Մասալիտինայի տուն (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասալիտինայի տուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ճարտարապետական ոճէկլեկտիզմ
ՃարտարապետGrigory Vasilyev?
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Մասալիտինայի տուն (Վորոժեինի եկամտաբեր տուն) (ռուս.՝ Дом Масалитиной, Доходный дом Ворожеина), շինություն Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը գտնվում է Բոլշայա Սադովայա փողոցի և Կիրովի պողոտայի խաչմերուկում։ Կառուցվել է 1890 թվականին ճարտարապետ Գրիգորի Վասիլևի նախագծով էկլեկտիզմի ոգով[1]։ XX դարի սկզբին տունը պատկանել է վաճառականուհի Պ. Կ. Մասալիտինային։ Ներկայումս շենքը զբաղեցնում է «Նյու Յորք» ռեստորանը[2]։ Մասալիտինայի տունն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վորոժեինի եկամտաբեր տունը կառուցվել է 1890 թվականին ճարտարապետ Գրիգորի Վասիլևի նախագծով էկլեկտիզմի ոգով[1]։ 1913-1914 թվականների տվյալներով տունը պատկանել է Պ. Կ. Մասալիտինային։ Այնտեղ տեղակայված էին Խ. Մերմելիշտեյնի արդուզարդի խանութը, Ն. Մ. Մասալիտինի հալվայի ֆաբրիկան, Բեյտլանի և Կյունցելմի երշիկի ֆաբրիկան, Ն. Ի. Կրավչենկոյի ծրարների ֆաբրիկան, Ֆ. Վոլոշինովայի ժամացույցների խանութը, «Վեյդենբախ» ընկերության ընկերակցությունը[4]։

1920-ական թվականներին, խորհրդային իշխանության հաստատումից հետո, տունն ազգայնացվել է։ Երկրորդ հարկում տեղակայվել են բնակարաններ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կորսվել է անկյունային գմբեթը։ Պատերազմի ավարտից հետո այն վերականգնվել է պարզեցված տեսքով։ 1950-ական թվականներին շենքի առաջին հարկը զբաղեցնում էին վարսավիրանոցը, հրուշակեղենի խանութը, գարեջրատունը[4]։

1990-2000-ական թվականներին շենքը մի քանի անգամ փոխել է սեփականատերերին, և նրանցից յուրաքանչյուրն իր փոփոխություններն է մտցրել շենքի նկարագրում։ 2010-ական թվականների սկզբին շենքը վերանորոգվել է։ Շինարարները շեղվել են նախագծից, ինչի հետևանքով շենքը փոխել է նախնական գունային գամման. առաջին հարկը ներկվել է կանաչ[5]։ 2013 թվականի սեպտեմբերի 28-ին շենքում հրդեհ է բռնկվել[6]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցին և Մասալիտինայի տունը (ձախից) նախահեղափոխական լուսանկարում

Առանձնատունը զբաղեցնում է Բոլշայա Սադովայա փողոցի և Կիրովի պողոտայի խաչմերուկի ձևավորած թաղամասի կողաճակատը։ Աղյուսե շենքը երկհարկանի է բազմալանջ տանիքով։ Շինությունն ունի ուղղանկյունաձև հատակագիծ և հատակագծման միջանցքային համակարգ[4]։

Մասալիտինայի տունը կառուցվել է էկլեկտիզմի ոգով[1]. նրա ճարտարապետության և ձևավորման մեջ համադրվում են բարոկկոյի և դասականության տարրերը։ Առանձնատան հորինվածքի առանցքը անկլյունային մասում գմբեթով և սայրով արևնակն է (բելվեդեր)։ Սկզբնապես գմբեթն ունեցել է ավելի ճոխ ձևավորում. այն ծածկված է եղել «թեփուկներով», իսկ կողքերից եղել են ձեղնահարկի չորս լուսամուտ։ Գմբեթն ավարտվել է ութանիստ ծավալով, որը զարդարված էր ծաղկամանների տեսքով խորաքանդակներով։ Այդ ծավալից վեր էր խոյանում գնդով սայրը[4]։

Շենքի ճակատները զարդարում է աղյուսե դեկորը։ Առաջին հարկը շարված է կոպտատաշ քարով։ Հիմնական մուտքերն առանձնացվել են բարդ կառուցվածքով ատտիկոսներով ավարտվող ելուններով։ Պատուհանի բացվածքները ձևավորված են պրոֆիլավորված երեսկալներով, զարդաքիվերով և լուսամուտների տակի խորշերով։ Շենքի դեկորատիվ տարրերի թվում են միջհարկային գոտին, դեկորատիվ կալունակները, ծոփորը, պրոֆիլավորված քիվը, որմնասյուները[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Кукушин B. C. Эклектика // История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГО, 1995. — 275 с. — ISBN 5-88616-027-2
  2. А. Оленев «Нью-Йорк» закоптил ростовское небо // Вечерний Ростов. — 30 сентября 2013 года.
  3. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Доходный дом К.А. Ворожеина (Дом П. Масалитиной)». voopiik-don.ru. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.
  5. «Доходный дом Ворожеина не прошел проверку». ГТРК Дон-ТР. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. Евдокия Ветрова (2013 թ․ սեպտեմբերի 28). «В центре Ростова загорелся ресторан «Нью-Йорк»». donnews.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е изд.. — Ростов-на-Дону, 2002. — ISBN 5-8456-0489-3