Շառլ Դիդլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլ Դիդլո
ֆր.՝ Charles-Louis Didelot
Դիմանկար
Ծնվել էմարտի 27, 1767(1767-03-27)[1]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
Մահացել էնոյեմբերի 7, 1837(1837-11-07)[2] (70 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Շվեդիա
ԵրկերԶեֆիր և Ֆլորա (բալետ)
Մասնագիտությունբալետի պարող, պարուսույց, պարող և բալետմայստեր
ԱշխատավայրՄեծ թատրոն
ԱմուսինRose Didelot?
 Charles Didelot Վիքիպահեստում

Շառլ Լուի Դիդլո (ֆր.՝  Charles-Louis Frédéric Didelot, մարտի 27, 1767(1767-03-27)[1], Ստոկհոլմ, Շվեդիա - նոյեմբերի 7, 1837(1837-11-07)[2], Կիև, Ռուսական կայսրություն), բալետի արտիստ և բալետմայստեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ Լուի Դիդլոն ծնվել է Ստոկհոլմում, շվեդական թագավորական օպերայի թատրոնում աշխատող ֆրանսիացի պարողների ընտանիքում։ Հայրը եղել է մանկական դասարանում դասավանդող պարի ուսուցիչ, հենց ինքն էլ դարձել է իր որդու առաջին ուսուցիչը[3]։ Այնուհետև նրան սկսել է ուսուցանել Լուի Ֆրոսարը. վերջինս անմիջապես նկատել է տաղանդավոր տղային և նրան ոչ շատ մեծ դեր է տվել Օպերայի թատրոնի բեմում։ Առաջին իսկ դեբյուտը հաջող է եղել, և շուտով փոքրիկ պարողին նկատել է Գուստավ III արքան և նրան ուղարկել է հետագա ուսման` այդպիսով մեծ դեր է ունենալով նրա բալետային կենսագրության մեջ։ 1776 թվականից Դիդլոն սովորել է Փարիզում` Ժան Դոբերվալի[4][5][6] և Ժ. Լանիի մոտ, հետագայում սովորել է «Օպերայի արվեստանոց» դպրոցում` Ժ. Դեգեի[7] մոտ և աշխատել է Փարիզի մի քանի թատրոններում։ Վ. Գրեկովը իր Կենսագրական մեծ հանրագիտարանում պատմում է նրա մանկության մասին.

Ֆրոսարը մի բալետում նրան բեմ է բարձրացրել Ամուրի դերում. Դիդլոն այնպես փայլուն է կարողացել կատարել այդ դերը, որ Ֆրոսարը դրանից հետո բոլոր փոքր դերերը բալետներում տալիս էր միայն Դիդլոյին։ Արքա Գուստավ III-ը, որը հետաքրքրված էր թատրոնով, նկատել է Դիդլոյի արտասովոր շնորհը և նրան ուղարկել է Փարիզ` կատարելագործվելու, որտեղ նա ընդունվել է դպրոց, որն այդ ժամանակ կոչվում էր «Մեծ օպերայի խանութ», իսկ հետագայում անվանվել է Կոնսերվատորիա։ Այդ դպրոցում լինելու ժամանակաշրջանում Դիդլոն բազմիցս ելույթ է ունեցել Մեծ օպերայի բալետներում` խաղալով մանկական դերեր։ Ուդինո թատրոնում ոչ շատ երկար մնալուց հետո, որտեղ նա աշխատանքի էր հրավիրվել տարեկան 600 ֆրանկ աշխատավարձով, նա կրկին վերադառնում է «Մեծ Օպերայի խանութ», որտեղ օգտվում էր լավագույն պարի և երգի ուսուցիչների դասերից և հնարավորություն ուներ տեսնելու ֆրանսիական բեմի հայտնի արտիստներին։ Մոտավորապես այդ նույն ժամանակ, երբ Գուստավ III-ի ժամանման պատվին Փարիզում տոնակատարություն էր կազմակերպվել, Դիդլոյին ներկայացրել են արքային, և վերջինս ցանկություն է հայտնել, որ Դիդլոն վերադառնա Շվեդիա։

