«Անտոն» ռազմագործողություն
«Անտոն» ռազմագործողություն | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Երկրորդ համաշխարհային պատերազմ | |||||||||||
Ֆրանսիայի քարտեզը մինչ օպերացիայի սկիզբը | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Նացիստական Գերմանիա |
Ֆրանսիական պետություն | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Յոհաննես Բլասկովից | Անրի Ֆիլիպ Պետեն | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
անհայտ | 50 000 |
«Անտոն» ռազմագործողություն (գերմ.՝ Unternehmen Anton), Նացիստական Գերմանիայի կողմից Ֆրանսիայի հարավային տարածքների բռնազավթման ռազմավարական օպերացիայի գաղտնի անվանումը, որը գտնվել է Վիշի ռեժիմի կառավարության անմիջական վերահսկողության ներքո[1]։ Ռազմագործողությանը մասնակցել են նաև իտալական զորքերը, ովքեր ընդլայնել էին իրենց բռնազավթած տարածքները։ Վիշի ռեժիմի զորքերը որևէ դիմադրություն չեն ցույց տվել գերմանական ուժերին[2]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանացիները ունեցել են ծրագիր՝ գրավելու Ֆրանսիայի հարավային տարածքները, որոնք այդ ժամանակ գտնվում էին իրենցից կախվածություն ունեցող Վիշի ռեժիմի հսկողության տակ։ Այդ ծրագիրը իր վերջնական տեսքը ստացել է 1940 թվականի դեկտեմբերին և ստացել «Աթիլլա» անվանումը։ Ավելի ուշ, ծրագիրը միացվել է «Կամելիա» օպերացիայի ծրագրին։ Վերջինիս նպատակը Կորսիկայի բռնազավթումն էր։ «Անտոն» ռազմագործողությունը «Աթիլլայի» «թարմացված» տարբերակն էր, որին մասնակցելու էին գերմանական մի քանի զորաբանակներ և իտալական ուժերը։
1942 թվականի նոյեմբերի 8-ին «Ջահ» ռազմագործողության շրջանակներում Մարոկկոյում և Ալժիրում անգլո-ամերիկյան զորքերի իջեցումից հետո՝ Ադոլֆ Հիտլերը չէր կարող թույլատրել, որ այդպիսի իջեցում տեղի ունենա նաև ֆրանսիական Միջերկրականում։ Վիշիական վարչապետ Պիեռ Լավալի հետ խորհրդակցությունից հետո՝ նոյեմբերի 11-ին ֆյուրերը հրամայել է գերմանական զորքերին գրավել Կորսիկան, իսկ հաջորդ օրը գրավել նաև Ֆրանսիայի հարավային տարածքները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականի նոյեմբերի 10-ի երեկոյան գերմանական զորքերը ավարտեցին ռազմագործողության նախապատրաստությունները։
Նոյեմբերի 11-ին առավոտյան ժամը 07:00-ին նացիստական առաջին բանակը ֆրանկո-իսպանական սահմանին զուգահեռ իջավ դեպի Միջերկրական ծովի ափ, այն դեպքում, երբ 4-րդ բանակը սկսեց արշավանքը Ֆրանսիայի կենտրոնական հատվածից դեպի Վիշի և Տուլոն։ Երկու բանակներն էլ գտնվում էին գեներալ Յոհանես Բլասկովիցի հրամանատարության տակ։ Իտալական 4-րդ բանակը գրավեց Ֆրանսիական Ռիվիերան։ Իտալացիները դեսանտ իջեցրեցին նաև Կորսիկայի վրա։ Նոյեմբերի 11-ի երեկոյան գերմանական տանկերը հասան Ֆրանսիայի միջերկրածովյան ափ։
Վիշիական Ֆրանսիան իր դժգոհությունը հայտնեց միայն ռադիոյով՝ բողոքելով, որ նացիստները խախտում են 1940 թվականին կնքված զինադադարը։ Ֆրանսիական վիշիական 50 000-անոց բանակը փորձեց ստեղծել պաշտպանական դիրքեր՝ Տուլոնի շրջակայքում, սակայն հանդիպելով գերմանական ուժերին, իբր, ֆրանսիական զորքերը չունեին բավարար զինամթերք, այդ իսկ պատճառով չցուցաբերեցին ռազմական դիմադրություն։ Եզակի գեներալներից մեկը, որը տվել է դիմադրության հրաման, եղել է Ժան Մարի դե Լատր դե Տասսինյին, սակայն ձերբակալվել է իր անմիջական ենթակա սպաների կողմից։
Գերմանացիները նախատեսել էին անցկացնել նաև «Լիլա» ռազմագործողությունը, որի հիմնական նպատակը Տուլոնում գտնվող ֆրանսիական ապամոբիլիզացված նավատորմի գրավումն էր։ Սակայն, ֆրանսիական նավատորմի հրամանատարները կարողացան բանակցությունների միջոցով կանխել գերմանացիների առաջընթացը։ Նոյեմբերի 27-ին հրամանատարները խորտակեցին ֆրանսիական նավերը, մինչ գերմանացիները կհասցնեին գրավել այն։ Ի շնորհիվ ֆրանսիացի գեներալների՝ մեկ լինքոր, երկու գծային կրեյսերներ, յոթ կրեյսերներ, քսանութ էսկադրային ականակիր և քսան սուզանավեր չհայտնվեցին Երրորդ Ռայխի ձեռքում։ Չնայած, որ գերմանական ռազմածովային շտաբը խիստ անհանգստացած էր անհաջողությամբ, Ադոլֆ Հիտլերը կարծում էր, որ ֆրանսիական նավատորմի խորտակումը վկայում է «Անտոն» ռազմագործողության հաջողության մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Операция «Антон»». diletant.media (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Этот день в истории: 1942 — оккупация Вишистской Франции (операция «Антон»): EADaily». EADaily (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.