Սուր երիկամային անբավարարություն
| Սուր երիկամային անբավարարություն | |
| Դասակարգում և լրացուցիչ տվյալներ | |
| ՀՄԴ-10 | N17 |
|---|---|
| ՀՄԴ-9 | 584 |
| Հիվանդությունների բազա | 11263 |
| MedlinePlus | 000501 |
| eMedicine | med/1595 |
| MeSH | D007675 |
Սուր երիկամային անբավարարություն (ՍԵԱ), երիկամային ֆունկցիայի արագ իջեցումն, որը բնութագրվում է ազոտեմիայով, մետաբոլիկ ացիդոզով, անեմիայով, հիպերտենզիայով: ՍԵԱ-ը կարող է լինել օլիգուրիկ և ոչ օլիգուրիկ:
Բովանդակություն |
Պատճառներ [խմբագրել]
Կախված, թե որ մակարդակում է տեղի ունեցել երիկամների վնասումը տարբերում ենք ՍԵԱ-ի պրեռենալ (նախաերիկամային), ռենալ (երիկամային) և պոստռենալ (հետերիկամային) պատճառներ: I. Պրեռենալ պատճառները առաջացնում են երիկամի արյունամատակարարման իջեցում (հիպոպերֆուզիա): Ամենահիմնական պատճառներն են.
- Գաստրոէնտերիտները - փսխում, լուծ, հեղուկների քիչ ընդունում և այլն
- Մեծ քանակով հեղուկների կորուստը մեզի միջոցով – օսմոտիկ դիուրետիկներ, դիաբեդ, միզամուղների օգտագործում, մակերիկամային անբավարարություն
- Արյան կորուստը – ներքին և արտաքին արյունահոսություններ
- Արտաբջջային հեղուկի տեղաբաշխումը – նեֆրոտիկ սինդրոմ, լյարդային հիվանդություններ, հիպոալբումինեմիա
- Վազոդիլատացիան – սեպսիս, անաֆիլաքսիա
- Կորուստներ մաշկի միջոցով – այրվածքներ, առատ քրտնարտադրություն
- Սրտային դիսֆունկցիա – սրտի բնածին արատներ, կարդիոմիոպաթիա, առիթմիաներ, ձեռքբերովի փականային հիվանդություն, տամպոնադա
- Երիկամային զարկերակի ստենոզ
II. Ռենալ պատճառներ, որոնք բերում են երիկամի պարենխիմայի վնասվածքի, անոթների սպազմի, ներանոթային մակարդման կամ միկրոանգիոպաթիաների հետևանքով: Ամենահաճախ հանդիպող պատճառներն են.
- Սուր գլոմերուլոնեֆրիտները կամ գլոմերուլների (երիկամների ֆիլտրացիոն համակարգը) պոստինֆեկցիոն կամ իմուն միջնորդավորված բորբոքումը: Հիվանդությունները ներառում են ՀԿԳ (համակարգային կարմիր գայլախտ), Վեգեների գրանուլոմատոզ, Գուդպաստչերի հիվանդություն և այլն
- Ներերիկամային անոթային հիվանդություններ – հեմոլիտիկ ուրեմիկ սինդրոմ, վասկուլիտներ
- Նեֆրոտոքսիկ դեղորայքների օգտագործում – ոչ ստերոիդ հակաբորբոքիչներ (իբուպրոֆեն, նապրոքսեն), անտիբիոտիկներ՝ հիմնականում ամինոգլիկոզիդներ (գենտամիցին, տոբրամիցին) լիթիումի պրեպարատները, յոդ պարունակող պրեպարատները, որոնք օգտագործվում են ռադիոլոգիական հետազոտությունների ժամանակ
- Պիգմենտային ախտահարումը – հեմոգլոբինը մասիվ հեմոլիզի ժամանակ (օրինակ անհամատեղելի արյան փոխներարկման դեպքում), միոգլոբուլինը ռաբդոմիոլիզի ժամանակ: Սա մի վիճակ է, երբ տեղի է ունենում մկանների նշանակալի քայքայում և վնասված մկանաթելերը խցանում են երիկամների ֆիլտրացիոն համակարգը: Հանդիպում է տրավմաների քրաշ սինդրոմի (crush sindrom), այրվածքների ժամանակ
III. Պոստռենալ պատճառներ, որոնք ներառում են երիկամներից մեզի արտահոսքի վրա ազդող գործոններ: Լինում են բնածին և ձեռքբերովի • Միզածորանների կամ միզապարկի օբստրուկցիան(խցանում), որը առաջացնում է հետադարձ ճնշում, քանի որ երիկամները շարունակում են միզարտադրությունը, սակայն օբստրուկցիան արգելակում է մեզի հոսքը և մեզը հետ է վերադառնում դեպի երիկամներ: Երբ ճնշումը երիկամներում բավականին մեծանում է,՝ վերջիններս վնասվում են • Շագանակագեղձի հիպերտրոֆիա և ուռուցք • Որովայնի խոռոչում առկա ուռուցքը, որը սեղմում է միզուղիները • Երիկամային քարեր