1786 թվականին Դիդլոն վերադարձել է Ստոկհոլմ, որտեղ նշանակվել է որպես կիսաբնորոշ պարի առաջատար պարող և ինքնուրույն բեմադրել է մի քանի դիվերտիսմենտներ, որով կրկին արժանացել է արքայի դրական վերաբերմունքին, և Գուստավը կրկին ուղարկել է նրան կատարելագործվելու Փարիզում։ Եվ արդեն հաջորդ տարում` 1787 թվականին, Դիդլոն լքել է Շվեդիան և գնացել է Փարիզ` Օ. Վեստրիսի մոտ պարապմունքների։ Երիտասարդ արտիստին ուշադրություն էին դարձնում բալետի հայտնի վարպետները (Ժ. Նովեր, Ժ. Դոբերվալ, Մարի Մադլեն Գիմար) և սկսել էին օգնել նրա առաջխաղացմանը։ Փարիզում նրա երեք դեբյուտներում Գիմարն ինքը որպես խաղընկեր հանդես է եկել Դիդլոյի հետ։ Նա նաև հնարավորություն է ունեցել հանդես գալ իր կնոջ` բալետի պարուհի Ռոզի հետ Բորդոյի, Փարիզի, Լոնդոնի, Լիոնի թատերական հարթակներում։ Երիտասարդ արտիստին մեծ աջակցություն է ցուցաբերել Ժ. Նովերը, որի թատերախմբում նա աշխատել է Լոնդոնում։ Եվ արդեն թատերական շրջանի վերջին` 1787 թվականին, նա բեմադրել է պարեր կոմպոզիտոր Գրետրիի օպերայի համար, ըստ Մարմոնտելի «Զեմիրա և Ազոր» լիբրետոյի, որը ցուցադրվել է թատերական շրջանի փակման ժամանակ Լոնդոնի թագավորական թատրոնում։ Կատարողները եղել են հենց ինքը և նրա կինը` Ռոզ Դիդլոն[7], իր հետագա աշխատանքներում Դիդլոն պետք է զարգացներ Գեղեցկուհու և Հրեշի թեման։ Հենց այնտեղ, Լոնդոնում, Դիդլոն 1788 թվականին բեմադրել է իր առաջին` «Ռիչարդ առյուծասիրտ» բալետային ներկայացումը, երաժշտությունը` ըստ Է. Գրետրիի։ 1791 թվականին նա ընդունվել է Փարիզի օպերայի թատերախումբ։ Սակայն յակոբինների ջախջախումից հետո Դիդլոն ստիպված է եղել մեկնել Լիոն, այնուհետև` Լոնդոն[8]։ Մի քանի տարվա ընթացքում նա բեմադրել է ևս մի քանի բալետ, այդ թվում նաև` «Կերպարանափոխություն» («Lа métamorphose»` 1795 թվական` Լիոն, երաժշտությունը ըստ Կավոսի, հիմք է հանդիսացել «Զեֆիր և Ֆլորա» բալետը, որը հետագայում ներկայացրել են տարբեր անուններով` «Զեֆիր և Ֆլորա», «Ֆլորա և Զեֆիր», «Թեթևամիտ Զեֆիր` պատժված և զսպված, կամ Ֆլորայի հարսանիքը»։ Լիոնում բեմի փոքր լինելու և վատ տեխնիկայի պատճառով ամբողջությամբ բեմադրել այդ ներկայացումը նրան այդպես էլ չի հաջողվել, և նա 1796 թվականին բեմադրությունը տեղափոխել է Լոնդոն), «Երջանիկ նավաբեկություն, կամ շոտլանդացի վհուկները» (Երաժշտությունը` ըստ Չ. Բոսսիի, 1796 թվական), «Ացիս և Գալաթեա» (երաժշտությունը` ըստ Բոսսիի, 1797 թվական)։ 1801 թվականի մայիսին Լոնդոնի թագավորական թատրոնի բեմում նա բեմադրել է «Կեն-զի և Տաո» բալետը` ըստ Չ. Բոսսիի երաժշտության, հայտնի Գեղեցկուհին և Հրեշը բալետի մոտիվներով, որտեղ հենց ինքը կատարել է փոքր մնջախաղ Խանի դերում։

