Մենք ենք, մեր սարերը (կոթող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Մենք ենք, մեր սարերը
Պապիկ-տատիկ հուշակոթողի շինարարության ավարտը: 1967թ. նոյեմբերի 1.: Լուսանկարը՝ Վալերի Անդրյանի

Մենք ենք, մեր սարերը, հուշարձան կոթող Արցախում։

Հուշարձանի իսկական անվանումը «Մենք ենք, մեր սարերն» է, չնայած արձանը շատերին հայտնի է որպես «Պապիկ-տատիկ»։ Տեղադրվել է 1967 թվականին։ Քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետ՝ Յուրի Հակոբյան։ Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։ Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։

Ավելի քան 40 տարի առաջ իտալական Կարարա քաղաքում կազմակերպվեց համաշխարհային ցուցահանդես։ Նշանավոր հեղինակների արվեստի ստեղծագործությունների հետ միասին ցուցահանդեսում ներկայացված էին վաստակավոր քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սարգիս Բաղդասարյանի աշխատանքները։ Նրա ցուցադրած գործերից մեկին հետագայում վիճակվեց դառնալ աշխարհահռչակ։ Այդ գործը հենց «Մենք ենք, մեր սարերը» քանդակն է։

Հուշակոթողի շինարարությանը և նրա տեղադրմանը դեմ է եղել Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը։ Ավելին՝ բողոք է բարձրացվել Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում այդ քանդակը տեղադրելու առթիվ։ Այնուամենայնիվ, այն տեղադրվեց։ Հուշակոթողը նաև վեճի առիթ է հանդիսացել Եվրատեսիլ-2009 էստրադային երգի մրցույթ-փառատոնի ժամանակ, քանի որ Հայաստանի մասնակցի հոլովակի ժամանակ պատկերված էր այն։