Մասնակից:LilitBadalyan/Ավազարկղ 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերոնայի ամֆիթատրոնը 2009 թվականին
Վերոնայի ամֆիթատրոնը ներսից

Վերոնայի արենա (իտալ.՝ Arena di Verona [aˈrɛːna di veˈroːna; aˈreːna]), հին հռոմեական ամֆիթատրոն Պիացցա Բրա հրապարակում, Վերոնա, Իտալիա, կառուցված 1-ին դարում: Այն դեռևս օգտագործվում է այսօր և միջազգայնորեն ճանաչված է այնտեղ տեղի ունեցող օպերային ներկայացումներով: Ամֆիթատրոնն իր տեսակի մեջ ամենալավ պահպանված հնադարյան կառույցներից է: Անտիկ ժամանակներում ամֆիթատրոնը տեղավորում էր մոտավորապես 30,000 մարդ: Ներկայումս անվտանգության նկատառումներով այնտեղ թույլատրվում է առավելագույնը 15,000 այցելու:


Ամֆիթատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 30 թվականին մի վայրում, որն այն ժամանակ քաղաքի պարիսպներից դուրս էր: Այնտեղ անցկացվող ներկայացումներն ու խաղերն այնքան հայտնի էին, որ շատ այլ վայրերից մարդիկ գալիս էին դրանք դիտելու: Անտիկ ժամանակներում ամֆիթատրոնը տեղավորում էր մոտավորապես 30,000 մարդ:[1] Շենքի շրջանաձև ճակատը սկզբնական շրջանում կառուցված է եղել Վալպոլիչելլայից բերված սև և սպիտակ կրաքարով, բայց 1117 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, երբ կառույցի արտաքին օղակը գրեթե ամբողջությամբ փլուզվեց, քարերը սկսեցին օգտագործել այլ շենքերի կառուցման համար: Այնուամենայնիվ, միջնադարում ամֆիթատրոնը շարունակում էր Վերոնա հրավիրել այցելուների, որոնք երբեմն այն լաբիրինթոսի հետ էին համեմատում՝ առանց մուտքի և ելքի:[2]


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական ամֆիթատրոնը՝ Արենան, Վերոնայի ամենահայտնի հուշարձանն է: Ներկայումս այն գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում՝ Պիացցա Բրա հրապարակում (իտալ.՝ Piazza Brà), սակայն, երբ հռոմեացիները կառուցում էին այն, կառույցը գտնվում էր քաղաքի սահմաններից դուրս: Ամֆիթատրոնն ունի գրեթե 20 դարի պատմություն և ժամանակի ընթացքում դարձել է Վերոնայի խորհրդանիշը: Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում արենայում տեղի էին ունենում գլադիատորական մարտեր: Միջնադարում՝ մինչև 18-րդ դարի կեսերը, բազմաթիվ մրցաշարեր և խաղեր էին անցկացվում այնտեղ: 1913 թվականից այն սկսեց օգտագործվել որպես աշխարհում առաջին բացօթյա օպերայի թատրոն:[3]

Կառուցվելով 30 թվականին՝ Վերոնայի արենան այդ ժամանակ երրորդ ամենամեծ ամֆիթատրոնն էր՝ Կոլիզեումից և Կամպանիայի ամֆիթատրոնից հետո: Այն բաղկացած էր 3 էլիպսաձև օղակներից, որոնցից երկրորդն ամենալավ պահպանվածն է, իսկ առաջինը շատ քիչ է պահպանվել:[4]

Ինչպես այլ նմանատիպ հռոմեական կառույցներ, արենան զգալիորեն տուժել է Հռոմեական կայսրության անկման շրջանում և միջնադարում թալանվել՝ այլ շենքեր կառուցելու նպատակով: Չնայած դրան, ամֆիթատրոնը որոշ չափով վերականգնվել է և այժմ գերազանց պահպանվում է և հյուրընկալում բազմաթիվ միջոցառումներ, օպերաներ և բացօթյա ներկայացումներ:


Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամֆիթատրոնը Վերոնայի ամենաշքեղ հուշարձանն է՝ բազմաթիվ նստատեղերով, իսկ կենտրոնում՝ արենա: Այն իր տեսակի մեջ ամենալավ պահպանված հուշարձաններից է: Ներկայումս նստատեղերի պարագիծը կազմում է 391 մետր, իսկ արտաքին օղակը ներառյալ՝ այն 435 մետր է: Ամֆիթատրոնը բաղկացած է 3 համակենտրոն օղակներից: Արտաքին օղակի միայն մի մասն է պահպանվել: Ամֆիթատրոնի հարկաշարքերը կառուցված են Վերոնայի մարմարով: Ներքևում կան պատկերասրահներ, խցեր և անցուղիներ (որոնք չի թույլատրվում այցելել այսօր), որոնք դեռևս հնուց օժանդակում են արենայում անցկացվող միջոցառումների կազմակերպմանը:[5]


Երաժշտական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արենայում թատերական բեմականացումներ անցկացնելու առաջին փորձերը սկսել են վերածննդի դարաշրջանից: Շնորհիվ իր գերազանց ակուստիկայի՝ 1850-ականներին որոշ օպերային ներկայացումներ են տեղի ունեցել շենքում:

