ է դրել խառնակություններին և ամրապնդեց ասորեստանյան մայրաքաղաք Աշուրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 910 թվականին արահսամնա ամսի 4-ին (հոկտեմբեր-նոյեմբեր) Ադադ-Նիրար II-ը սկսեց առաջին ռազմական արշավանքը, այս անգամ ուղղված Հաբին երկրի դեմ (Զամուայից հյուսիս-արևմուտք ընկած լեռնային շրջաններ): Բարձրանալով Մեծ Զավ գետի երկայնքով դեպի վերև՝ ասորեստանցիները ներխուժել են Մեհրի երկիրը և գրավեցին Բազին, Սորբալնուն, Դուդուանուն և Ռուռու գետի ափի մյուս բնակավայրերը (Ուրմիա լճից դեպի արևմուտք): Այնուհետև հաղթականորեն անցնելով Կումմեի տարածքով՝ Ադադ-Նիրար II-ի զորքերը ջախջախիչ հարված են հասցրել կումմեցիներին: Կումմեցիների արքան հնազանդվել է և համաձայնվել հարկ վճարել: Ապա ասորեստանյան զորքը անցել է Տիգրիս գետով և գրավել է Կադմուխեն՝ քառասուն բնակավայրերով: Այստեղ գերիներից և ավարից բացի, Ադադ-Նիրարը զավթել է նաև մանր և խոշոր եղջերովոր անասունների հոտեր:Կադմուխեի շրջանը միացվել է Ասորեստանին:Շարունակելով առաջխաղացումը դեպի հյուսիս-արևմուտք՝ Ադադ-նիրարը հասել է մինչև Տիգրիսի ակունքները և մտել Ալզիի տարածք:

Բաբելոնական երկու արքաներ Շամաշ-Մուդամիկի և (շուրջ մ.թ.ա. 905 թվականին) և Նաբու-շում-Ուկին I-ի ( շուրջ մ.թ.ա. 895 թվականին) նկատմամբ հաղթանականներ տանելով՝ Ադադ-նիրարը լուծել է սահմանային վեճը հօգուտ Ասորեստանի:Արդյունքում վերջնականապես Ասորեստանին են միացել Արապհիի շրջանը, իսկ Ադադ-նիրարի տերության հարավային սահմանը հասել է մինչևԴուր-Կուրիգալզի և Սիպպար:

Մ.թ.ա. 900-800-ական թվականներին ասերոստանյան զորքերի և նաիրի-ուրարտական առաջնորդների միջև բախումներն ընթացել են փոփոխակի հաջողություններիով: Հենց Ադադ-նիրարի խոսքերն են վկայում այս մասին՝ «չորրորդ անգամ արշավեցի Նաիրիի տարածքների վրա»: Այս նույն գրության մեջ հետագայում ասվում է, որ նա նվաճել է Ներքին Հաբհի երկիրը, գրավել է Նահու և Աշնահու բնակավայրերը, հնազանդեցրել է Նաբդու և Ալզի երկրները: Թագավորական տիտղոսացանկից երևում է,որ ասորեստանյան կառավարիչը անցել է Լուլումե, Հաբհի (Հաբհու), Զամուա երկրներով մինչև Նամարի լեռնանցքը և «լայնարձակ Կումանի երկրից մինչև Մեհրի երկիրը, ինչպես նաև Սալուային և Ուրարտուին ծնկի է բերել»: Պատմաբանները նշում են, որ հատկապես շեշտվում է Սալուան, որովհետև նախկինում Ուրարտուի մասն է կազմել:

Մ.թ.ա. 895 թվականի սիմանու ամսի 15-ին (մայիս-հունիս) Ադադ-նիրար II-ը օգնության է հասել Կումմե քաղաքին, որը հարձակման էր ենթարկվել Հաբհու երկրի կողմից: Հաբհուի բնակավայրերը հրդեհվել են, դաշտերի բերքը հավաքվել և ուղարկվել է Ասորեստան, իսկ փրկված բնակչության վրա դրվել է հարկային պարտադրանքը, նախկինից էլ ավելի ծանր հարկեր: Մ.թ.ա. 894 թվականի նիսանու ամսին (մարտ-ապրիլ) ասորեստանցիները դարձյալ օգնության են հասել Կումմեին: Հաբհու երկրի Սատնուրի, Յասաբդու, Կուննու, Տապսիա բնակավայրերը, որոնք ուշացրել էին լծկան ձիերով հարկը, ավերվել են և հրդեհվել:

Համաձայն «Ասորեստանյան արքաների ցուցակի»՝ Ադադ-նիրար II-ը կառավարել է 21 տարի[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Assyrian King List(անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]