Փենջաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փենջաբի քարտեզը, քաղաքները

Փենջաբ (պարսկական փենջ-հինգ և աբ-ջուր, գետ), Փանջաբ (հինգ գետերի երկիր), բնապատմական մարզ Հարավային Ասիայում, Հնդկաստանի և Պակիստանի տարածքում։ Գրավում է Ինդոս-Գանգեսյան հարթավայրի հյուսիսային մասը։ Արևմուտքում է Թար անապատը։ Կազմված է գլխավորապես ալյուվիալ նստվածքներից։ Ոռոգվում է Սաթլեջ, Ջելամ, Չինաբ, Ռավի և Բիաս գետերի համակարգով, որոնց միախառնումից առաջանում է Փանջնադ գետը։ Գերակշռում են 150-350 մետր բարձրությունները։ Կլիման չորային է, տաք։ Տարեկան տեղումները 150-700 մմ են։ Կուլտուրական լանդշաֆտը գրավում է տարածքի 70-90%-ը։ Խոշոր քաղաքներն են Լահորը (Պակիստան), Ամրիթսարը, Չան-դիգարհը (Հնդկաստան)։ Փենջաբը համաշխարհային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է։ 1947 թվականին Փենջաբը բաժանվեց Հնդկաստանի՝ Արևելյան Փենջաբ, և Պակիստանի՝ Արևմտյան Փենջաբ, միջև։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png