Տատյանա Լապա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Լապա
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1892
ԾննդավայրՌյազան, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 10, 1982(1982-04-10) (89 տարեկան)
Մահվան վայրՏուապսե, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԱմուսինՄիխայիլ Բուլգակով

Տատյանա Նիկոլաևնա Լապա (ռուս.՝ Татьяна Николаевна Лаппа, առաջին ամուսնության ընթացքում՝ Բուլգակովա, երկրորդ պաշտոնական ամուսնության ընթացքում՝ Կիսելգոֆ, նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1892, Ռյազան, Ռուսական կայսրություն - ապրիլի 10, 1982(1982-04-10), Տուապսե, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), գրող և դրամատուրգ Միխայիլ Բուլգակովի առաջին կինը[1]։ «Մորֆին» (ռուս.՝ «Морфий») պատմվածքի հերոսուհի Աննա Կիրիլովնայի հիմնական նախատիպը։ Բուլգակովի մասին թողել է բանավոր հուշեր, որոնք գրի են առել նրա ստեղծագործության մի շարք ուսումնասիրողներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Լապան ծնվել է 1892 թվականի նոյեմբերի 23-ին[2] (նոր տոմարով՝ դեկտեմբերի 5) Ռյազանում։ Հայրը եղել է տոհմական ազնվական, գործող պետական խորհրդական և արքունական պալատի կառավարիչ Նիկոլայ Նիկոլաևիչ Լապան[1]։

Տատյանա Լապան գիմնազիայում սովորելու տարիներին, 1900-ական թվականներ

Հետագայում Տատյանայի ընտանիքը տեղափոխվել է Սարատով։ Բուլգակովի հետ Տատյանան ծանոթացել է 1908 թվականի ամռանը. սարատովցի գիմնազիստուհին մեկնել է Կիև՝ արձակուրդն անցկացնելու իր հորաքրոջ՝ Սոֆյա Նիկոլաևնա Լապայի մոտ։ Տատյանայի հորաքույրը Բուլգակովի մոր հետ աշխատել է Ֆրյոբելյան ինստիտուտում՝ կանանց կրթական հաստատությունում։

Բուլգակովի ու Տատյանա Լապայի ծնողները դեմ են եղել նրանց հարաբերություններին։ 1908 թվականի Սուրբ ծննդին Տատյանային թույլ չեն տվել գնալ Կիև՝ դրա փոխարեն ուղարկելով Մոսկվա՝ տատի մոտ։ Բուլգակովի ընկերը՝ Ալեքսանդր Գդեշինսկին, հեռագիր է ուղարկել. «Հեռագրեք ստելով ժամանում Միշան ինքնասպան է լինում» (ռուս.՝ «Телеграфируйте обманом приезд Миша стреляется»)։ Ըստ Տատյանայի հուշերի՝ «Հայրը ծալել է հեռագիրն ու նամակով ուղարկել քրոջը. Փոխանցիր հեռագիրը քո ընկերուհի Վերային[3]»։

1911 թվականին Տատյանա Լապան, ավարտելով գիմնազիան, սկսում է աշխատել որպես դասարանային վերակացու արհեստագործական ուսումնարանում։ 1912 թվականի օգոստոսին Կիևում ընդունվել է Կանանց բարձրագույն դասընթացների (Ֆրյոբելյան ինստիտուտ) պատմաբանասիրական բաժին։

Սակայն Տատյանան ու Բուլգակովը որոշում են ամուսնանալ, և նրանց ծնողները հաշտվում են դրա հետ։ 1913 թվականի մարտի 30-ին Բուլգակովի մայրը գրել է իր դստերը՝ Նադյային, որը բնակվում էր Մոսկվայում.

