Մասնակից:Gevorg Ghazaryan/Կառլո Լուկանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Կառլո Լուկանով
 

Կառլո Լուկանով (բուլղար․՝ Карло Тодоров Луканов, ), բուլղար քաղաքական գործիչ և դիվանագետ, Բուլղարիայի կոմունիստական կուսակցության անդամ, 1956 թվականի օգոստոսի 11-ից մինչև 1962 թվականի նոյեմբերի 27-ը եղել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարար: Բուլղարիայի հերոս: Բուլղարական քաղաքական գործիչների ընտանիքի անդամ՝ Տոդոր Լուկանովի որդի, Անդրեյ Լուկանովի՝ Բուլղարիայի 1990 թվականի վարչապետի հայր[1][2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլո Լուկանովը ծնվել է 1897 թվականի նոյեմբերի 1-ին Պլևենում՝ ակտիվ սոցիալ-ժողովրդավար Տոդոր Լուկանովի ընտանիքում: 1917 թվականին ընդունվել է Բուլղարիայի բանվորական սոցիալ-ժողովրդավարական կուսակցություն, որը հետագայում անվանափոխվել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության: Այդ ժամանակ ավարտել է Պահեստային սպաների դպրոցը և 26-րդ հրետանային գնդի կազմում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին[1]:

1921 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որից հետո Պլևենում փաստաբան է աշխատել: 1925 թվականին Սուրբ Շաբաթի մայր տաճարի վրա հարձակումից հետո դատապարտվել է չորս և կես տարի ազատազրկության, բայց 1926 թվականին ներում է շնորհվել: Որոշ ժամանակ անց Լուկանովն ուղևորվել է Խորհրդային Միություն, որտեղ աշխատել է շինարարական ընկերությունում: 1927 թվականից մինչև 1944 թվականը եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությունում: 1936 թվականին տեղափոխվել է Իսպանիա, որտեղ գտնվել է մինչև 1939 թվականը և Ինտերնացիոնալ բրիգադների կազմում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, որոնք քաղաքացիական պատերազմի ընթացքում պահպանում էին հանրապետական կառավարությունը: Պատերազմից հետո տեղափոխվել է Մոսկվա և աշխատել Կոմունիստական ինտերնացիոնալում, իսկ 1941 թվականից՝ «Խրիստո Բոտև» բուլղարալեզու ռադիոկայանում[2]:

1944 թվականի սեպտեմբերի 9-ի հեղաշրջումից հետո Կառլո Լուկանովը վերադարձել է Բուլղարիա և դարձել Բուլղարական ռադիոյի տնօրեն: Հետագայում նա նախագահի տեղակալ է աշխատել Պլանավորման պետական կոմիտեում (1947-1949), նախագահ՝ Գիտության, արվեստի և մշակույթի կոմիտեում (1949), նախագահ՝ Պլանավորման պետական կոմիտեում (1949-1952) և նախագահի տեղակալ՝ Նախարարների խորհրդում (1952-1954):

1954 թվականին Լուկանովն ընտրվել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, որում մնացել է մինչև իր մահը: 1954 թվականից մինչև 1956 թվականը ԽՍՀՄ-ում, Մոնղոլիայում և Ֆինլանդիայում եղել է Բուլղարիայի դեսպան: Արդյունքում վերադարձել է Բուլղարիա և Անտոն Յուգովի կառավարությունում եղել արտաքին գործերի նախարար (1956-1962), իսկ 1956 թվականից մինչև 1957 թվականը եղել է Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ[3]: Կառավարությունում աշխատելուց ազատումից հետո Շվեյցարիայում դարձել է Բուլղարիայի դեսպան (1963-1966):

Կառլո Լուկանովը մահացել է 1982 թվականի հուլիսի 15-ին Սոֆիայում՝ 84 տարեկան հասակում[1][4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ташев, Ташо (1999). Министрите на България 1879-1999 (Bulgarian). София: АИ "Проф. Марин Дринов" / Изд. на МО. 978-954-430-603-8 / 978-954-509-191-9.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 Иванов, Димитър (2004). Шести отдел (Bulgarian). Труд. էջ 456. ISBN 978-954-528-428-1.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Протокол от пленум на ЦК от 4 август 1949 г./ Биография на Кирил Лазаров, с. 56 – www.archives.bg
  4. Огнянов, Любомир (2008). Политическата система в България 1949-1956. София: „Стандарт“. էջ 120. ISBN 978-954-8976-45-9.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ташев, Ташо. Министрите на България 1879—1999. — София: АИ «Проф. Марин Дринов» / Изд. МО, 1999. — ISBN 978-954-430-603-8 / 978-954-509-191-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Կատեգորիա:Սոֆիայի համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Բուլղարացի դեսպաններ Կատեգորիա:Բուլղարիայի դիվանագետներ Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ Կատեգորիա:Կալանավորներ և ձերբակալվածներ Կատեգորիա:Բուլղարացի իրավաբաններ Կատեգորիա:Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ Կատեգորիա:Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ Կատեգորիա:Բուլղարացի քաղաքական գործիչներ