1801 թվականի ամռանը Պետերբուրգի կայսերական թատրոնի տնօրեն Ն. Յուսուպովը հրավիրել է Շառլ Դիդլոյին ղեկավարելու Ռուսաստանի կայսերական թատրոնների Պետերբուրգի բալետային խումբը, նույն թվականի սեպտեմբերին Դիդլոն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Պետերբուրգ։ Իսկ 1802 թվականի ապրիլին Մեծ քարե թատրոնի բեմում «Ապոլոն և Դափնե» բալետով տեղի է ունեցել նրա դեբյուտը, այնուհետև դրան հաջորդել են մի խումբ կասկադային բալետային ներկայացումներ` «Ֆավն և Համադրիաս», «Զեֆիր և Ֆլորա» (փոխված և ուղղված ծրագրով), «Ռոլանդ և Մորգանա», «Ամուր և Պսիքե», «Լաուրա և Հենրիխ»։ Բացի դրանից այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի ցանկությամբ Դիդլոն բազմիցս Պավլովսկում և Սմոլնի մենաստանում կազմակերպել է տոնակատարություններ։

Ռուսաստանում Դիդլոն մեծ լիազորությունն է ստացել։ Պետերբուրգյան բալետի թատերախումբը նրա ստեղծագործական ղեկավարության տակ էր։ Նա մի ամբողջ հեղաշրջում է կատարել ժամանակակից խորեոգրաֆիայի մեջ և նոր պաշտոնում առաջին գործը եղել է բարեփոխումներ իրականացնելը. պարզեցրել է պարողների ծանր «համազգեստը», մինչ այդ ժամանակները պարտադիր համարվող կեղծամները, շինյոնները, կաֆտանները, ճարմանդով կոշիկները և այլն և առաջ է բերել կիպ տրիկոներ և տունիկաներ։ Քաշով թեթև պարողները կարող էին կատարելագործել սեփական կատարման եղանակը, որին Դիդլոն մեծ ուշադրություն էր դարձնում։ Բեմադրության համար առավել բնորոշ էին դարձել թռիչքները։ Հետագայում նրա «թռիչքների համակարգը» մշակել և զարգացրել են թատերական մեքենագիրները։ Բալետի տեսաբան և բալետային քննադատ Յու. Բախրուշինը նշում է. «Ի տարբերություն տեխնիկապես պարզամիտ և անհատական նախկին թռիչքների, բալետմայստերն իրականացնում էր խմբային պարային թռիչքներ»։ Դիդլոն զգալիորեն կատարելագործել է կորդեբալետը` ընդլայնելով կորդեբալետի պարողների հնարավորությունների սահմանները։

1804 թվականից ղեկավարել է Պետերբուրգի թատերական դպրոցը։ 1811 թվականին Նապոլեոնի հետ պատերազմից հետո Դիդլոն հեռացվել է թատրոնից և լքել Ռուսաստանը, ընդ որում, Պետերբուրգից Լյուբեկ գնալիս վթարի է ենթարկվել, դժվարությամբ փրկվել է, սակայն կորցրել է իր բոլոր բալետների ծրագրերը և դրանց երաժշտությունները[3]։ Այնուամենայնիվ, հասնելով Լոնդոն, նա հաջող շարունակել է աշխատանքն այնտեղ, հեռու պատերազմից, քանի որ Նապոլեոնը ուղևորվել էր նվաճելու Եվրոպայի խորքերը։ Լոնդոնում Դիդլոն մեծ հաջողությամբ բեմադրել է «Փայտե ոտք», «Զեֆիր և Ֆլորա» (նոր երաժշտությամբ) և «Ալինա, Գոլկոնդի թագուհին» բալետները։ Սակայն երբ պատերազմն արդեն անցյալում էր, Դիդլոն կրկին Պետերբուրգ վերադառնալու և նույն պաշտոնը զբաղեցնելու հրավեր է ստանում։ Պետերբուրգի ճանապարհին նա հայտնվել է Փարիզում, որտեղ 1815 թվականին Մեծ թատրոնի բեմում կրկնել է իր «Զեֆիր և Ֆլորա» բալետը, բայց արդեն` ըստ Ֆ. Վենյուայի երաժշտության. Լուի XVIII-ը, տեսնելով բեմադրությունը, անձամբ է արտահայտել իր հիացմունքը խորեոգրաֆին[3]։

