Ստեղծագործել է Ուշ Վերածննդի, մաներիզմիցբարոկկոյին անցման ժամանակաշրջանում։ Հեղինակ է «Ճարտարապետության հինգ օրդերների կանոն» (իտալերեն՝ Regola delli cinque ordini di Archi- tettura, Հռոմ, 1562 թ., ռուսերեն թարգմանություն 1939 թ.) դասական տրակտատի, որը մեծ ազդեցություն է ունեցել Եվրոպայում, հատկապես կլասիցիզմի շրջանում։ Աշխատությունում ներկայացված օրդերների համաչափությունները Վինյոլան իր կառույցներում չի կիրառել։ Նա նպատակ է ունեցել ճարտարապետական միալեզվության հիմունքներով նպաստել համաշխարհային կաթոլիկ ճարտարապետության ստեղծմանն ու տարածմանը։ Վինյոլաի նշանավոր կառույցներից են օվալաձև հատակագծով առաջին եկեղեցու շինությունը՝ Սանտ Անդրեա եկեղեցին (1555 թ.), և Իլ Զեզու եկեղեցին (1568 թ.-ից 1584 թվականներին, երկուսն էլ Հռոմում), որը բարոկկոյի բազմաթիվ տաճարների նախատիպն է եղել, և, ըստ Յո. Ստրժիգովսկու, Իտալիայում հայկական գմբեթավոր դահլիճ տիպի օրինակով կառուցված առաջին եկեղեցին է։ Քաղաքաշինական առումով ուշագրավ են Պալացցո Ֆառնեզեն (1558 թ. –ից 1573 թվականներին, մեծաչափ հնգանիստ ծավալի կենտրոնում բոլորաձև բակ է) Կապրարոլայում և Հուլիոս III պապի վիլլան (1550 թվականից 1555 թվականներին) Հռոմում։ Ըստ Պալլադիոյի, Վինյոլան ճարտարապետության դասականությունը վերականգնող մեծագույն վարպետներից է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 455)։