Մասնակից:Ստեփանյան Արսեն/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրիպ և գրիպանման հիվանդություններ, գրիպը սուր վարակիչ հիվանդություն է. ընթանում է առավելապես վերին շնչուղիների ախտահարմամբ և ընդհանուր թունավորման երևույթներով։ Հեշտությամբ փոխանցվում է հիվանդից առողջին և ախտահարում թե՜ հասուն մարդկանց, թե՜ եոեխաներին։ Հիվանդանում են տարվա բոլոր եղանակներին։ Գաղտնի շրջանը կարճատև է 1-2 օր։ Գաղտնի շրջանի կարճատևությունը և հիվանդության հանդեպ մարդկանց բարձր ընկալունությունը նպաստում են գրիպի համաճարակների արագ և բուռն տարածմանը։ Գրիպի համաճարակները կրկնվում են հաճախ (3-4 տարին մեկ), պարբերաբար ընդունում են հսկայական չափեր և ընդգրկում ամբողջ հողագնդի բնակչությանը (այսպես կոչված՝ համայնաճարակ, պանդեմիա)։

Գրիպի հարուցիչները վիրուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիպի հարուցիչները վիրուսներն են. հայտնի է գրիպի վիրուսի մի քանի տեսակ։ Հարուցիչը, գտնվելով հիվանդի քթի, բերանի և ըմպանի լորձաթաղանթների վրա, փռշտալիս, հազալիս և խոսելիս թքի կաթիլների կամ քթի լորձի հետ անցնում է օդի մեջ։ Վարակվում են օդակաթիլային ճանապարհով, հազվադեպ տնային գործածության իրերի միջոցով։

Հիվանդությունների սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունը սովորաբար սկսվում է հանկարծակի՝ դողով, որից անմիջապես հետո մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-39 °C, երբեմն 40 °C։ Առաջանում է ուժեղ գլխացավ, ամբողջ մարմնի, հատկապես գոտկատեղի և ոտքերի ձկնամկանների ջարդվածություն, ընդհանուր թուլություն, ախորժակի վատացում։ Հիվանդը դառնում է անտարբեր, քնկոտ, երբեմն՝ ընդհակառակը՝ դյուրագրգիռ։ Աչքերը և դեմքը կարմրում են, շոշափելիս մաշկը տաք է, չափավոր խոնավ։ Ջերմաստիճանի բարձրացման հետ միաժամանակ (կամ մի քիչ ուշ) առաջանում են հարբուխ, բերանի չորության զգացում, կրծոսկրի հետևում քերծման զգացում, չոր հազ։ 3-5 օր անց մարմնի ջերմաս¬ տիճանն իջնում է։ Հիվանդն աստիճանաբար ապաքինվում է։ Թուլությունը, ջարդվածությունը, գլխապտույտը որոշ ժամանակ պահպանվում են։

Գրիպի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիպը ծանր հիվանդություն է, հաճախ այն բարդանում է (թոքերի, ճակատային ծոցերի, միջին ականջի և թոքամզի բորբոքում)։ Առանձին դեպքերում գրիպն առաջացնում է սրտի, հոդերի, երիկամների, ուղեղի և ուղեղապատյանների ախտահարումներ։ Ապաքինվելուց հետո, առանց բժշկի թույլտվության, չի կարելի աշխատանքի անցնել (հատկապես տարեցներն այդ մասին պետք է լավ իմանան)։ Գրիպի տարածումը կանխելու միակ միջոցը հիվանդի մեկուսացումն է։ Հարկավոր է նրան տեղավորել առանձին սենյակում, իսկ այդպիսի հնարավորության բացակայության դեպքում շիրմայի կամ վարագույրի հետևում։ Սենյակը պետք է հաճախ օդափոխել և կատարել խոնավ հարդարանք։ Հատակը լվանալ քլորամինի կամ քլորակրի 2 %-անոց լուծույթով (1 ճաշի գդալը 1 դույլ ջրին)։ Հիվանդը պետք է ունենա առանձին ամանեղեն ու սրբիչ։ Ամանեղենը հարկավոր է լվանալ եռջրով։ Օգտագործած թաշկինակներն անհրաժեշտ է թրջել քլորակրի լուծույթով։ Հիվանդի հետ շփվելիս նպատակահարմար է քիթը և բերանը փակել դիմակով (3-4 շերտ լվացած և լավ արդուկած թանզիֆ)։ Այս կանոնը հատկապես պետք է պահպանեն կերակրող մայրերը՝ կրծքի երեխային կերակրելիս և խնամելիս։

Գրիպով հիվանդի կարևոր պայման[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիպով հիվանդն անպայման պետք է գտնվի բժշկի հսկողության տակ և պահպանի անկողնային ռեժիմ։ Սնունդը պետք է լինի սննդարար, դյուրամարս, պարունակի բավարար քանակության վիտամիններ։ Ցանկալի է սուր կերակուրներ չօգտագործել։ Հիվանդը պետք է ընդունի շատ հեղուկ (տաք թեյ, չոր ազնվամորու, լորենու ծաղկի թուրմ, կաթ՝ «Ջերմուկի» հետ և այլն)։ Մինչև բժշկի այցելելը չի կարելի որևէ դեղամիջոց (հատկապես հակաբիոտիկ) ընդունել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։



Կատեգորիա:Հիվանդություններ