1816 թվականին Դիդլոն վերջապես նորից հասնել է Պետերբուրգ, իսկ 1818 թվականին բեմադրել է նոր բալետային «Ացիզ և Գալաթեա» ներկայացումը, որին հաջորդել են մյուսները։ 1819 թվականին Մեծ քարե թատրոնում ցուցադրվել է «Հենզի և Տաո, կամ Գեղեցկուհին և Հրեշը» բալետը, երաժշտությունը` ըստ Անտոնոլինիի։ Այդ սյուժեն Դիդլոն 1801 թվականին Լոնդոնում արդեն օգտագործել էր, սակայն նոր բեմադրությունը այնքան էր վերափոխվել և ձևափոխվել, որ հին լոնդոնյան աշխատանքից, բացի անվանումից և սյուժետային գծից ընդհանուր ոչինչ չկար։ Գլխավոր մոտիվը դարձել էր բարոյական տեսանկյունը։ Արքայազն Տաոն, վերածվելով հրեշի, պատժվել էր իր չարագործությունների համար, իսկ գեղեցկուհի Հենզայի սերը վերածնում է նրան որպես բարեգործի։ Երաժշտաքննադատ Ա. Գոզենպուդը այդ աշխատության մասին գրել է. «Հենզին և Տաոն լուսավորիչների կացության բեմական պատկերումն է այն մասին, որ մարդը ծնված օրվանից բարի է, թեպետ կարող է դառնալ չար, եթե խաթարվել է նրա բարոյական բնությունը, իրական գեղեցկությունը համարվում է ներքին ներդաշնակության արտահայտումը, մարդու ֆիզիկական և հոգևոր հատկությունների միասնականությունը»։ Բացի հայտնի բալետային ներկայացումներից Դիդլոն ստեղծել և բեմադրել է բազմաթիվ տարբեր դիվերտիսմենտներ, պարեր օպերաների և փոքր բալետների համար։

Դիդլոյի վերջին ստեղծագործությունը եղել է «Ավերված կուռք» փոքր բալետը։ Նա արդեն ուներ պատրաստ գաղափարներ «Էնեյ և Լավինիա», «Խենթ գլուխ և բարի սիրտ», «Հոր անեծքը» և այլ ստեղծագործությունների վերաբերյալ, սակայն նրա և կայսերական թատրոնի տնօրինության միջև անլուծելի հակասություն է առաջանում, որը հանգեցնում է ակնառու խորեոգրաֆի հեռացմանը։

1832 թվականին Ալեքսանդրինսկի թատրոնի բացմանը նախատեսված է եղել Շառլ Դիդլոյի կողմից բեմադրել Կավոսի «Սյումբիկա, կամ Կազանսկի խանության նվաճումը» բալետը, սակայն Դիդլոյի և Կայսերական թատրոնի տնօրեն իշխան Ս. Գագարինի միջև եղած վեճի պատճառով բալետը փոխարինվել է ուրիշով[9]։ Մեծ կենսագրական հանրագիտարանը դա համարում էր անձնական թյուրիմածություն, որը տեղի է ունեցել 1836 թվականին։ Յու. Բախրուշինը պատմում է իր տարբերակը և հայտնում այլ թվական` 1831 թվական. զառամյալ բալետմաստերը տնօրինությանը ուղարկում է գրություն, որտեղ խոսվում էր ռուս բալետի արտիստների իրավական և նյութական դրության բարելավման մասին։ Հետդեկաբրիստական ղեկավարությունն այդ գրությունն իբրև խռովություն և սադրանք է գնահատել` ուղղված կառավարությանը։ Արդյունքում Դիդլոյին ձերբակալել են, և նա ստիպված էր պաշտոնաթողության խնդրագիր ներկայացնել։ Ա. Պլեշեևը իր «Մեր բալետը 1673-ից 1896 թվականը» խրոնիկայում գրել է այսպես է գրել այդ մասին. «Իշխան Գագարինի թյուրիմածության մոտիվը, որին Պ. Կարատիգինը անվանում էր հպարտ և անհասանելի իր ստորադասների համար, Դիդլոյի հետ եղել է հետևյալը. մի անգամ ընդմիջումը երկար ձգեցին, Իշխանը հրամայել էր անհապաղ սկսել աշխատանքները և արագացնել պարուհիների փոխվելու ընթացքը։ Իշխանը հրամայել էր ձերբակալել Դիդլոյին, քանի