Աբեդնագով, ասորեստանյան ծագումով հայկական արական անձնանուն։ Նշանակում է «ծառա Նագովի» (ծառայ Նագովայ)։ Հին Կտակարանի՝ «Դանիելի մարգարեությունը» գրքում հիշատկավում է այս անձնանունը՝ «⁶Նրանց մէջ էին Յուդայի երկրի որդիներից Դանիէլը, Անանիան, Միսայէլը եւ Ազարիան։
⁷Ներքինապետը Դանիէլին անուանեց Բաղտասար, Անանիային՝ Սեդրակ, Միսայէլին՝ Միսակ եւ Ազարիային՝ Աբեդնագով»[1]։ Այնուհետև վերջին երեքը՝ Նաբուգոդոնոսորի արձանը չպաշտելու համար՝ նետվում են վառվող հնոցը, բայց հրաշքով փրկվում են[2]։ Բառի եբրայերեն ձևն է՝ עֲבֵד נְגוֹ (‘Ǎḇêḏ-Nəḡō), հունարեն տառադարձված է՝ Αβδεναγώ, անգլիական պաշտոնական թարգմանությունը` Abed-nego: Հնում հայերի մեջ չի գործածվել, բայց 20-րդ դարում գործածվել է Կովկասում ու Պարսկաստանում՝ Աբեթնագով ձևով, ուր թ ձայնը առաջացել է սխալմամբ, այն շփոթելով Հաբեթ (Յաբեթ) անվան հետ, որը ոչ մի կապ չունի վերջինիս հետ[3]։