Ռետինոպաթիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռետինոպաթիա
Բժշկական մասնագիտությունակնաբանություն
 Retinopathies Վիքիպահեստում

Ռետինոպաթիա, աչքի ցանցաթաղանթի ցանկացած վնասում, որը կարող է հանգեցնել տեսողության խանգարման[1]։ Ռետինոպաթիան դասվում է ցանցաթաղանթի անոթային հիվանդությունների շարքին կամ իրենից ներկայացնում է ցանցաթաղանթի վնասում՝ պայմանավորված անկանոն արյունահոսքով[2]։ Դեղին բծի տարիքային դեգեներացիան ներառված է «ռետինոպաթիա» ընդհանուր տերմինի մեջ, սակայն հիմնականում քննարկվում է որպես առանձին հիվանդություն։ Ռետինոպաթիան կամ ցանցենու անոթային հիվանդությունը բաժանվում է երկու հիմնական տեսակի՝ պրոլիֆերատիվ և ոչ պրոլիֆերատիվ։ Հաճախ ռետինոպաթիան հանդիպում է որպես համակարգային հիվանդության ակնային դրսևորում, օրինակ՝ շաքարային դիաբետի և զարկերակային գերճնշման դեպքում[3]։ ԱՄՆ-ում, սկսած 2008թ.-ից, շաքարային դիաբետը համարվում է ռետինոպաթիայի առաջացման ամենատարածված պատճառը[4]։ Դիաբետիկ ռետինոպաթիան հանդիսանում է կուրության հիմնական պատճառը աշխատունակ տարիքում[5]։ Աշխարհում նրան բաժին է ընկնում կուրության շուրջ 5%-ը, այդ իսկ պատճառով ԱՀԿ-ն այն անվանում է աչքի առաջնային հիվանդություն[6]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում հիվանդությունն ընթանում է անախտանիշ։ Հիվանդներն ունենում են ախտանիշներ ուշ փուլերում, երբ վնասումն արդեն անդարձելի է[7]։

Ախտանիշները սովորաբար ցավոտ չեն և կարող են ներառել.

  • Արյունազեղում դեպի ապակենման մարմին
  • Լողացող կամ փոքր առարկաներ, որոնք շարժվում են տեսադաշտում
  • Տեսողության սրության իջեցում
  • «Վարագույրն ընկնում է աչքերին»

Ախտաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռետինոպաթիան լինում է երկու հիմնական տեսակի՝ պրոլիֆերատիվ և ոչ պրոլիֆերատիվ։ Տարբեր մեխանիզմների միջոցով՝ երկուսն էլ առաջացնում են հիվանդություն, փոխելով ցանցաթաղանթի նորմալ արյունահոսքը։ Ցանցաթաղանթի արյունամատակարարումն իրականացվում է ցանցաթաղանթի կենտրոնական զարկերակից սկիզբ առնող մանր անոթների ճյուղերով[8]։ Պրոլիֆերատիվ ռետինոպաթիան առաջացնում է վնասում՝ պայմանավորված արյունատար անոթների անկանոն գերաճով[9]։ Նորմայում, անգիոգենեզն հյուսվածքների աճի և ձևավորման կարևոր մասն է կազմում։ Երբ նկատվում է անգիոգենեզի արագ կամ անբնական բարձր մակարդակ, առաջանում է արյունատար անոթների գերաճ կամ նեովասկուլյարիզացիա։ Ոչ պրոլիֆերատիվ ռետինոպաթիայի դեպքում արյունատար անոթների ուղղակի վնասումն է բերում ցանցաթաղանթի անկանոն արյունահոսքի առաջացման։ Ռետինոպաթիայի մի շարք պատճառներ կարող են բերել թե պրոլիֆերատիվ, թե ոչ պրոլիֆերատիվ տեսակների առաջացման, սակայն սովորաբար գերակշռում է մի տեսակի խանգարումը։

Ոչ պրոլիֆերատիվ ռետինոպաթիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ պրոլիֆերատիվ ռետինոպաթիայի առաջացումը հիմնականում պայմանավորված է ցանցաթաղանթի արյունամատակարարումն ապահովող մանր անոթների ուղղակի վնասմամբ կամ ռեմոդելավորմամբ[8]։ Հիվանդության այլ տարածված պատճառներից են՝ հիպերտոնիկ ռետինոպաթիան, անհասների ռետինոպաթիան, ճառագայթային ռետինոպաթիան, արևային ռետինոպաթիան, ինչպես նաև ռետինոպաթիան՝ պայմանավորված մանգաղաբջջային սակավարյունությամբ։

