Քամելեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գետնառյուծ

Քամելեոն, մողեսների ընտանիքին պատկանող սողուն է, որն ընդունակ է փոխել իր գույնը։ Այստեղից էլ ծագել է նրա անվանումը (քամելեոնը միստիկ էակ էր, որը կարող էր փոխել իր արտաքին տեսքը)։

Ընդհանուր նկարագիր[խմբագրել]

Այս տեսակի մեծամասնության մարմնի երկարությունը հասնում է 30 սմ-ի, ավելի խոշորները 50-60 սմ են, իսկ ամենափոքրերը՝ 3-5 սմ։ Նրա գլուխը ունի սաղավարտի տեսք և երբեմն զարդարված է լինում փոքրիկ պոզերով։ Նրա ոտքերը երկար են և հարմարված են մագլցելու համար։ Թաթերն ունեն ճանկերի տեսք, որոնք կարող են ամուր բռնել ծառի ճյուղերից։ Պոչը հաստ է հիմքի մոտ և աստիճանաբար նեղանում է։ Այն կարող է ոլորվել դեպի ներքև և կարող է կախվել ճյուղերից։ Քամելեոնները ունեն անսովոր տեսողական օրգաններ։ Նրա աչքը դուրս եկած են և ունեն տեսողական անցք։ Քամելեոնը կարող է միևնույն ժամանակ նայել տարբեր ուղղություններով, ինչը շատ օգտակար է որսի համար։

Որսի ժամանակ քամելեոնները երկար նստում են ծառի ճյուղին։ Այդ ընթացքում նրա մարմինը մնում է անշարժ, իսկ աչքերը անընդհատ շարրժման մեջ են։ Միջատներին նա բռնում է լեզվով, որն ունի կպչուն նյութ իր ծայրին։ Քամելեոնը կարող է ճանաչել և բռնել չորս միջատ երեք վայրկյանում։ Երբ լեզուն «չի աշխատում» այն պահվում է ստորին ծնոտում գտնվող ոսկորի շնորհիվ։ Եթե զոհը լինում է շատ ծանր լեզվով բռնելու համար, նա այն միանգամից բռնում է բերանով։

Գույնի փոփոխություն[խմբագրել]

Շատ հայտնի է քամելեոնների գույնը փոխելու հատկությունը, որը հատւկ է բոլոր տեսակներին։ Գույնի փոփոխությունը կախված է նրանց մաշկի յուրահատուկ կառուցվածքից։ Նրանց մաշկի ներքին շերտում կան հատուկ բջիջներ՝ քրոմատոֆորներ, որոնք իրենց մեջ պարունակում են տարբեր գույնի պիգմենտներ։ Հենց դրանց շնորհիվ էլ քամելեոնը կարողանում է փոխել իր մաշկի գույնը։ Նա կարողանում է փոխել ինչպես իր ամբողջ մարմնի գույնը, այնպես էլ մարմնի մի մասը, որը կարող է ուղեկցվել տարբեր զոլերով կամ պուտերով։ Գույնի փոփոխությունը կարող է լինել ջերմաստիճանի, լույսի, խոնավության փոփոխության արդյունք, կամ սովի, ծարավի, վախի արդյունք։ Այս ֆունկցիայի առավելությունը այն է, որ նրանք կարող են ստանալ միջավայրի գույնը և պատսպարվել։

Տարածում[խմբագրել]

Քամելեոնները հիմնականում տարածված են Աֆրիկայում, հարավային Սահարայում և Մադագասկար կղզում, բայց որոշ տեսակներ հանդիպում են հյուսիսային Աֆրիկայում, հարավային Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, հարավային Հնդկաստանում և Շրի Լանկա կղզում։ Կան նաև ներկայացուցիչներ Հավայան կղզիներում, Կալիֆորնիայում և Ֆլորիդայում։ Քամելեոնները բնակվում են բոլոր տեսակի տրոպիկական անտառներում, սավաննաներում և երբեմն անապատներում։

Էվոլյուցիա[խմբագրել]

Ամենահին գտնված տեսակը հայտնաբերվել է Եվրոպայում (մոտ 26 մլն տարի)։ Չնայած պարզ է, որ քամելեոնները ավելի հին են (մոտ 100 մլն տարի)։ Մնացորդներ են նաև հայտնաբերվել Ասիայում և Աֆրիկայում։ Համարվում է, որ քամելեոնները ավելի տարածված էին, քան հիմա։ Իրենց արմատները գալիս են Մադագասկարից, որը այսօր տուն է այս տեսակի կեսից ավելիի համար։