որ նա անտարբերր էր մոտենում իր խիստ նկատողությանը։ Դիդլոն հնազանդվել էր, սակայն հաջորդ օրը հրաժարական էր տվել, որն ընդունվել էր։ Նա հավանաբար մոռացել էր իր սիրելի ասացվածքը. «Կարիք չկա վիճել այն ղեկավարության հետ, որոնց անկարելի է համոզել»։ Կալանավորին, ըստ Զոտովի, ձերբակալել էին իր գրասենյակում։ Բեմը ընդմիշտ կորցրել է Դիդլոյին` խորեոգրաֆիայի ոլորտի այդ հիանալի գործչին, մարդ, որն ուներ արտասովոր ներշնչանք և ստեղծագործություն»[10]։

Նրա հետ միասին Պետերբուրգի բալետային խմբից հեռացել էր դասական ոճը, զիջելով իր տեղը նոր սկսվող ռոմանտիզմին։ Իր հրաժարականից հետո Դիդլոն շարունակել է ապրել Պետերբուրգում։ Նրա ամառանոցը գտնվում էր գետի ափին։ Ցանկանալով ջերմ կլիմայում բարելավել իր առողջությունն ու անկումային տրամադրությունը` Դիդլոն մեկնել է Ղրիմ։ Չհասած Ղրիմ` վեցօրյա հիվանդությունից հետո նա 1837 թվականի նոյեմբերի 7-ին մահանում է Կիևում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին կինը եղել է Ռոզա Մարի Պոլը (մահացել է 1803 թվականին), տաղանդավոր ֆրանսիացի բալետի պարուհի, եղել է Գաետանո Ապոլլինո Վեստրիսի աշակերտուհին։ Նրա առաջնախաղը տեղի է ունեցել 1786 թվականին, ազնվական ոճում եղել է լավագույն պարուհիներից մեկը։ 1793 թվականից Դիդլոյի հետ ելույթ է ունեցել Մոնտանսե թատրոնում։ 1796 թվականին Լոնդոնում օգտվել է մեծ հաջողությունից և եղել է բեմում հագնվելու նոր գործելաոճի հեղինակը[11]։ 1801 թվականի սեպտեմբերն Ռոզը իր որդու և ամուսնու հետ գնացել է Պետերբուրգ։ Նա ելույթ է ունեցել կայսերական խմբում, սակայն շուտով մահացել է։ Նրանց որդին` Շառլը (1801-1855 թվականներ), եղել է բալետի արտիստ, հետագայում` թարգմանիչ, նահանգային քարտուղար և պարի ուսուցիչ։

Երկրորդ կինը եղել է ֆրանսիացի բալետի պարող Մարիա Ռոզ Կոլինետը (20.05.1784—04.12.1843 թվականներ), 1799 թվականի մայիսին աշխատանքի է ընդունվել կայսերական խմբում։ Ա. Գլուշկովսկին ասել է. «Նա բավականին հաջողակ էր, ուներ գերազանց ընդունակություններ և այդ պատճառով Սանկտ Պետերբուրգիի հանրության կողմից սիրելի էր»[12]։ 1818 թվականին առողջության վատթարացման պատճառով իշխան Տյուֆյակինի հրամանով հեռացվել է աշխատանքից։ Լքելով բեմը` զբաղվել է պարի ուսուցմամբ, համարվել է բարձրաշխարհիկ Պետերբուրգի լավագույն և ամենաթանկ ուսուցիչներից մեկը։ Ուսուցանել է մեծ իշխաններին և եղել է առաջին արիստոկրատական տների և բոլոր պետական հաստատությունների, այդ թվում նաև` Սմոլնի մենաստանում։ Երկարաժամկետ, եռանդուն աշխատանքի համար պարգևատրվել է Մարինյան շքանշանի առաջին աստիճանով 1828 թվականին և 1841 թվականին երկրորդ աստիճանի։ Նա թաղվել է Պետերբուրգում, Վոլկովի լյութերական գերեզմանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չհաշված պարային կոմպոզիցիաները և այլ ներկայացումների համար բեմադրված հատվածները` նա բեմադրել է 40-ից ավելի բալետ.

