Ջարդերը Հայաստանում (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջարդերը Հայաստանումից)
Ջարդերը Հայաստանում
ՀեղինակՖայեզ Ղոսեյն
Տեսակգրավոր աշխատություն
Բնօրինակ լեզուարաբերեն
Էջեր56
Հրատարակման տարեթիվ1917

Ջարդերը Հայաստանում (անգլ.՝ Martyred Armenia), Ֆայեզ Ղոսեյնի 1918 թվականին Նյու Յորքում հրատարակած գիրքն է։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆայեզ Ալ-Ղուսեյնն իր «Ջարդերը Հայաստանում» (Ականատեսի վկայություններ) գրքի նախաբանում ընդգծել է, որ իր բոլոր պատմություններն առավել քան հավաստի են։ Դա միայն մի փոքր մասն է այն բոլոր գազանությունների, որոնք իրագործել են թուրքերը հայ ազգի նկատմամբ։ Ֆայեզ Ալ-Ղուսեյնն անդրադարձել է թուրքական կառավարության ծրագրին, հայերի տեղահանության մանրամասներին։ Նա փորձել է իր փաստացի պատմություններով մերժել այն բոլոր մեղադրանքները, որոնք կարող էին ուղղվել իսլամի դեմ և հայերի հանդեպ կատարվածի միակ մեղավոր հայտարարել իշխող թուրքական կառավարությունը։ Առանձին ներկայացվել են նաև դեպքերի մասին թուրքերի տված մեկնաբանությունները։ Ալ-Ղուսեյնը զանգվածային ջարդարարների մեջ առանձնացնում է օսմանյան այն պաշտոնյաներին, ովքեր հրաժարվել են կատարել կառավարության հրահանգները և նշել, որ նրանք, որպես կանոն, թուրքեր չեն եղել։ Առանձին անդրադարձ է կատարվել սիրիական անապատներում հայերին ոչնչացնելու գործընթացում քրդերի ունեցած դերին, Գերմանիայի ունեցած մեղսակցությանը։

Անդրադարձել է Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորներ Վարդգեսի և Գրիգոր Զոհրապի աքսորին, նրանց սպանություններին։ Առանձին ենթագլխում ներկայացրել հայկական հոգևոր մշակությային արժեքների ոչնչացման թուրքական դրսևումները։ Վերջում զետեղված են հայ ժողովրդի ունեցած մարդկային և նյութական կորուստների վերաբերյալ վիճակագրական տվյալներ[1]։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաեզ Ալ-Ղուսեյն (1883-1968). Սիրիայի Հաուրանի շրջանի արաբական Սուլութ ցեղի ներկայացուցիչ։ Սովորել է Ստամբուլի ցեղապետերի համար գործող հատուկ դպրոցում։ Երեք տարի Խարբերդում զբաղեցրել է կայմակամի պաշտոնը, որը նրան հնարավորություն է տվել մանրամասն ծանոթանալ դեպքերին ու ակամայից ականատես լինել հայերի դժբախտությանը։ 1915 թվականին հրաման է ստացել մեկնել Էրզրում, սակայն Դիարբեքիրում մեկուկես ամիս ձերբակալված է եղել։ Բանտում, հետագայում նաև քաղաքում ապրելով նա գրի է առել ականատեսի իր վկայությունները։

Քաղվածքներ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժբախտ և հերոս հայ ազգը, որն աշխարհին զարմացրել է իր արիությամբ և քաջությամբ, որը տակավին երեկ Օսմանյան կայսրության մեջ ապրող բոլոր ազգերից ամենաաշխույժն էր և առաջադեմը, այսօր նրա անցյալից միայն հիշողություններ են մնացել։
Հայերին ֆիզիկապես ոչնչացնելուց հետո թուրքերը հավաքեցին նրանց ունեցվածքը` վաճառելու և յուրացնելու նպատակով։ Մի օր եկեղեցի գնացի ու մի տեսարանի ականատես եղա. տեսարան, որից պետք է խուսափած լինեի։ Տեսա, թե ինչպես են թուրքերը հայկական եկեղեցիների գմբեթներից իջեցնում խաչերը։ Եկեղեցիները պահեստների կամ վաճառման սրահների էին վերածվել։ Ամենից արժեքավոր գրքերը նպարավաճառներին էին ծառայում` խանութներում ապրանքներ փաթեթավորելու համար։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքն առաջին անգամ ֆրանսերենով լույս է տեսել 1917 թ. Բոմբեյում, թարգմանվել և տպագրվել է անգլերեն /Լոնդոն, 1918 թ./, որոշ հավելումներով գերմաներեն /Ցյուրիխ, 1918 թ./, 1922 թ. վերահրատարակվել է Պոտսդամում։ Գիրքը թարգմանվել է նաև հայերեն /Նոր Ջուղա, 1920 թ./, վերահրատարակվել Կահիրեում 1960 թ.։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fa’iz El-Ghusein, Martyred Armenia, NY, 1918, 52 p.