Վաղուց եմ պատրաստվում գրել քեզ, բայց ի վիճակի չեմ նամակում շարադրել այն ամբողջ էպոպեան, որ ես վերապրեցի այս ձմեռ. Միշան բոլորովին ուժասպառ է արել ինձ... Արդյունքում ես պետք է նրան թույլ տամ, որ ինքը տանի իր խենթ քայլի բոլոր հետևանքները. ապրիլի 26-ին նախատեսված է նրա հարսանիքը։ Գործերն այնպես են դասավորվել, որ նրանք ամեն դեպքում կպսակադրվեին, միայն թե սկանդալով և հարազատներից բաժանվելով, այդպես ես որոշեցի ամեն ինչ կազմակերպել առանց սկանդալի։ Գնացի հայր Ալեքսանդր Ակեքսադրովիչի մոտ (կարող ես պատկերացնել, թե Միշան Տասյայի հետ ինչպես ինձ ուղարկեցին շուտ գնալ այդ հանդիպման), նրա հետ բացահայտ խոսեցի, և նա ասաց, որ ավելի լավ է, իհարկե, պսակադրել նրանց, որ «Աստված ամեն ինչ կկարգավորի լավագույն ձևով»... Եթե ես կարողանայի հույսալ այդ ամուսնության լավ ավարտի վերաբերյալ, բայց ես, ցավոք, երկու կողմից ոչ մի տվյալ հուսալու համար չեմ տեսնում, և դա ինձ սարսափեցնում է։ Ալեքսանդր Ալեքսանդրովիչն անկեղծորեն կարեկցում էր ինձ, և ես ավելի թեթև զգացի նրա հետ զրույցից հետո... Հետո Միշան եղավ նրա մոտ. նա, իհարկե, փորձել է Միշայի ուշադրությունը դարձնել այդ քայլի ամբողջ լրջության վրա (իսկ Միշայի վրա նրա խոսքեր ոչ մի ազդեցություն չեն ունեցել), Աստծո օրհնությունը հրավիրել այդ գործի վրա․․․[1]

Բուլգակովն ու Տատյանան ամուսնացել են 1913 թվականի ապրիլի 26-ին։ Դեռ ամուսնությունից առաջ Տատյանան հղիացել էր ու աբորտ արել։ Հարսանիքից հետո Տատյանան թողել է ուսումը, իսկ 1916 թվականի ամռանն ամուսնու հետ մեկնել ռազմաճակատ, որտեղ աշխատել է որպես գթության քույր Կամենեց-Պոդոլսկի ու Չեռնովցիի հոսպիտալներում։ 1916 թվականի սեպտեմբերին Լապան մեկնել է Սմոլենսկի նահանգի Սիչյովսկի գավառի Նիկոլսկոե գյուղ[4], որտեղ Բուլգակովն աշխատում էր որպես բժիշկ։ Ամուսնու մորֆինամոլության պատճառով Տատյանան երկրորդ անգամ է աբորտ արել։

1917 թվականի սեպտեմբերին ամուսինները տեղափոխվել են Վյազմա, իսկ 1918 թվականի փետրվարի վերջին վերադարձել են Կիև։ 1919 թվականի աշնանը Տատյանան տեղափոխվել է ամուսնու մոտ՝ Վլադիկավկազ, որտեղ Բուլգակովը ծառայում էր որպես ռազմական բժիշկ Ռուսաստանի հարավի զինված ուժերում։ 1921 թվականի ամռանը ամուսինները տեղափոխվել են Թիֆլիս և Բաթում, որտեղից օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին Տատյանա Լապան շոգենավով մեկնել է Օդեսա, ապա Կիև, որտեղ սեպտեմբերի վերջին միացել է Բուլգակովի հետ։

1924 թվականի ապրիլին Լապան ու Բուլգակովը ամուսնալուծվել են։ Բաժանվելիս Բուլգակովը Տատյանային խնդրել է ոչ ոքի չպատմել այն, ինչ գիտի իր մասին[5]։

Տատյանա Լապան Բուլգակովի հետ անցկացրել է նրա կյանքի ամենածանր տարիները։ Սմոլենսկում նա ամուսնուն փրկել է մորֆինամոլությունից մահանալուց, Վլադիկավկազում 1920 թվականին նրան փրկել է տիֆից, իսկ Մոսկվայում նրա հետ անցկացրել է սովի առաջին տարին։

Ամուսնալուծությունից հետո Տատյանա Լապան փորձել է դառնալ մեքենագրուհի, սովորել է կարել, աշխատել է շինարարությունում որպես բանվոր։ Բուլգակովը ժամանակ առ ժամանակ նյութապես օգնել է նախկին կնոջը։ Պրոֆմիության տոմս ստանալուց հետո Լապան աշխատել է հիվանդանոցի գրանցման բաժնում։

1933 թվականին Լապան հանդիպել է Բուլգակովի նախկին ընկեր Իվան Պավլովիչ Կրեշկովի եղբոր՝ Ալեքսանդր Պովլովիչ Կրեշկովի հետ և 1936 թվականին նրա հետ մեկնել Իրկուտսկի մարզ, որտեղ Կրեշկովն աշխատում էր որպես մանկաբույժ։ Նրանց ամուսնությունը եղել է փաստացի ու չի գրանցվել։

Ըստ Տատյանայի՝ 1940 թվականի մարտին նրանք պատրաստվել են տեղափոխվել Մոսկվա.