Ախտանշաններ [խմբագրել]
I. Պրոդրոմալ կամ առաջին փուլում դիտվող սիմպտոմները պայմանավորված են հիմնական հիվանդությամբ, որի ֆոնի վրա զարգացել է ՍԵԱ-ն II. Օլիգոանուրիայի շրջանում երիկամի ֆունկցիայի իջեցմանը զուգահեռ ի հայտ են գալիս հետևյալ սիմպտոմները`
- Արյան մեջ միզանյութի մակարդակի բարձրացումը (ուրեմիա) կարող է ախտահարել մի քանի օրգաններ: Հիվանդների մոտ առաջանում է նողկանք, սրտխառնոց, փսխումներ, հաճախ զարգանում է դիարեա, կարող են դիտվել աղեստամոքսային արյունահոսություններ: Ուղեղի ախտահարումը (էնցեֆալոպաթիա) արտահայտվում է քնկոտությամբ, գիտակցության խանգարումներով՝ արգելակվածությունից ընդհուպ մինչև կոմա, ցնցումներով: Սրտի վրա ազդեցությունը կարող է արտահայտվել ուրեմիկ պերիկարդիտով: Իջնում է մկանների ֆունկցիան կալցիումի մակարդակի իջեցման հետևանքով
- Հիպերկալեմիան արտահայտվում է մկանային թուլությամբ, պարէսթեզիաներով, ԷԿԳ փոփոխություններով՝ մեծ, բարձր T ատամիկ, առիթմիաներով՝ վերփորոքային տախիկարդիա, ֆեբրիլյացիա
- Մետաբոլիկ ացիդոզը կամ օրգանիզմի թթվայնության բարձրացումը կապված բիկարբոնատներ առաջացման իջեցման հետ: Որպես կոմպենսատոր մեխանիզմ ի հայտ է գալիս հևոցը, քանի որ թոքերը որպես բուֆեր բուֆեր փորձում են իջեցնել թթվայնությունը հեռացնելով ածխաթթու գազը
- Անեմիան, որը արտահայտվում է թուլությամբ, հևոցով, գունատությամբ: Կարմիր բջիջների ցանակի իջեցումը կապված հեմոլիզի և էրիթրոպոետինի արտադրության նվազման հետ, բերում է օրգանիզմում O2-ի տարողունակության իջեցմանը, բջիջներին թթվածնի մատակարարման իջեցմանը, որի հետևանքով ակտիվանում է անաէրոբ մետաբոլիզմը որը բերում է թթվային նյութերի հավելյալ կուտակմանը
- Հիպերտենզիան, որը հիմնականում պայմանավորված է օրգանիզմում առկա հավելյալ հեղուկով
III. Միջարտադրության վերականգման շրջանը պայմանականորեն բաժանվում է 2 փուլի
- Միզարտադրության վերականգման սկզբնական փուլ
- Պոլիուրիայի փուլ
Այս շրջանում հիվանդի վիճակի կլինիկական բարելավվումը ակնհայտ չէ: Մեզի քանակի արագ ավելացումը կարող է բերել դեհիդրատացիայի՝ նատրիումի և կալիումի առատ արտազատմամբ: Այս փուլում վտանգավոր են ինֆեկցիոն բարդությունները IV. Առողջացման շրջան: Ամենաերկարատևն է, սկսվում է երբ միզանյութի մակարդակը կարգավորվում է, տևում է 3-6 ամիս, մինչև երիկամների ֆունկցիայի լրիվ վերականգնումը: Որոշակի դեպքերում երիկամների ֆունկցիան վերականգնվում է մասնակիորեն կամ չի վերականգնվում լիովին և ՍԵԱ-ն անցնում է խրոնիկական երիկամային անբավարարության:
Ախտորոշում [խմբագրել]
ՍԵԱ-ը կասկածվում է երբ առկա է միզարտադրության նվազում, արյան մեջ միզանյութի և կրեատինինի մակարդակների բարձրացում: Ախտորոշման ժամանակ անհրաժեշտ է որոշել ՍԵԱ-ի առկայությունը և ձևը, փնտրել պատճառը: Ախտորոշումը հիմնված է I. Անամնեստիկ տվյալների II. Օբյեկտիվ զննման III. Լաբորատոր հետազոտությունների վրա
- Արյան ընդհանուր քննություն
- Արյան բիոքիմիական քննություն
IV. Գլոմերուլյար ֆիլտրացիոն արագության (GFR) որոշումը, որը լինում է իջած ՍԵԱ-ի դեպքում և հանդիսանում է հիմնական ախտորոշիչ թեստը: GFR-ը միավոր ժամանակում երիկամներով անցնող արյան հոսքի արագությունն է, որը հաշվվում է ելնելով կրեատինինի մակարդակից, հիվանդի տարիքից, սեռից V. Մեզի անալիզը ներառում է միկրոսկոպիկ անալիզը, մեզում նատրիումի և կրեատինինի մակարդակի որոշումը VI. Որովայնի օրգանների սոնոգրաֆիան, որի միջոցով որոշվում է երիկամների չափսերը, պարենխիմայի վիճակը, հնարավոր օբստրուկցիայի առկայությունը: Որոշակի դեպքերում կատարվում է երիկամի բիոպսիա:
