Մարզական քայլք
Մարզական քայլք - թեթևաթլետիկական մրցաձև։
Մարզական քայլքի ժամանակ մարդու տեղաշարժման արագությունը երկու և կես անգամ (14 կմ/ժ) մեծ է սովորական քայլքից (5-6 կմ/ժ)։ Մարզական քայլքի տեխնիկայի գլխավոր առանձնահատկությունը այն է, որ մարզիկը անընդհատ մեկ կամ զույգ ոտքով պահպանի շփումը գետնի հետ, այլապես կառաջանա ճախրման փուլ` մարզիկը քայլքից կանցնի վազքի և մրցավարի կողմից կորակազրկվի։
Մարզական քայլքի մրցումներն անցկացվում են մարզադաշտում և սովորական խճուղիներում 3 կմ-ից մինչև 50 կմ հեռավորության վրա։[1]
Պատմական ակնարկ[խմբագրել]
Դեռ Հին Հունաստանում աթլետները քայլքն օգտագործել են որպես ֆիզիկական ընդունակությունների զարգացման միջոց։ Հայտնի հույն զինվոր Ֆիդիպիդը, որն առաջինն է հայտնում Աթենքի բնակիչներին Մարաթոնում հույների հաղթանակի մասին, եղել է նաև լավ քայլորդ։ Սակայն, Օլիմպիական հին խաղերում քայլքի մրցումներ չեն անցկացվել։
Քայլքի մրցումներ սկսել են անցկացվել 14-րդ դարում, Եվրոպայում, սակայն կարելի է եզրակացնել, որ դա եղել է սովորական քայլք։ Որպես մասսայական ձև սպորտային քայլքը երևան է գալիս Հնդկաստանում` պատերազմ վարող անգլիական զորքերում։ Ստորաբաժանումները դժվարանում էին վազքով տեղաշարժվել, քանի որ խանգարում էր զինվորական ծանր հանդերձանքը։ Այդ պատճառով մշակվում է քայլքի մի տարատեսակ, որը թույլ էր տալիս երկու անգամ ավելացնել տեղաշարժման արագությունը։
Մարզական քայլքի առաջին պաշտոնական մրցումները անց են կացվել 1866-ին Անգլիայում, 7 մղոն (11 կմ 263 մ) հեռավորության վրա։ 1 ժամ 28 վայրկյան արդյունքով մրցման հաղթող է ճանաչվել Ե. Չեմբերսը։ Մարզական քայլքի մրցումներ են սկսվում անցկացվել նաև այլ երկրներում։ Մրցումներն անց են կացվում ինչպես կարճ, այնպես էլ գերերկար հեռավորությամբ։
Միջազգային առաջին խոշոր մրցումներն անց են կացվել 1892-ին Ֆրանսիայում Փարիզ-Բելֆոր (496 կմ) երթուղում, որտեղ հաղթող է դարձել Ռոմոժեն` 100 ժամ 5 րոպե արդյունքով։ 1908-ին մարզական քայլքը ընդգրկվում է օլիմպիական խաղերի ծրագրում։[2]