Պահպանվող բույսեր և կենդանիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պահպանվող բույսեր և կենդանիներ, տեսակներ կամ խմբեր, որոնց հայթայթումն ու որսը լրիվ արգելված կամ սահմանափակված է։ Նպատակն է պահպանել գենոֆոնդը և անհետացող տեսակները, վերականգնել հազվագյուտ կենդանիների և բույսերի քանակը։ Վերջին 150 տարում, մարդու տնտեսական գործունեության հետևանքով (անսահմանափակ որս, անտառահատում, նոր հողերի յուրացում և այլն), երկրագնդի վրա անհետացել են շուրջ 110 տեսակ կաթնասուն (այդ թվում քարայծը, տարպանը, զեբրերի ու այծքաղների որոշ տեսակներ և այլն) և թռչուն (դրոնտը, թևատ թանձրահավը, կարոլինյան թութակը, սև էմոն, ակնոցավոր ջրագռավը և այլն), հազվադեպ են հանդիպում նաև որոշ բույսեր։

Կենդանիներին և բույսերին պահպանության վերցնելիս հաշվի է առնվում տվյալ տեսակի գլխաքանակի վիճակը, քանակը ամբողջ արեալում (ժամանակավոր և անժամկետ ընդհանուր արգելակումներ) կամ դրա որևէ հատվածում (տեղական արգելակումներ)։

Հայաստանում համապատասխանաբար․ բույսերից՝ ցորեն ուրարտական, աշորա վավիլովի, արոսենի հայկական, կաթնուկ Թախտաջյանի, շորան Թամամշյանի, թանթրվենի Տիգրանի, գազ Սևանի, գազ Գյունիի, գազ Վեդու, վառվռուկ հայկական և այլն։ Կենդանիներից՝ լայնականջ ոզնին, չղջիկների շատ տեսակներ, մացառախոզը, գորշ արջը, ընձառյուծը, բեզոարյան այծը, մուֆլոնը, կովկասյան մկնիկը, անտառակատուն, ջրասամույրը և այլն, թռչուններից՝ մեծ և փոքր ձկնկուլները, քաջահավը, մոխրագույն սագը, խայտաբղետ և մոխրագույն բադերը, բազեների տարբեր տեսակները, կռունկները, կտցարը, հայկական արծաթափայլ որորը, հայկական մեծ ժայռասիտեղը, իրանական սովորական ճոճահավը, միջերկրածովային երաշտահավը և այլն, ձկներից՝ ձմեռային բախտակը, Սևանի բեղլուն և այլն։

Շատ երկրներում կենդանիներին ու բույսերին պահպանության են վերցնում ըստ կառավարության որոշումների։ ԱՄՆ-ում առանձին տեսակների (օրինակ, քարարծիվը, սպիտակագլուխ ծովարծիվը ևն) պահպանության համար կոնգրեսը ընդունել է մի շարք ակտեր։ Որոշ տեսակ ների պահպանության համար երբեմն պահանջվում է մի քանի երկրների միջև համաձայնությունների հաստատում։ Այդ կապակցությամբ կնքվում են միջազգային համաձայնագրեր (օրինակ, ֆաունայի և ֆլորայի անհետացման ենթակա վայրի տեսակների միջազգային առևտրի մասին Վաշինգտոնի 1973 թվականի կոնվենցիան)։ Պահպանվող բույսեր և կենդանիների պաշարների պահպանության և բազմացման համար հաստատվում են հատուկ եղանակներ, որսի ու հայթայթման ժամկետներ և վճարումների ձևեր (լիցենզիա և այլն), ստեղծվում արգելավայրեր, արգելանոցներ, դենդրոպարկերում, բուսաբանական այգիներում, կենդանաբանական այգիներում դրանց մշակման ու բուծման հնարավորություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։