Եվ հանկարծ Կրեշկովն ինձ թերթ է ցույց տալիս. Բուլգակովը մահացել է։ Ժամանեցի, եկա Լյոլյայի (գրողի քույրը՝ Ե. Բուլգակովան) մոտ։ Նա ինձ ամեն ինչ պատմեց, և այն, որ նա ինձ է կանչել մահվանից առաջ... Իհարկե, ես կգայի։ Սարսափելի տառապում էի այդ ժամանակ։ Գերեզմանը գնացի։

1945 թվականին Կրեշկովը ռազմաճակատից վերադարձել է այլ կնոջ հետ, և Լապան տեղափոխվել է Խարկով՝ մոր մոտ։ Դրանից հետո նա մեկ տարի սենյակ է վարձել Մոսկվայում և աշխատել որպես գրադարանավար։ Ամուսնացել է Բուլգակովի նախկին ընկերոջ՝ փաստաբան Դավիդ Ալեքսանդրովիչ Կիսելգոֆի հետ և 1947 թվականին նրա հետ մեկնել Տուապսե։

Տատյանա Լապան մահացել է 1982 թվականի ապրիլի 10-ին Տուապսեում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Булгаковская энциклопедия: Лаппа
  2. Իր անձնագրում Տատյանա Լապան ներկայացրել է ծննդյան ուրիշ ամսաթիվ՝ 1896 թվականի դեկտեմբերի 6, որպեսզի համարվի ավելի երիտասարդ (դա նրան կարող էր օգնել աշխատանք փնտրելու ժամանակ)։ Լապան հաշվի չի առել, որ 19-րդ դարում, ի տարբերություն 20-րդ դարի, հուլյան և գրիգորյան տոմարների տարբերությունը կազմել է ոչ թե 13, այլ 12 օր։ Նրա ծննդյան ստույգ ամսաթիվը որոշվել է Բուլգակովի հետ նրա ամուսնության եկեղեցական գրանցման հիման վրա։
  3. Բուլգակովի մայրը՝ Վարվառա Միխայլովնա Բուլգակովան։
  4. Населённый пункт не сохранился
  5. Лидия Яновская Творческий путь Михаила Булгакова. — Москва: Советский писатель, 1983. — С. 46. — 20 000 экз.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Булгаков Михаил Афанасьевич. Письма. Жизнеописание в документах. — М.: Современник, 1989. — ISBN 5-270-00337-6
  • Чудакова М. О. Жизнеописание Михаила Булгакова. — 2-е изд., доп. — М.: Книга, 1988. — ISBN 5-212-00078-5
  • Соколов Б. В. Лаппа, Татьяна Николаевна // Соколов Б. В. Булгаковская энциклопедия. — М.: Локид, Миф, 1998. — С. 253—256. — ISBN 5-320-00143-6.
  • Соколов Б. В. Лаппа, Татьяна Николаевна // Соколов Б. В. Булгаковская энциклопедия. — М.: ЭКСМО, Алгоритм, Око, 2005. — С. 385—390. — ISBN 5-699-12689-9.
  • Соколов Б. В. Лаппа, Татьяна Николаевна // Соколов Б. В. Булгаковская энциклопедия. — М.: ЭКСМО, Алгоритм, Око, 2007. — С. 385—390. — ISBN 978-5-699-22928-4.
  • Лидия Яновская Творческий путь Михаила Булгакова. — Москва: Советский писатель, 1983. — С. 45-48. — 20 000 экз.
  • Лидия Яновская Последняя книга, или Треугольник Воланда. — М: ПРОЗАиК, 2013. — 752 с. -ISBN 978-5-91631-189-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]