Հին Մակեդոնիայի բանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակեդոնիայի թագավորության բանակում կռվող զինվորների և վերջիններիս ռազմական հարմարանքների որմնանկար։

Հին Մակեդոնիայի բանակ, Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո՝ Մակեդոնական կայսրության բանակ, ժամանակաշրջանի զորեղագույն բանակը, որի ռազմական հաջողությունների շնորհիվ ստեղծվել է հին աշխարհի խոշորագույն տերությունը՝ Մակեդոնական կայսրությունը։ Այն ստեղծվել և կատարելագործվել է Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ի կողմից։ Հարկ է նշել, որ նախկինում մակեդոնական բանակն անգամ ընդունակ չէր դիմագրավել արտաքին մարտահրավերները և երկրորդական դիրք էր զբաղեցնում հունական աշխարհում։ Զենքի և մարտավարական վերջին նորարարությունների շնորհիվ Փիլիպոսը կարողանում է ստեղծել բացառիկ ճյուն և մարտունակ բանակ։ Մակեդոնիայի արքան զինվորական ծառայությունը դարձնում է ցկյանս՝ միաժամանակ ապահովելով միասնություն և համախմբվածություն իր շարքերում։ Չափազանց կարճ ժամանակահատվածում նմանօրինակ բարենորոգումները հանգեցնում են անտիկ աշխարհի լավագույն «ռազմական մեքենաներից» մեկի ստեղծմանը։

Մարտավարական բարելավումների արդյունքում ձևավորվում է մակեդոնական փաղանգը՝ Հին Հունաստանում (հատկապես՝ Սպարտայում) մեծ տարածում ունեցող փաղանգների տեսակարար հենքի վրա։ Փիլիպոսն օգտագործում է նաև Իփիկրատեսի փորձը՝ աթենական թեթևազեն հետևակի օրինակը հիմք ընդունելով՝ ձևավորելով սեփականը։ Նա կիրառության մեջ է դրել համեմատականորեն ավելի երկար նիզակ և փոքր-ինչ դյուրակիր, փոքր վահան։ Բանակային ենթակառուցվածքների արդիականացման ընթացքում մակեդոնացիները նախկինում գոյություն ունեցած զինատեսակների համատեղման միջոցով ստեղծում են նոր, առավել մարտունակ ռազմական ուժ։

Մակեդոնական նոր բանակը տարբեր ուժերի միավորում էր։ Մակեդոնացիները և մյուս հույները (հատկապես՝ Թեսալիայի հովիտներից հավաքագրված) ռազմական ստորաբաժանումներում զինակցում էին Եգեյան ավազանում և Բալկանյան թերակղզու հարավում կռվող վարձկաններին։ Մակեդոնական բանակում բացառիկ կարևոր նշանակություն ուներ վարձկանների, և նվածյալ տարածքներից հավաքագրված մարտիկների ռազմական ուժը։ Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքի (նպատակաուղղվածությունը՝ Աքեմենյան տիրակալության նվաճում) ժամանակ Մակեդոնիայի բանակի ճնշող մեծամասնությունը կազմում էին հունական աշխարհի ռազմիկներն ու տեղի բարբարոսական ցեղերի զինվորները, մասնավորապես՝ իլարիացիներն ու թրակիացիները։ Այնուամենայնիվ, մակեդոնական բանակի նման բազմատարրությունը շատ ժամանակ առաջ է քաշել կրիտիկական վտանգավորության խնդիրների․ օրինակ՝ Ալեքսանդրի հնդկական արշավանքի ժամանակ զինվորներն ապստամբում են և հրաժարվում կռվել թագավորի հրամանատարության ներքո։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anderson, J.K, (1961) Ancient Greek Horsemanship, Berkeley and Los Angeles.
  • Ashley, J.R. (2004) The Macedonian Empire: The Era of Warfare Under Philip II and Alexander the Great, 359-323 B.C. McFarland.
  • Bury, J.B., (1913) A History of Greece to the Death of Alexander. London.
  • Campbell, B. and Lawrence, A. (ed.s) (2013) The Oxford Handbook of Warfare in the Classical World, Oxford University Press.