Բուժում [խմբագրել]
I. Կանխարգելում՝ հատկապես խրոնիկ հիվանդությունների դեպքում: Անհրաժեշտ է վերահսկել զարկերակային ճնշումը հիպերտենզիայի ժամանակ, կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը շաքարային դիաբետի ժամանակ և այլն: Սուր իրավիճակներում՝ հիպովոլեմիա, շոկ, վերականգնել շրջանառող արյան ծավալը: II. Դիետան, որը շատ կարևոր է նման հիվանդների դեպքում: Քանի դեռ երիկամները ի վիճակի չեն հեռացնել ավելցուկային հեղուկը, աղը, կալիումը անհրաժեշտ է սահմանափակել նրանց ընդունումը: Ֆոսֆորը նույնպես կարևոր էլեմենտ է, որը մասնակցում է կալցիումի փոխանակությանը և որի մակարդակը բարձրանում է ՍԵԱ-ի ժամանակ: Մեծ քանակությամբ ֆոսֆոր կալցիումը ոսկրերից դուրս է բերում և կարող է պատճառ դառնալ օստեոպորոզի և կոտրվածքների: Մեծ քանակությամբ ֆոսֆոր պարունակող սննդամթերքներից են կաթը, պանիրը, ընկույզը: III. Դեղորայքները հիմնականում օգտագործվում են որպես սիմպտոմատիկ
- Ֆոսֆոր իջեցնող դեղորայքներ
- Արյան կարմիր բջիջների արտադրությունը խթանողներ – էրիթրոպոետին
- Երկաթի պրեպարատներ
- Հակահիպերտենզիվներ
- Վիտամիններ
- Կալիումի մակարդակը իջեցնող դեղորայքներ
IV. Վերը նշված միջոցառումների անօգտակար լինելու դեպքում անցնում են երիկամների փոխարինիչ թերապիայի (ԵՓԹ): Գոյություն ունի ԵՊԹ-ի 2 ձև՝ էքստրակորպորալ (հեմոդիալիզ, հեմոֆիլտրացիա, հեմոդիաֆիլտրացիա) և ինտրակորպորալ (պերիտոնեալ դիալիզ): Երեխաների մոտ դիալիզի ցուցումներն են.
- Անուրիա 1 օր և ավել տևողությամբ
- Օլիգուրիա, որը ուղեկցվում է զարկերակային հիպերտենզիայով, ԿՆՀ-ի ախտահարումներով, արտահայտված հիպերվոլեմիայով և թոքի այտուցով:
- Հիպերկալեմիան 7 մմոլ/լ-ից ավելի, որը չի ենթարկվում դեղորայքային բուժման
- Կրեատինինի մակարդակի ամենօրյա աճը 120 մկմոլ/օրը և ավելի:
Հեմոդիալիզի իրականացման ժամանակ անհրաժեշտ է կատարել կենտրոնական երակի կատետերիզացիա (v. subclavia, v. jugularis interna, v. femoralis), եթե երիկամային անբավարարությունը զարգացել է սուր ձևով կամ նախատեսվում է, որ հեմոդիալիզը կրելու է ժամանակավոր բնույթ: Հեմոդիալիզի ժամանակ օգտագործվում է ֆիլտրացիոն մի մեխանիզմ՝ կիսաթափանցիկ թաղանթ, որը հեռացնում է մետաբոլիկ(նյութափոխանակային) արգասիքները,ավելցուկային ջուրը, աղերը, կարգավորում է էլեկտրոլիտային հաշվեկշիռը: Արյունը վերցվում է կատետերի միջոցով, հոսում դեպի մեքենան, որտեղ անցնում է ֆիլտրող մեմբրանի կողքով: Հատուկ քիմիական հեղուկը, որը կոչվում է դիալիզատ, անցնում է մեմբրանի մյուս կողմով: Դիալիզատը իր մեջ է քաշում արյան ոչ պետքական և ավելցուկային ինգրեդիենտները: Արյունը և դիալիզատը երբեք չեն շփվում իրար հետ արհեստական երիկամի սարքում: Պերիտոնեալ դիալիզի դեպքում որովայնամիզը (պերիտոնեում) ծառայում է որպես ֆիլտր: Հատուկ կատետեր է տեղադրվում որովայնի խոռոչի մեջ` որովայնի պատի միջով: Դիալիզային հեղուկը կատետերի միջոցով կաթեցվում է որովայնի խոռոչի մեջ, այնտեղ է թողվում մի քանի ժամ, այնուհետև հեռացվում է: Այդ ընթացքում նյութափոխանակության արգասիքները որովայնամզով հոսող արյունից անցնում են դիալիզային հեղուկի մեջ: Որովայնամիզը կատարում է կիսաթափանցիկ թաղանթի դեր: Դիալիզի ձևի ընտրությունը կախված է հիվանդի տարիքից, ՍԵԱ-ի հիմք հանդիսացող հիվանդությունից:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Բժշկական հանրագիտարան-ՍԵԱ (ռուս.)