Նանսիի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանսիի ճակատամարտ
Թվականհունվարի 5, 1477
Մասն էԲուրգունդյան պատերազմներ
ՎայրՆանսի
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Նանսիի ճակատամարտ, Բուրգունդյան պատերազմների վճռորոշ ճակատամարտ, տեղի է ունեցել 1477 թվականի հունվարի 5-ին Լոթարինգիայի մայրաքաղաք Նանսիի մոտ` Ֆրանսիայի կողմից աջակցվող շվեյցարա-լոթարինգյան և Բուրգունդիայի դուքս Կարլոս Խիզախի զորքերի միջև։ Վերջինս ձգտում էր իր տիրույթների միավորման համար (Նիդերլանդներ և Բուրգունդական դքսություն) գրավել Լոթարինգիան և ստեղծել ինքնուրույն թագավորություն։ Մարտի արդյունքը որոշեցին շվեյցարացիները՝ բուրգունդական զորքերը ջախջախվեցին, իսկ Կարլոս Խիզախը սպանվեց։

Նանսիի ճակատամարտ. «Լլուցեռնական տարեգրություն» Դիբոլդ Շիլլինգ Կրտսեր (1515)

Զորքերի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգունդական բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգունդական բանակի կորիզը հեծելազորն էր, որի կազմի մեջ էին մտնում ազնվանականության նշանավոր ներկայացուցիչներ՝ դուքսեր, կոմսեր, բարոններ, ասպետներ, մանր հողատերեր և այլ ապահավված մարդիկ, ովքեր կարող էին ձեռք բերել թանկարժեք զենք ու մարտական ձի։ Բոլոր այդ զինվորները ստանում էին աշխատավարձ` ըստ իրենց աստիճանի։

Հետևակի մեծ մասը հավաքագրվել էր Ֆլանդրիայում ու Հոլանդիայում։ Բուրգունդական բանակի զգալի մասը կազմում էին վարձկանները։ Կարլոսը գնահատում էր հատկապես իտալացիների ծառայությունները, որոնցից մեկն էլ դավաճանեց դուքսին Նանսիում։ Վարձկանների թիվը բուրգունդական բանակում անընդհատ աճում էր։ Բուրգունդական բանակում կռվում էին նաև 1000 անգլիական նետաձիգներ և քիչ թվով գերմանական ու շվեյցարական վարձկաններ։ Կարլոսի բանակն ուներ ուծեղ հրետանի։

Շվեյցարական բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարական բանակի հիմքը կազմում էին ալեբարդիստներն ու նիզակակիրները։ Շվեյցարական բանակում կային աղեղնազենով (արբալետ) զինված հեծյալ ջոկատներ, որոնք իրականացնում էին հետախուզություն, կռվում էին ավանգարդում (առաջապահ) և արիերգարդում (թիկունքային պահազոր)։ Ի տարբերություն կենտրոնի ու թիկունքի զինվորների, որոնք զրահներ չունեին` առաջին շարքերի զինվորները ամբողջությամբ զինված էին։ Զինվորների բարձր պրոֆեսիոնալիզմի ու սերտ դասավորության համադրությունը շվեյցարական բանակին անհերքելի առավելություն էին տալիս ասպետական հեծելազորի նկատմամբ։

Ճակատամարտի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1476 թվականի հոկտեմբերի 22-ին Կարլոս Խիզախը պաշարեց Լոթարինգիայի մայրաքաղաք Նանսին։ Կայազորը սովի պատճառով պատրաստ էր հանձնվել, երբ քաղաքին մոտեցան լոթարինգա-շվեյցարական զորքերը` դուքս Ռենեի գլխավորությամբ։ Դաշնակիցները կենդանի ուժի կրկնակի առավելություն ունեին, իսկ բուրգունդացիները ունեին ավելի հզոր ու մեծաքանակ հրետանի։

Նանսիի ճակատամարտը
Օգյուստ Պերենն. «Կարլոս Խիզախի մարմնի հայտնաբերումը Նանսիի ճակատամարտից հետո» (1865)

Կարլոս Խիզախը պաշտպանության համար հարմար դիրք էր գրավել։ Նա հույս ուներ հրետանու ուժեղ կրակով կանգնեցնել հակառակորդին և ասպետական հեծելազորի գրոհով փախուստի մատնել։ Դաշնակիցները օգտվեցին ուժեղ բուքից, որը թաքցրեց նրանց տեղաշարժերը։ արդյունքում լոթարինգա-շվեյցարական զորքերի հիմնական ուժերը շրջանցեցին բուրգունդական զորքի թևերը։ Կենտրոնում բուրգունդական զորքերը փորձեցին հարձակման անցնել, սակայն նրանց կանգնեցրեցին շվեյցարական բանակի  նիզակակիրները։ Բուրգունդացիները ջախջախիչ պարտություն կրեցին՝ գրեթե ողջ զորքը կոտորվեց կամ գերեվարվեց։ Քչերին հաջողվեց փրկվել ու նահանջել դեպի Մետս[1]։ Սպանվեց նաև Կարլոս Խիզախը, վերքերից այլանդակված նրա դին հազիվ հաջողվեց ճանաչել։

Ճակատամարտի հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանսիի ճակատամարտն ունեցավ կարևոր քաղաքական հետևանքներ։ Դրանով ավարտվեց ֆրանսիական թագավորների երկարատև պայքարը բուրգունդական դուքսերի հետ, ինչը խոչընդոտում էր ֆրանսիական հողերի միավորմանը։ Կարլոս Խիզախի հողերը մասնատվեցին։ Բուրգունդական դքսությունն ու որոշ հողեր Ֆրանսիայի հյուսիսում միացան ֆրանսիական թագավորի տիրույթներում, Նիդերլանդները, իսկ ավելի ուշ նաև Բուրգունդիա կոմսությունը (Գերմանիայի արևմուտքում) ընկան Հաբսբուրգների տիրապետության տակ։ Իսպանական գահին վերջիններիս հաստատվելուց հետո սկսվեցին երկարատև պատերազմներ Ֆրանսիայի և Հաբսբուրգների միջև, որոնց պատճառներից մեկն էլ «բուրգունդական» ժառանգության վերադարձն էր[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Smith, Robert D. (2005). The artillery of the Dukes of Burgundy, 1363-1477. Rochester, NY: Boydell Press. ISBN 1843831627. OCLC 60322326.
  2. John Foster Kirk (1868). History of Charles the Bold, Duke of Burgundy. J.B. Lippincott & Co. էջ 542.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гросул И., Ефремов Е. Битва при Нанси 1477 г. — М.: Изограф, 1994. — 19 с. — (Великие сражения. Средние века).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանսիի ճակատամարտ» հոդվածին։