Գոյություն ունի ոչ պրոլիֆերատիվ ռետինոպաթիայի առաջացման երեք հիմնական մեխանիզմ՝ արյունատար անոթների վնասում կամ ռեմոդելավորում, ցանցաթաղանթի ուղղակի վնասում և արյունատար անոթների խցանում։ Առաջին մեխանիզմի հիմքում ընկած է ցանցաթաղանթի արյունամատակարարմանը մասնակցող անոթների անուղղակի վնասումը։ Օրինակ՝ զարկերակային գերճնշումը հանգեցնում է զարկերակի պատի հաստացման, որը զգալիորեն քչացնում է ցանցաթաղանթ մատակարարվող արյան քանակը[8]։ Արյունահոսքի քչացումը բերում է հյուսվածքային իշեմիայի, որն էլ հետագա վնասման։ Ցանցաթաղանթի արյունամատակարարումը փոքրանում է նաև աթերոսկլերոզի կամ անոթների պնդացման և նեղացման հետևանքով։ Երկրորդ մեխանիզմը ցանցաթաղանթի ուղղակի վնասումն է, որը սովորաբար պայմանավորված է ազատ ռադիկալային ռեակցիաներով, որոնք առաջացնում են բուն ցանցաթաղանթի օքսիդացիոն վնասում[10]։ Ճառագայթային, արևային ռետինոպաթիան և անհասների ռետինոպաթիան նույնպես առաջանում են երկրորդ մեխանիզմով։ Երրորդ, տարածված մեխանիզմն արյունահոսքի խցանումն է։ Այն կարող է պայմանավորված լինել կամ ցանցաթաղանթի անոթային ճյուղերի մեխանիկական արգելքով, կամ զարկերակների նեղացմամբ[2]։ Կրկին վերջնական արդյունքը ցանցաթաղանթի արյունահոսքի փոքրացումն է, որը բերում է հյուսվածքների վնասման։ Մանգաղաբջջային սակավարյունության դեպքում խանգարվում է արյունահոսքը, քանի որ այն բերում է արյան սլաջի կամ թանձրացման, որն էլ քչացնում է արյունահոսքը ցանցաթաղանթային զարկերակներով։ Այլ խանգարումներ, որոնք առաջացնում են գերմածուցիկության համախտանիշ, նույնպես կարող են առաջացնել արյան սլաջ։ Ի վերջո, մակարդուկները կամ ցանցաթաղանթի կենտրոնական զարկերակի թրոմբոզն ուղղակի խցանում են ցանցաթաղանթի արյունահոսքը՝ բերելով բջիջների մահվան։

Պրոլիֆերատիվ ռետինոպաթիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոլիֆերատիվ ռետինոպաթիան հետազոտության ընթացքում

Պրոլիֆերատիվ ռետինոպաթիան առաջանում է ցանցաթաղանթի նորմալ արյունահոսքի փոփոխման պատճառով, որը պայմանավորած է արյունատար անոթների գերաճով կամ նեովասկուլյարիզացիայով։ Ախտաբանորեն գերաճած արյունատար անոթները հաճախ փխրուն են, թույլ և ոչ էֆֆեկտիվ ցանցաթաղանթի հյուսվածքների պերֆուզիայի համար[11]։ Այս թույլ, փխրուն անոթները հաճախ պատռվում են, որը նպաստում է հեղուկի, սպիտակուցների և այլ նյութերի լցմանը ցանցաթաղանթ։ Քանի որ անոթների պատը թույլ է, հաճախակի են արյունահոսությունները։ Պրոլիֆերատիվ ռետինոպաթիան ավելի ռիսկային տեսակ է, քանի որ անոթային արյունազեղումները հաճախ են հանգեցնում տեսողության կորստի և կուրության[12]։ Ոչ պրոլիֆերատիվ ռետինոպաթիային նպաստող որոշ պատճառներ կարող են առաջացնել նաև պրոլիֆերատիվ ռետինոպաթիա, սակայն ավելի ուշ փուլերում։ Անգիոգենեզն ու նեովասկուլյարիզացիան ունեն հակում արտահայտվելու ոչ պրոլիֆերատիվ ռետինոպաթիայի ուշ փուլերում։ Ոչ պրոլիֆերատիվ ռետինոպաթիայի բազմաթիվ տեսակներ հանգեցնում են հյուսվածքային իշեմիայի կամ ցանցաթաղանթի ուղղակի վնասման։ Ի պատասխան, օրգանիզմը փորձում է շատացնել արյունահոսքը դեպի ցանցաթաղանթի վնասված հյուսվածքներ[13]։ Շաքարային դիաբետը, որն առաջացնում է դիաբետիկ ռետինոպաթիա, համարվում է պրոլիֆերատիվ ռետինոպաթիայի առաջացման ամենատարածված պատճառն աշխարհում[14]։