1913 թվականին արենայում օպերային բեմականացումներ սկսեցին իտալացի օպերային տենոր Ջովաննի Ձենատելլոյի և ձեռնարկատեր Օտտոնե Ռովատոյի նախաձեռությամբ: Նույն թվականի օգոստոսի 10-ին՝ Վերդիի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ արենայում բեմադրվեց 20-րդ դարի առաջին օպերան՝ Ջուզեպպե Վերդիի «Աիդան»: Այնուհետև հաջորդեցին երաժշտության այլ կարկառուն դեմքեր, ինչպիսիք են Պուչչինին և Մասկանյին: Դրանից հետո օպերային բեմադրությունները շարունակական բնույթ կրեցին արենայում՝ բացառությամբ 1915-18 և 1940-45 թվականների, երբ Եվրոպան պատերազմի մեջ էր:[6]

Ներկայումս առնվազն 4 բեմադրություն (երբեմն մինչև 6) է տեղի ունենում ամեն տարվա հունիսից օգոստոս: Ձմեռային ամիսներին տեղի օպերայի և բալետի ընկերությունները ներկայացումներ են կազմակերպում Ֆիլհարմոնիկ ակադեմիայում:

Ժամանակակից զբոսաշրջիկները նախընտրում են գնել մուտքի տոմսեր՝ նստելու արենայի քարե աստիճաններին, որոնք ավելի մատչելի են, քան ցածր հարկերի փափուկ աթոռներին: Հանդիսատեսին մոմեր են բաժանվում, որոնք վառվում են մայրամուտից հետո:

Ամեն տարի ավելի քան 500,000 մարդ է այցելում արենա՝ այնտեղ անցկացվող հայտնի օպերաները դիտելու:[7] Արենայում ելույթ են ունեցել բազմաթիվ աշխարհահռչակ օպերային երգիչներ: Հետպատերազմյան շրջանում նրանց թվում էին Ջուզեպպե դի Ստեֆանոն, Մարիա Կալլասը, Տիտո Գոբբին, Ռենատա Տեբալդին և այլոք: Բազմաթիվ խմբավարներ նույնպես հայտնվել են արենայի բեմում: Արենայի պաշտոնական խանութում կարելի է գնել նրանց կողմից կատարված որոշ ձայնագրություններ:

Վերոնայի ամֆիթատրոնում չեն օգտագործվել բարձրախոսներ կամ միկրոֆոններ մինչև 2011 թվականին էլեկտրոնային ձայնային ապահովման համակարգի տեղադրումը:[8]

Վերջերս արենան հյուրընկալել է նաև մի շարք միջազգային ռոք և փոփ խմբերի համերգներ, ինչպիսիք են Լաուրա Պաուզինին, Փինք Ֆլոյդը, Ալիշա Քիզը, One Direction-ը, Simple Minds-ը, Duran Duran-ը, Deep Purple-ը, The Who-ն, Dire Straits-ը, Մայք Օլդֆիլդը, Ռոդ Ստյուարտը, Ստինգը, Pearl Jam-ը, Radiohead-ը, Փիթր Գաբրիելը, Բյորքը, Muse-ը, Փոլ ՄաքՔարթնին, JamiroquaiՈւիթնի Հյուսթոն-ը, Mumford & Sons-ը, Kiss-ը, Spandau Ballet-ը, 5 Seconds Of Summer-ը, Ադրիանո Չելենտանոն և այլք:

1981, 1984 և 2010 թվականներին արենայում է անցկացվել Giro d'Italia-ի փակման արարողությունը, որտեղ հազարավոր մարդիկ էին հավաքվել մրցանակաբաշխության արարողությունը դիտելու:

2011 Իմթիազ Ալիի Rockstar բոլիվուդյան ֆիլմը Ռանբիր Կապուրի մասնակցությամբ բացվում և փակվում է այնտեղ նկարահանված երաժշտական համերգներով:

2013 թվականի հունիսի 25-ին իր 2013 թվականի շրջագայությունների շրջանակներում Փոլ ՄաքՔարթնին ելույթ է ունեցել արենայում:

2015 թվականի սեպտեմբերի 21-ին օպերային Il Volo փոփ խումբը ելույթ է ունեցել Վերոնայում իրենց Grande Amore շրջագայության վերջին օրը:

2016 թվականի մայիսի 28-ին և 29-ին անգլիացի երգչուհի Ադելը նույնպես ելույթ է ունեցել Վերոնայում իր 2016 թվականի շրջագայության ընթացքում:

Հայկական «Ամեն» նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սեպտեմբերի 29-ին Վերոնայի արենայում տեղի ունեցավ հայ ժողովրդի մասին պատմող «Ամեն» երաժշտական ներկայացումը: Այն ընդգրկված էր Իտալիայում 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումների ցանկում:[9]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.historvius.com/verona-arena-1163/
  2. altum lambyrintum in quo nescitur ingressus et egressus, quoted in Roberto Weiss, The Renaissance Discovery of Classical Antiquity, 1969:117 and note 7.
  3. http://www.verona.com/en/guide/verona/arena-di-verona/
  4. http://www.historvius.com/verona-arena-1163/
  5. http://www.verona.com/en/guide/verona/arena-di-verona/
  6. http://www.arena.it/arena/en/pages/who-we-are-fondazione-arena-di-verona.html
  7. Festivals in Italy 2009
  8. «Verona Opera Festival Outfitted with New Audio». AVTechnology. փետրվարի 7, 2011.
  9. http://www.amenproject.net/#!about/c24gn

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]