Միջազգային օլիմպիական կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ), օլիմպիական շարժման բարձրագույն ղեկավար օրգան։ Մտեղծվել է 1894 թվականի հունիսի 20-ին, ֆրանսիացի հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի (1863-1937) նախաձեռնությամբ։ ՄՕԿ-ի կազմի մեջ սկզբում մտան 12 երկրների 14 ներկայացուցիչներ (Ռուսաստանից գեներալ Բուտովսկին), որոնք նաև իրենց երկրներում ազգային օլիմպիական կոմիտեների կազմակերպիչներն էին։ Առաջին նախագահ ընտրվեց Հունաստանի ներկայացուցիչ Դ․ Վիկելասը։ Օլիմպիական խարտիայի (հրովարտակ) բնորոշմամբ ՄՕԿ-ի գլխավոր խնդիրներն են․ օլիմպիական խաղերի ծրագրերի հաստատումը, նրանց պարբերաբար անցկացումը և կատարելագործումը, սիրողական սպորտի զարգացման կազմակերպումն ու ղեկավարումը, բոլոր երկրների մարզիկների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդումը։ ՄՕԿ-ը մշտական գործող կազմակերպություն է, որի անդամներն ընտրվում են ազգային օլիմպիական կոմիտեներ ունեցող երկրներից և համարվում ՄՕԿ-ի ներկայացուցիչ՝ իրենց երկրներում։ Յուրաքանչյուր երկրում կարող է լինել ՄՕԿ-ի միայն մեկ անդամ, բացառությամբ խոշոր, օլիմպիական շարժմանը առանձնապես ակտիվ մասնակցություն ունեցող երկրների և այն երկրների, որոնցում տեղի են ունեցել օլիմպիական խաղեր։ 1980 թվականին ՄՕԿ-ը միավորում էր 148 ազգային օլիմպիական կոմիտե և ուներ 89 անդամ։ Մինչև 1966 թվականը ՄՕԿ-ի անդամներն ընտրվում էին ցմահ, դրանից հետո ընտրվածները պետք է պաշտոնաթող լինեն 72 տարեկան դառնալիս։ ՄՕԿ-ի գերագույն օրգանը սեսիան է (անդամների ընդհանուր ժողովը), որը հրավիրվում է տարեկան մեկ, իսկ օլիմպիական տարում՝ 2 անգամ (ամառային և ձմեռային օլիմպիադաների նախօրյակին)։ Սեսիաների միջև ընկած ժամանակաշրջանում օլիմպիական շարժման ղեկավարումը իրականացնում է գործադիր կոմիտեն, որն ընտրվում է ՄՕԿ-ի անդամների կազմից։ Գործկոմի մեջ մտնում են նախագահը (ընտրվում է 8 տարին մեկ), 3 փոխնախագահ և 5 անդամ, որոնք ընտրվում են 4 տարին մեկ։ ՄՕԿ-ի շտաբ-բնակարանը Լոգանն է (Շվեյցարիա)։ ՄՕԿ-ի 8-րդ նախագահն է Խուան Անտոնիո Սամարանչը (1980 թվականից, Իսպանիա

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png