  • 1786 թվական` Պա դե դե (Ստոկհոլմ)
  • 1787 թվական` պարեր կոմպոզիտոր Է. Գրետրիի «Զեմիրա և Ազոր» օպերայի համար` ըստ Մարմոնտելի լիբրետոյի (Լոնդոնի թագավորական թատրոն, թատերաշրջանի փակում)
  • 1788 թվական` «Ռիչարդ առյուծասիրտ» (Լոնդոն)
  • 1789 թվական` L’Embarquement pour Cythère (Լոնդոն)
  • «Փոքրիկ Պեգիի սերը» (Լոնդոն)
  • 1795 թվական` «Կերպարանափոխություն» (Lа métamorphose, նվիրված Դոբերվալին, Լիոն, 1796 թվականին բեմադրությունը տեղափոխվել է Լոնդոն)
  • 1796 թվական` «Վրեժխնդիր սեր» (Լոնդոն)
  • 1796 թվական` «Ուրախ նավաբեկություն, կամ Շոտլանդիայի վհուկները» (երաժշտությունը` Չ. Բոսի)
  • 1796 թվական, հունիսի 7` «Զեֆիր և Ֆլորա» (երաժշտությունը` Չ. Բոսի, իր սեփական լիբրետոյի հիման վրա, Լոնդոնի Նորին մեծություն թատրոն, Կառլ Դիդլո` Զեֆիր, Ռոզա Դիդլո` Ֆլորա[13])
  • 1797 թվական` «Ացիս և Գալաթեա» (Չ. Բոսի, Լոնդոն)
  • «Սաֆո և Ֆաոն» (Լոնդոն)
  • 1801 թվական` մայիս «Հենզի և Տաո» (Չ. Բոսի, Լոնդոնի թագավորական թատրոն)
  • 1802 թվական` «Ապոլոն և и Դափնե» (երաժշտության հեղինակն անհայտ է, Պետերբուրգ)
  • 1803 թվական` «Ռոլանդ և Մորգանա» (երաժշտությունը` Կավոսի և Անտոլոնինիի)
  • «Ֆավն և Համադրիաս»
  • 1804 թվական` «Զեֆիր և Ֆլորա» (երաժշտությունը` Կ. Կավոսի, լոնդնոյան բեմադրության որոշակի փոփոխված տարբերակը, Էրմիտաժի թատրոն, Սանկտ Պետերբուրգ)
  • «Ռոլանդ և Մորգանա»
  • «Լաուրա և Հենրիխ»
  • 1807 թվական` «Յասոն և Մեդեա»
  • 1807 թվական` Ֆրանսուա Ադրիան Բուալադյոի «Կալիպսո կղզու Տելեմաքոսը» բալետն օպերայում
  • 1808 թվական, մայիսի 27` «Դոն Կիխոտ» (կոմպոզիտոր` Ա. Վենյուա)
  • 1808 թվական` «Զեֆիր և Ֆլորա» (Սանկտ Պետերբուրգ, Էրմիտաժի թատրոն, կոմպոզիտոր` Կ. Կավոս, Դյուպոր` Զեֆիր, Դանիլովա` Ֆլորա)։ Յու. Բախրուշինը ներկայացումը անվանում էր բալետի պարուհու առաջին հայտնվելը պուանտներով, այլ աղբյուրներ այդ մասին չեն վկայում։
  • 1809 թվական` «Ամուր և Պսիքե» (Կավոս)
  • 1812 թվական, ապրիլի 7` «Զեֆիր և Ֆլորա» (Երաժշտությունը` Վենյուի, Կովենտ գարդեն արքունական թատրոն, Լոնդոն)
  • 1812 թվական` «Գոլկոնդի թագուհի» (Լոնդոն)
  • 1813 թվական` «Ամառային երեկո» (Լոնդոն)
  • 1813 թվական` «Հունգարական տնակ, կամ հայտնի աքսորյալներ» (Ա. Վենյուա, Լոնդոն)
  • 1814 թվական` «Ալժիրի շուկա» (Լոնդոն)
  • 1815 թվական`«Զեֆիր և Ֆլորա» Լոնդոն (Նոր երաժշտությունը` Ա. Վենյուի)
  • 1815 թվական` «Զեֆիր և Ֆլորա» (Երաժշտությունը Վենյուայի, Փարիզ` Գրանդ օպերա։ Այդ ժամանակ Փարիզում իշխան Կոնստանտին Պավլովիչի աջակցությամբ, ներկայացումներից մեկին ներկա էին գտնվել դաշնակից միապետերը և Լուի XVIII-ը, որն անձամբ է արտահայտել իր զարմանքն ու հիացմունքը մեծ խորեոգրաֆին[3]։ Հիշատակում է բալետի պարուհու առաջին բեմելը պուանտների վրա)։
