Որոտնաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Vorotnaberd3.jpg

Որոտնաբերդը գտնվում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկ գավառում (այժմ՝ Սյունիքի մարզի Որոտան (Ուռուտ) գյուղի մոտ), Որոտան գետի աջափնյա լեռնաբազուկի վրա։ Գտնվում է Սիսիան քաղաքից 20 կմ արևելք:

Պատմություն[խմբագրել]

Եղիշեն (V դ. պատմիչ) Որոտնաբերդը հիշատակում է պարսկական բռնակալներից 450 թվականին Վարդանանց ազատագրած բերդերի ու ավանների թվում։ Ստեփանոս Օրբելյանը (XIIIդ.) Որոտնաբերդը դասել է Սյունիքի նշանավոր բերդերի շարքը, որը 1075-1094 թթվականին պատկանել է Սյունյաց (Կապանի) թագավոր Սենեքերիմ Ա-ին։ 1104 թվականին Որոտնաբերդը գրավել են սելջուկ թուրքերը, 1219 թվականին Իվանե Զաքարյանը ազատագրելով այն հանձնել է Լիպարիտ Օրբելյանին։ 1386թվականին Լենկթեմուրի հորդաները ասպատակելով Սյունիքը, գրավել են նաև Որոտնաբերդը, որտեղ ամրացած Բուրթել և Սմբատ Օրբելյան իշխաններին գերեվարել են Սամարղանդ (որոշ ժամանակ անց նրանք վերադարձել և կրկին տիրել են հայրենի բերդը)։ 1407 թվականին Սմբատ իշխանից բերդը գրավել է Կարա-Յուսուֆ թեմուրյան բռնակալը։ 1724 թվականին ուրացած Մելիք Բաղրից Որոտնաբերդը ազատագրել է Դավիթ Բեկը։

Մելիք-Թանգու միաթռիչք կամարակապ կամուրջ (1855)

Որոտնաբերդը այժմ ավերակ է։ Ունի հյուսիս-արևմուտք-հարավ-արևելք ձգվածությամբ թամբի ձև։ Երեք կողմից երիզված է Որոտան գետի անդնդախոր կիրճով, պարսպապատված է եղել միայն հարավ-արևմուտքից (պահպանվել են երկշարք պարսպապատերի մնացորդները)։ Հարավ-արևելքում, ընդհանուր տարածքից մոտ 50մ բարձր (նույնպես երեք կողմից շրջապատված գահավեժ ժայռերով), միջնաբերդն է։ Վերջինիս հյուսիս-արևմուտքում կառուցված է կրաշաղախով և բազալտե խոշոր կիսամշակ քարերով երկտակ պարիսպը, որի հարավ-արևմուտքում եղել է բերդի հետ կապող կամարակապ դարպասը։ Միջնաբերդի արևելյան մասում կան կիսաշրջանաձև պատով դիտաշտարակի, մատուռի մնացորդներ։ Այստեղ է գտնվել Որոտան գետը տանող գետնուղու գլխամասը։ Ինչպես միջնաբերդի, այնպես էլ բերդի ողջ տարածքը ծածկված է ճեղքված բազալտից, առանց շաղախի կառուցված ուղղանկյուն կամ կլորավուն ոչ մեծ չափերի կացարանների պատերով։ Ուշագրավ են բերդի հարավ-արևմտյան մասում գտնվող գույգ քառակող կոթողների ստորին մասի մնացորդները (ավելի քան 2մ բարձրությամբ)։

Որոտնաբերդից 3կմ հյուսիս-արևմուտք Որոտնավանքն է, իսկ արևելյան մասում, միջնաբերդի զառիթափի ստորոտին, Որոտան գետի վրա՝ Մելիք-Թանգու կառուցած միաթռիչք կամարակապ կամուրջը (1855 թ.)[1]։

Պատկերասրահ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]