Այլ պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենետիկ մուտացիաները համարվում են որոշ ռետինոպաթիաների առաջացման հազվադեպ հանդիպող պատճառներ և որպես կանոն X-քրոմոսոմ շղթայակցված են, ներառյալ NDP գեների ընտանիքը, որն առաջացնում է Նորրի հիվանդություն, FEVR (ընտանեկան էքսուդատիվ վիտրեոռետինոպաթիա) և Կոտցի հիվանդություն (էքսուդատիվ ռետինիտ)։ Ի հայտ են գալիս ապացույցներ, որ անհասության և դիաբետիկ ռետինոպաթիա ունեցող հիվանդները կարող են ունենալ գենետիկ նախատրամադրվածություն[15][16]։ Վնասվածքը, հատկապես գլխի, և որոշ այլ հիվանդություններ կարող են առաջացնել Պուրտշերի ռետինոպաթիա։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռետինոպաթիան ախտորոշվում է ակնաբույժի կամ օպտոմետրիստի կողմից՝ աչքի զննման ընթացքում։ Ախտորոշում դնելու համար բժիշկը պետք է զննի ակնահատակը՝ ցանցաթաղանթը տեսնելու նպատակով։ Կան ցանցաթաղանթի զննման մի քանի եղանակներ։ Բժիշկը կարող է տեսնել ցանցաթաղանթը՝ լույսի ներքո բիբը դիտելով։ Հիմնականում բժիշկը լայնացնում է բիբը՝ ավելի տեսանելի պատկեր ստանալու համար[17]։ Ռետինոպաթիայի ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում ակնահատակի ստերեոսկոպիկ լուսանկարահանումը։

Խնամքի հնարավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորագույն տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տալիս առաջնային բժշկական օգնություն ցուցաբերող կլինիկաներում, գործիքային հետազոտության միջոցով, կատարել ցանցաթաղանթի տեսապատկերում և անհրաժեշտության դեպքում ստացված տվյալներն էլեկտրոնային տարբերակով ուղարկել նաև այլ մասնագետների՝ զննման նպատակով[18]։ 2009թ.-ին Community Health Center-ն իրականացրեց ցանցաթաղանթի սկրինինգի ծրագիր, որի օգնությամբ շաքարային դիաբետով հիվանդ և ցածր ֆինանսական միջոցներ ունեցող մարդիկ ստացան տարեկան հետազոտության հնարավորություն՝ որակավորված բուժ. հաստատությունում[19]։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռետինոպաթիան հիմնականում երկրորդային ախտահարում է, քանի որ այն հանդիսանում է շաքարային դիաբետի կամ զարկերակային գերճնշման հետևանք։ Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի և զարկերակային արյան ճնշման վերահսկումն օգնում է պակասեցնել ռետինոպաթիայի դեպքերը։

Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերահսկում. եթե որևէ մեկի մոտ ախտորոշված է շաքարային դիաբետ կամ կա դիաբետի առաջացման բարձր ռիսկ, ապա պարտադիր է գլյուկոզայի մակարդակի որոշումն արյան մեջ։ Ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում A1C թեսթը։ Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ A1C-ի մակարադակի իջեցումը կարող է փոքրացնել ռետինոպաթիայի դեպքերի հանդիպման հաճախականությունն ու դանդաղեցնել հիվանդության պրոգրեսիան։ Բարեբախտաբար, գլյուկոզայի մակարդակի վերահսկումն օգտակար է ոչ միայն աչքի համար։ Առաջնային բժշկական օգնություն ցուցաբերող բժիշկը կարող է օգնել հիվանդին մշակել ստրատեգիական քայլեր՝ գլյուկոզայի մակարդակի վերահսկման համար։