  • 1816 թվական` «Ացիս և Գալաթեա» (Երաժշտությունը` Կավոսի, Պետերբուրգ)
  • 1816 թվական` «Անսպասելի վերադարձ, կամ Երեկոն այգում»
  • 1817 թվական` «Տեզեյ և Արիանա կամ Մինոտավրի պարտությունը» (Երաժշտությունը` Ֆ. Անտոնոլինի)
  • 1817 թվական` «Հունգարական տնակ, կամ Հայտնի աքսորյալներ» Ֆ. Վենյուա (ներկայացումը բեմադրվել է մոտ 100 անգամ[3])
  • 1817 թվական` «Անսպասելի վերադարձ, կամ Երեկոն այգում»
  • 1817 թվական` «Ապոլոն և մուսաներ» (Սանկտ Պետերբուրգ)
  • 1817 թվական` «Երիտասարդ կաթնավաճառուհին, կամ Նիսետա և Լուկա» (Անտոնոլոնինի)
  • 1818 թվական` «Զեֆիր և Ֆլորա» (երաժշտությունը` Կ. Կավոսի, Պետերբուրգ)
  • 1818 թվական` «Ացիզ և Գալաթեա»
  • 1818 թվական` «Երիտասարդ կղզեբնակչուհի, կամ Լեոն և Տամաիդա»
  • 1818 թվական` «Բաղդադի խալիֆ, կամ Հարուն ալ Ռաշիդի պատանեկան արկածները» (Անտոնոլինի)
  • 1818 թվական, դեկտեմբերի 2` «Արկածներ որսի ժամանակ» (3 գործողությունից բաղկացած բալետ, երաժշտությունը` ըստ Կ. Կավոսի, դեկորացիան՝ Տոզելիի և Կոնդրատևայի, երկրորդ գործողության սկզբում ներկայացվում է ֆլամանդական բեմը Էրմիտաժում, տեսարանները՝ Դավիդ Կրտսեր Տենիրսի)
  • 1819 թվականի մարտի 5` «Ռաուլ դե Կրեկի, կամ Վերադարձ Խաչակրած արշավանքներից» (երաժշտությունը՝ Կ. Կավոսի և նրա աշակերտ Սուշկովի, լրացվել է նաև Տ. Ժուչկովի երաժշտությամբ[14])
  • 1819 թվականի նոյեմբերի 3՝ «Լաուրա և Հենրիխ, կամ Տուրբադուր» (հեքիաթահերոսական բալետ` բաղկացած 3 գործողությունից, երաժշտությունը՝ Կ. Կավոսի, ձևավորումը՝ Կոնդրատևի, վերջին գործողության նոր ձևավորումը՝ Ա. Տոզելիի)
  • 1819 թվական՝ «Հենզի և Տաո կամ Գեղեցկուհին և Հրեշը» (չինական մեծ բալետ` բաղկացած 4 գործողությունից, երաժշտությունը ըստ Կ. Կավոսի և Ֆ. Անտոնոլինի, դեկորացիան՝ Կանոպի, Տոզելիի և Կոնդրատևի)
  • 1820 թվական՝ «Կառլ և Լիզբետա, կամ Փախստականն ընդդեմ ազատության» (կոմպոզիտոր՝ Պ. Տուրիկա, Պետերբուրգ[15]։
  • 1820 թվական՝ «Եվտիմ և Եվհարիս, կամ Լիբասի հաղթված ստվերը»
  • 1820 թվական՝ «Կորա և Ալոնզո, կամ Արևի կույսը» (երաժշտությունը՝ Ֆ. Անտոնոլինի)
  • 1821 թվական՝ «Ալցեստա, կամ, Հերկուլեսի արշավանքը դեպի դժոխք» (երաժշտությունը՝ Ֆ. Անտոնոլինի)
  • 1821 թվական՝ «Վերադարձ Հնդկաստանից» (Սանկտ Պետերբուրգ)
  • 1821 թվական՝ «Ռոլանդ և Մորգանա» (երաժշտությունը` ըստ Կ. Կավոսի և Ֆ. Անտոնոլինի)
  • 1821 թվական՝ «Ալցեստա, Հերկուլեսի արշավանքը դեպի դժոխք» երաժշտությունը Ֆ. Անտոլոնինի
  • 1823 թվական՝ «Կովկասյան գերին, կամ Հարսնացուի ստվերը» (երաժշտությունը՝ Կ. Կավոսի, Ա. Պուշկինի համանուն պոեմի մոտիվներով)
  • 1824 թվական՝ «Մոխրոտ» (Cendrillon) (ըստ Լ. Դյուպրեի բալետի, Սանկտ Պետերբուրգ)
