Փորագրություն (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փորագրությունից)
Փայտե փորագիր դուռ Խոր Վիրապում

Փորագրություն անվանումը կարող է ունենալ հետևյալ կիրառումները․

  • պինդ նյութերի՝ մետաղի, քարի, փայտի, ապակու, լինոլեումի և այլնի մակերեսի վրա հատիչներով և հատուկ այլ գործիքներով պատկերի, զարդապատկերի, մակագրության և այլնի փորագրումը։ Փորագրված գծանկարը լինում է ուռուցիկ կամ խոր։ Փորագրությունը կիրառվում է փորագրանկարների համար տպաձևեր, դաջովի գործվածքների և պաստառների տպամեքենաների գլաններ պատրաստելիս, արձանիկներ հարդարելիս, վիմական արձանագրություններ կազմելիս, կահկարասի, զենք, ոսկերչական կերտվածքներ զարդարելիս։ Ոսկրի փորագրությունը և մետաղի փորագրությունը լայնորեն տարածված են ժողովրդական արվեստում։
  • Փայտագրություն, փայտից, մետաղից, լինոլեումից և այլ պինդ նյութերից տպաձևի վրա փորագրված գծանկարի տպածոն թղթի վրա՝ փորագրանկար։
  • Գրաֆիկայի տեսակ՝ փորագրարվեստ, որ ներառնում է փորագրության բազմազան միջոցներով տպաձևերի մշակումը և դրանցից տպածոներ՝ փորագրանկարներ ստանալը։ Նայած թե տպելիս տպաձևի որ մասերն են պատվում ներկով՝ տարբերակում են ուռուցիկ և խոր փորագրությունները։ Երբեմն փորագրություն է համարվում վիմագրությունը, որի ստեղծումը փորագրման հետ կապված չէ։ Փորագրությունը օգտվում է գրաֆիկական արվեստներին ներհատուկ գեղարվեստական արտահայտչամիջոցներից և կիրառվում գրաֆիկային բնորոշ նպատակներով՝ գրքերի և այլ տպագիր հրատարակությունների պատկերազարդումներ, տպատառեր, ալբոմներ, հաստոցային թերթեր, լուբոկներ, թռուցիկներ, մատենանիշեր և այլն ստեղծելու համար։ Փորագրությամբ կարելի է մեծ թվով նույնարժեք տպածոներ ստանալ։ Ուռուցիկ փորագրությունում «տախտակ»»՝ գծանկարից ազատ բոլոր մասերը խորացվում են 2-5 մմ։ Այդպիյով գծանկարը դառնում է ֆոնից բարձր՝ կազմելով հարթ մակերեսով ռելիեֆ, որի վրա ներկը քսվում է խծուծներով կամ ներկագլանիկով, ապա մամլակով կամ ձեռքով հավասարաչափ սեղմվում թուղթը, արտատպվում պատկերը։ Ուռուցիկ փորագրության տարատեսակներ են փայտագրությունը, չինական ոփորա գրությունը, ինչպես և մինչև 15-րդ դարի վերջը կիրառվող մետաղի վրա ռելիեֆ փորագրելը։ Խորը Փորագրության մեջ գծանկարը մեխանիկական կամ քիմիական միջոցներով խորացվում է մետաղյա թիթեղի վրա, ներկը խծուծներով լցվում է խորացված տեղերը և խոնավ թղթով ծածկված «տախտակ» մալերով անցկացվում տպագրական հաստոցի գլանների միջով։ Խոր փորագրության տարատեսակներն են՝ հատիչափորագրությունը, օֆորտը, «չոր ասեղը», աքվատինտան, կետափորսգրությունը կամ էլ ասեղով, ռուլետով «տախտակի վրա քսված լաքը ըստ գծանկարի ծակռտելով և ապա թթվով խածատելով ստացված կետերի համակցությունը, լավիսը և փափուկ լաքը։ Ինչպես ուռուցիկ, այնպես էլ խոր փորագրությունը կարող է լինել գունավոր, ներկերը խծուծներով քսում են նույն «տախտակի տարբեր մասերին, կամ այլ եղանակով՝ յուրաքանչյուր գույն քսվում է միայն այդ գույնի համար փորագրված մեկ այլ «տախտակի համապատասխան մասին, իսկ պատկերը ստացվում է մեկ թերթի վրա բոլոր «տախտակների տպումից։ Փորագրարվեստի ծագումը կապված է այն արհեստների հետ, որոնցում կիրառվել է փորագրություն։ Փորագրության մասին Չինաստանում հիշատակվում է 6-8-րդ դարերում։ Առաջին փայտագրությունները Եվրոպայում ստեղծվել են 14-15-րդ դարերի սահմանագծում։ Հատիչափորագրությունը ծագել է 1440-ական թվականներին։ 15-րդ դարի գերմանացի անանուն վարպետները և Մ․ Շոնգաուերը կիրառել են նուրբ զուգահեռ նրբագծեր, Իտալիայում Ա․ Պոլլայոլոն և Ա․ Մանտենյան զուգահեռ և խաչաձևվող նրբագծերով ձգտել են ձևերի ծավալայնության, քանդակայնության։ Ալբրեխտ Դյուրերը ավարտին է հասցրել Վերածննդի վարպետների որոնումները։ 16-րդ դարի սկզբին Իտալիայում ծնունդ է առել հատիչափորագրությամբ վերատպությունը, որով վերատպվել են երփնագրեր, դրան հակադրվել են ավելի հուզական, գեղանկարչական օֆորտը և «կյարոսկուրոն»։17-րդ դարում տարածված էին հատիչափորագրությամբ վերատպությունը և օֆորտը։ Գեղանկարչությանը չէր զիջում օֆորտի հոլանդական դպրոցը, որի պսակը դարձավ Ռեմբրանդի ստեղծագործությունը։

