Հնդկական ժողովրդական ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հնդիկների ապստամբությունը անգլիացիների դեմ», Վասիլի Վերեշագին, 1884

1857-1859 թվականների Հնդկական ժողովրդական ապստամբություն, Սիփահիների ապստամբություն, ժողովրդական ապստամբություն անգլիական տիրապետության դեմ։ Պատճառներն էին՝ հարկերի ծանրացումը, բրահմանների (նրանցից էր կազմվում բենգալական բանակը) հարկային արտոնության, սիփահիների (տեղական բնակչությունից հավաքագրված վարձկան զինվորներ) որոշ իրավունքների վերացումը, խոշոր ֆեոդալների մի մասի հողազրկումը, անգլիական ապրանքների հոսքի հետևանքով հնդ. արհեստագործության անկումը։ Ապստամբության շարժիչ ուժը ժողովրդական զանգվածներն էին, ռազմական միջուկը՝ սիփահիները, սակայն ղեկավարության մեջ կարևոր դեր էին խաղում ֆեոդալները։ Ապստամբությունը սկսվել է բենգալական բանակում։

1857 թվականի մայիսի 10-ին սիփահիների երեք գունդ, ապստամբեցին և գնացին Դելի, որտեղ նրանց աջակցեցին տեղի սիփահիներն ու բնակչությունը։ Ապստամբները հռչակեցին Մեծ Մողոփերի իշխանության վերականգնումը։

Կանպուրի և Լակհնաուի կառավարությունը[խմբագրել]

Դելիից բացի, որտեղ Բահադուր շահ II-ի կառավարությունից զատ ստեղծվել էր նաև սիփահիների և քաղաքացիների բարձրագույն վարչական խորհուրդ, երկու այլ վայրում (Կանպուր և Լակհնաու) ևս առաջացել էին ապստամբական ինքնուրույն կենտրոններ և կառավարություններ։ Ապստամբների ղեկավարության պաշտպանական տակտիկան անգլիացիներին հնարավորություն տվեց ապստամբների մի մասին մեկուսացնել Գանգեսի հովտում։ 1857 թվականի հուլիսի 15-ին և 16-ին անգլիացիները պարտության մատնեցին Կանպուրի ապստամբներին, իսկ սեպտեմբերի 19-ին, 4 ամիս պաշարելուց հետո, գրավեցին Դելին։ Ապստամբության կենտրոն դարձավ Աուդը։ 1858 թվականի մարտի 19-ին գաղութարարները գրավեցին նաև Լակհնաուն։

Պարտիզանական շարժում[խմբագրել]

Ապստամբներն անցան պարտիզանական պատերազմի, որի ընթացքում ռազմական հմուտ գործողություններով աչքի ընկան ապստամբության շատ ղեկավարներ՝ Ահմեդ-շահը, Մաուլավին, Լակշմի-Բաին, և ուրիշներ։ 1858 թվականի նոյեմբերի 1-ին հրապարակվեց Վիկտորյա թագուհու մանիֆեստը ապստամբությանը մասնակցած ֆեոդալներին ներելու վերաբերյալ, որի հետևանքով ֆեոդալական վերնախավը հեռացավ ապըստամբությունից։

Մինչև 1859 թվականի ապրիլը գաղութարարները ճնշեցին պարտիզանական շարժումները։ Անգլիացիները դաժան հաշվեհարդար տեսան պարտված ապստամբների հետ։ Ապստամբության պարտության հիմնական պատճառներն էին՝ անգլիացիների ռազմական գերազանցությունը, ապստամբ ֆեոդալների ու գյուղացիների հեաապնդած տարբեր նպատակները, Հնդկաստանի ժողովուրդների տարանջատ վածությունը։ Այնուամենանիվ, անգլիացիները հարկադրված էին փոխել իրենց քաղաքականությունը Հնդկաստանում։ Դեռևս 1858 թվականի օգոստոսի 2-ին վերացվեց Արևելա-Հնդկական ընկերությունը։ Մի շարք օրենքներով ամրապընդվեցին հնդիկ իշխանների և կալվածատերերի հողատիրական իրավունքները։ Գյուղացիների դժգոհությունը հաշվի առնելով՝ հրապարակվեցին օրենքներ վարձակալության վերաբերյալ, որոնք որոշ չափով սահմանափակեցին զամինդարիների կամայականությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png