  • 1825 թվական՝ պարեր Ա. Շախովսկովի բեմադրությամբ, «Ռուսլան և Լյուդմիլա» ներկայացման համար (ըստ Պուշկինի)
  • 1825 թվական՝ «Ֆեդրա և Իպոլիտ» (երաժշտությունը՝ Կ. Կավոսի և Պ. Տուրիկի)
  • 1827 թվական՝ «Գյուղական տոնակատարություն»
  • «Ավերված կուռքը»

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիդլոյի անվամբ է կոչվում Փարիզի օպերայի բալետային դպրոցի ճաշասենյակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Charles Didelot — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Большая биографическая энциклопедия
  4. Энциклопедия «Кругосвет»
  5. Большая советская энциклопедия
  6. «Предромантические балеты Дидло». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  7. 7,0 7,1 Музыкальная энциклопедия
  8. Ю.Бахрушин. История русского балета
  9. «1000-летие Казани». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 29-ին.
  10. Наш балет (1673—1896)
  11. Herissay J. Le monde des theatres pendant la Revolution. Paris, 1922, p. 160.
  12. Глушковский А. П. Воспоминания балетмейстера. Л.— М., 1940.
  13. «Театральная энциклопедия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 8-ին.
  14. Энциклопедия балета (страница 45)
  15. Театральная энциклопедия, ст. Люстих Яков

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дидло, Шарль Луи / В. М. Красовская // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  • Слонимский Ю. Дидло. Вехи творческой биографии. Л.-М, 1958.
  • Слонимский Ю. Мастера балета. [Л.], 1937.
  • Глушковский А. П. Воспоминания балетмейстера. Л.—М., 1940.
  • Глушковский А. П. Из воспоминаний о знаменитом хореографе К. Л. Дидло // Москвитянин. 1856. т. 1, кн. 6.
  • Глушковский А. П. Воспоминания о великом хореографе К. — Л. Дидло и некоторые рассуждения о танцевальном искусстве // Воспоминания балетмейстера. — 2-е изд.. — СПб: ПЛАНЕТА МУЗЫКИ, «Лань», 2010. — С. 323-423. — 576 с. — 1500 экз. — ISBN 978-5-8114-1030-9
  • Мундт Н. Биография Карла-Людовика Дидло… // Репертуар русского театра. СПб. 1840, т. 1, кн. 3. С. 1—8.
  • Ильин А. Пушкинские балеты // Пушкин на сцене Большого театра. М., 1949.
  • Мовшенсон А. Г., Слонимский Ю. О. Новое о последних годах деятельности Дидло // Театральное наследство. М., 1956. С. 64—94.
  • Красовская В. М. Русский балетный театр от возникновения до середины XIX в. Л.—М., 1958.
  • Гозенпуд А. Музыкальный театр в России. Л., 1959.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Դիդլո» հոդվածին։