Հեղինակային օֆորտը առանձնանում էր գծերի մեղմությամբ, հոսունությամբ, լույսի խաղի նրբությամբ։ Օֆորտով և հատիչով են կատարված Ու․ Հոգարտի երգիծական թերթերը, Ջ․ Բ․ Պիրանեզիի ճարտարապետական հոյակապ կոմպոզիցիաները։ 18-19-րդ դարերի սկզբին Ռուսաստանում փորագրության գրեթե բոլոր տեխնիկաներով տարբեր ժանրերում ստեղծագործել են բազմաթիվ վարպետներ։ 17-18-րդ դարերում ծածկել է ճապոնական փայտագրությունը։ 19-րդ դարի սահմանագծին Ֆ․ Գոյան աքվատինտա-օֆորտների իր նկարաշարերում բացահայտել է փորագրության նոր ուղիներ՝ միավորելով քաղաքական երգիծանքն ու գրեթե փաստական ճշգրտությունը սուբյեկտիվ արտահայտչականության, ողբերգական գրոտեսկի ու անզուսպ երևակայության հետ։ Կենսական համոզչականության ու ֆանտաստիկայի զուգորդումը ներհատուկ է նաև Ու․ Բլեյկի՝ պղնձի վրա ուռուցիկ փորագրությանը։ 19-րդ դարում գերակշռել է վերատպության այսպես կոչված գլխանիստային փայտագրությունը։ Հեղինակային օֆորտի վերածննդի գործում նշանակալի է գեղանկարիչների դերը։ Օֆորտը հրապուրում էր իմպրեսիոնիստական պլենէրը և վայրկենական տպավորությունները հաղորդելու հնարավորությամբ։ 19-20-րդ դարերի սահմանագծում իրենց գործերում սոցիալական ու փիլիսոպայական բովանդակություն ներմուծեցին ինչպես սիմվոլիստները, այնպես էլ դեմոկրատ, ռեալիզմի ներկայացուցիչները։ Ընդհանրացվածությամբ նոր ուղիներ են նշել Պ․ Գոգենի փորագրանկարները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։