Սիրիլ Նորման Հինշելվուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հինշելվուդ Սիրիլ Նորման (Hinshelwood) (1897—1967), անգլիացի ֆիզքիմիկոս։

Լոնդոնի թագավորական ընկերության պրեզիդենտ (1955—60)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են շղթայական ռեակցիաների բնագավառին, ուսումնասիրել է դրանց համասեռ կատալիզը և մեխանիզմը։ 1928-ին ջրածնի օքսիդացումը հետազոտելիս հայտնաբերել է բոցավառման վերին սահմանը և բացատրել այդ երևույթը որպես փակ ծավալում մասնիկների եռակի փոխհարվածի դեպքում շղթաների կտրման արդյունք։ Միաժամանակ Ն. Ն. Սեմյոնովի հետ մշակել է շղթայական ռեակցիաների տեսության հիմունքները։ Նա հետազոտել է անօրգանական և օրգանակն նյութերի (օրինակ, կալիումի պերմանգանատի, ալդեհիդների, կետոնների են) քայքայման կինետիկան։ 1938-ից զբաղվել է տարբեր միջավայրերում բակտերիաների աճման պրոբլեմով, հաստատել է, որ միջավայրին բակտերիաների հարմարվողականությունը ինքնաբերաբար կարգավորվում է բջիջների ֆերմենտային հաշվեկշռով։ Հայտնաբերել է բջիջների աճման արագության կախումը շրջապատող միջավայրում ածխաթթու գազի, ամինաթթուների և այլ նյութերի պարունակությունից։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1956, Ն. Ն. Սեմյոնովի հետ)։ ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1958)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png