Զարկերակային արյան ճնշման վերահսկում. այն նույնպես նպաստում է ռետինոպաթիայի հանդիպման քչացմանն ու պրոգրեսիայի դանդաղեցմանը։ Առաջնային բժշկական օգնություն ցուցաբերող բժիշկը կարող է օգնել հիվանդին մշակել ստրատեգիական քայլեր՝ զարկերակային արյան ճնշման մակարդակի վերահսկման համար։

Այլ եղանակներ. բացի արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ու զարկերակային արյան ճնշումը կարգավորելուց, կան նաև կանխարգելման այլ եղանակներ։ Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող է նվազեցնել ռետինոպաթիայի պրոգրեսիան։ Եթե հիվանդ ունի քնի ապնոէ, ապա ապնոէի բուժումը կարող է կանխարգելել ռետինոպաթիայի առաջացումը։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված առաջացման պատճառից՝ առաջարկված է ռետինոպաթիայի բուժման մի քանի տարբերակ, որոնցից է ցանցաթաղանթի լազերային բուժումը։ Լազերային ֆոտոկոագուլյացիոն թերապիան համարվում է մի շարք ռետինոպաթիաների բուժման ոսկե ստանդարտ։ Փորձը ցույց է տալիս, որ լազերային թերապիան անվտանգ է և բերում է տեսողական ախտանշանների լավացմանը մանգաղաբջջային սակավարյունության և դիաբետիկ ռետինոպաթիայի դեպքում[20][21]։ Վերջին տարիներին կիրառվող թիրախային ուղին խոստումնալից է, քանի որ վերահսկում է անոթների աճը կամ անգիոգենեզը։ Անոթային էնդոթելիալ աճի գործոնն (VEGF) ունի կարևոր կենսական նշանակություն նեովասկուլյարիզացիայի առաջացման գործում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հակա-VEGF (հակամարմիններ աճի գործոնի կապման համար) դեղամիջոցների կիրառումը բերել է գերաճած անոթների մակարդակի իջեցմանը։ Կան ապացույցներ, որոնք հաստատում են հակա-VEGF դեղամիջոցների էֆֆեկտիվ կիրառումը։ Բեվացիզումաբը կամ պեգապտանիբը զուգակցելով լազերային թերապիայի հետ՝ անհասների ռետինոպաթիայի բուժման նպատակով կիրառելիս տալիս են դրական արդյունք[22]։ Ապացույցներն ավելի աղքատ են դիաբետիկ ռետինոպաթիայի բուժման համար կիրառելիս։ Դիաբետիկ ռետինոպաթիայի բուժման ժամանակ հակա-VEGF դեղամիջոցների կիրառումը, համեմատած ստանդարտ լազերային թերապիայի, չի լավացրել արդյունքները[23]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռետինոպաթիայի առաջացման երկու հիմնական տեսակներն են՝ դիաբետիկ ռետինոպաթիան և անհասների ռետինոպաթիան։ Դիաբետիկ ռետինոպաթիան ախտահարում է շուրջ 5 միլիոն մարդու, իսկ անհասների ռետինոպաթիան՝ տարեկան 50 հազար անհաս նորածինների ամբողջ աշխարհում[6][24]։ Գերճնշումային ռետինոպաթիան համարվում է մյուս ամենատարածված պատճառը, որը հանդիպում է մեծահասակ բնակչության 3-14%-ի շրջանում, ովքեր չունեն շաքարային դիաբետ[25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Definition of RETINOPATHY». www.merriam-webster.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  2. 2,0 2,1 Robbins; Coltran (2010). Pathologic Basis of Disease. Philadelphia, PA: Elsevier. էջեր 1616–1617. ISBN 978-1-4160-3121-5.
  3. American Academy of Orgasams (2012). Retina and vitreous (2011–2012 ed.). p. 271. ISBN 9781615251193.
  4. «Diabetic Retinopathy» (PDF). Center for Disease Control. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  5. Cheung, Ning (2010 թ․ հունիսի 26). «Diabetic retinopathy». doi:10.1016/S0140 (inactive 2019 թ․ օգոստոսի 20). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ DOI inactive as of 2019 (link)
  6. 6,0 6,1 «WHO | Priority eye diseases». www.who.int. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  7. «Diabetic retinopathy: Classification and clinical features». www.uptodate.com. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  8. 8,0 8,1 8,2 Carol., Porth; Glenn., Matfin; Carol., Porth (2009 թ․ հունվարի 1). Pathophysiology : concepts of altered health states. Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. էջ 756. ISBN 9780781766166. OCLC 181600926.
