Տեկտոնիկան և սեյմոստեկտոնիկան Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արագած լեռը
Արարատ լեռը

Հայկական լեռնաշխարհում տեկտոնիկայի ուսումնասիրությամբ զբաղվել են դեռևս 19-րդ դարի 2-րդ կեսին։ Ա. Ղուկասովը «Հայկական լեռնաշխարհի կառուցվածքի հիմնական գծերը» (ռուսական, 1901) աշխատության մեջ կարևորել է լեռնաշխարհի կառուցվածքային առանձնահատկությունները։ Ֆ. Օսվալդը «Հայկական լեռնաշխարհի տեկտոնական զարգացման շուրջ» (ռուսական, 1916) աշխատության մեջ բացահայտել է Հայկական լեռնաշխարհի խզումներով տարանջատված տարաչափ բեկորների խճանկարային կառուցվածքը և տեղադիրքը խոշոր (Մասիս, Արագած) հակակովկասյան տարածման խզումային խախտումների վրա։

Կովկասի տեկտոնական քարտեզի մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վ. Ռենգարտենը «ԽՍՀՄ երկրաբանությունը» (ռուսական, 1941, հ. 10) աշխատության մեջ Կովկասի հարավային մասում առանձնացնում է Հայկական ծալքավոր զոնան՝ կազմված Արաքսի և Սևան-Ղարաբաղի ենթազոնաներից։ Կ. Պաֆենհոլցը «Հայաստանի և Փոքր Կովկասի հարակից մասերի սեյսմոտեկտոնիկան» (ռուսումնական, 1946) և այլ աշխատություններում առանձնացրել է Վիրահայոց-Գանձակի, ՀՀ ծալքավոր ու Նախիջևանի զոնաները՝ անջատված տարածաշրջանային խզումային խախտումներով։

Տեկտոնական շրջանցման քարտեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակվել են Փոքր Կովկասի տեկտոնական շրջանացման սխեմաներ (Վ. Ռենգարտեն, Կ. Պաֆենհոլց, Լ. Վարդանյանց, Ա. Ասլանյան, Ա. Գաբրիելյան, Ե. Միլանովսկի), առանձնացվել են կառուցվածքաֆորմացիոն համալիրներ, հարկեր, կազմվել են ՀԽՍՀ տեկտոնական քարտեզներ (1։500000 և 1։600000 մասշտաբների), ակնարկային և միջին մասշտաբի հնէատեկտոնական, նորագույն տեկտոնիկայի, սեյսմոտեկտոնիկայի, սեյսմաշրջանացման քարտեզներ։ Հանրապետության երկրաբանները (Ա. Ասլանյան, Ա. Գաբրիելյան, Հ. Սարգսյան, Գ. Սիմոնյան) մասնակցել են Կովկասի տեկտոնական քարտեզի, Եվրասիայի միջազգային տեկտոնական քարտեզի (Ա. Ասլանյան, Ա. Գաբրիելյան), ԽՍՀՄ հարավի նավթագազաբեր մարզերի տեկտոնական քարտեզի (Ա. Գաբրիելյան, Հ. Սարգսյան), ԽՍՀՄ նորագույն տեկտոնիկայի քարտեզի (Ա. Գաբրիելյան) կազմման աշխատանքներին։

Տեսական տեկտոնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսական տեկտոնիկայի բնագավառում Ա. Ասլանյանն առաջարկել է երկրագնդի բևեռների ազատ նուտացիոն տատանումների և դրա մագնիս, դաշտի ծագման վարկած, ստացվել են Երկրի շառավղի նվազման ապացույցներ, մշակվել է երկրագնդի կազմի ու ներքին կառուցվածքի քվանտային մոդելը։ Հայաստանի և շրջակա տարածքների համար կազմվել են ակտիվ խզվածքների և երկրաբանական վտանգավոր երևույթների (սողանքներ, փլուզումներ և այլն) նոր քարտեզներ, մի շարք բնակավայրերի, այդ թվում՝ Երևանի ագլոմերացիայի համար՝ խոշոր մասշտաբների սեյսմաշրջանացման քարտեզներ (Ա. Կարախանյան, Ա. Ավագյան, Ա. Առաքելյան, Հ. Բաղդասարյան և ուրիշներ)։ Մշակվել են ՀՀ սեյսմակայուն շինարարության առաջին ազգային նորմերը, որոնք ընդգրկված են ՀՀ սեյսմիկ գոտիականության նոր քարտեզում (Ա. Կարապետյան, Էդուարդ Խաչիյան, Բ. Կարապետյան, Գ. Սիմոնյան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։