  9. «Chapter 10. Retina | Vaughan & Asbury's General Ophthalmology, 18e | AccessMedicine | McGraw-Hill Medical». accessmedicine.mhmedical.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  10. Youseff PN, Sheibani N, Albert DM. Retinal light toxicity. Eye (Lond). 2011; 25(1):1–14.
  11. «Use of the Hand-Held Ophthalmoscope | Harrison's Principles of Internal Medicine, 19e | AccessMedicine | McGraw-Hill Medical». accessmedicine.mhmedical.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
  12. «Chapter 52. Atherothrombosis: Disease Burden, Activity, and Vulnerability | Hurst's The Heart, 13e | AccessMedicine | McGraw-Hill Medical». accessmedicine.mhmedical.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
  13. «Chapter 10. Retina | Vaughan & Asbury's General Ophthalmology, 18e | AccessMedicine | McGraw-Hill Medical». accessmedicine.mhmedical.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  14. «Diabetic Retinopathy | National Eye Institute». nei.nih.gov (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  15. Hartnett, Mary Elizabeth; Cotten, C. Michael (2015). «Genomics in the neonatal nursery: Focus on ROP». Seminars in Perinatology. 39 (8): 604–610. doi:10.1053/j.semperi.2015.09.007. PMC 4644692. PMID 26477493.
  16. Zhang, Yun; Xia, Wei; Lu, Ping; Yuan, Huijuan (2016 թ․ նոյեմբերի 6). «The Association between VDR Gene Polymorphisms and Diabetic Retinopathy Susceptibility: A Systematic Review and Meta-Analysis». BioMed Research International (անգլերեն). 2016: 5305282. doi:10.1155/2016/5305282. ISSN 2314-6133. PMC 5116338. PMID 27891515.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  17. «Diabetic retinopathy: Screening». www.uptodate.com. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  18. «Remote Retinal Screening Facilitates Diagnosis and Treatment of Retinopathy for Poor and/or Uninsured Patients With Diabetes in Rural California». Agency for Healthcare Research and Quality. 2013 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  19. «Telemedicine-Based Eye Examinations Enhance Access, Reduce Costs, and Increase Satisfaction for Low-Income and Minority Patients with Diabetes». Agency for Healthcare Research and Quality. 2013 թ․ հուլիսի 17. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  20. Evans, J. R.; Michelessi, M.; Virgili, G. (2014). «Laser photocoagulation for proliferative diabetic retinopathy | Cochrane». The Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն) (11): CD011234. doi:10.1002/14651858.CD011234.pub2. PMID 25420029.
  21. Myint, K. T.; Sahoo, S.; Thein, A. W.; Moe, S.; Ni, H. (2015). «Laser therapy for retinopathy in sickle cell disease | Cochrane». The Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն) (10): CD010790. doi:10.1002/14651858.CD010790.pub2. PMID 26451693.
  22. Sankar, M. J.; Sankar, J.; Mehta, M.; Bhat, V.; Srinivasan, R. (2016). «Anti-vascular endothelial growth factor (VEGF) drugs for treatment of retinopathy of prematurity | Cochrane». The Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն). 2: CD009734. doi:10.1002/14651858.CD009734.pub2. PMID 26932750.
  23. Martinez-Zapata, M. J.; Martí-Carvajal, A. J.; Solà, I.; Pijoán, J. I.; Buil-Calvo, J. A.; Cordero, J. A.; Evans, J. R. (2014). «Injections of anti-vascular endothelial growth factor for advanced diabetic retinopathy | Cochrane». The Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն) (11): CD008721. doi:10.1002/14651858.CD008721.pub2. PMID 25418485.
  24. «Retinopathy of Prematurity – Europe». American Academy of Ophthalmology. 2013 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  25. «Retinal Physician -». www.retinalphysician.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.