Հեռուստատեսային աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի հեռուստատեսային աշտարակը

Հեռուստատեսային աշտարակ, պատվանդան, որի գագաթին տեղակայվում են հեռուստատեսային հաղորդիչ կայանի անտենաները։ Հեռուստատեսային աշտարակի բարձրությունը որոշվում է ըստ հեռուստատեսային կայանի գործողության շառավղի և հաղորդիչ հեռուստատեսային անտենաների քանակի ու չափերի։ Հեռուստատեսային աշտարակի վրա տեղադրվում են նաև գերկարճալիք ռադիոհաղորդումների, ինչպես և ռադիոռելեային ու ռադիոհեռախոսային կապի անտենաներ։ Հեռուստատեսային աշտարակի նախօրինակ կարելի է համարել Փարիզի Էյֆելյան աշտարակը (1889)՝ շուրջ 300 մ բարձրությամբ և Մոսկվայի ռադիոաշտարակը (1921, նախագծել է Վ. Գ. Շուխովը)՝ 148 մ բարձրությամբ, որոնք 30-ական թթ., երբ սկսեց զարգանալ հեռուստատեսությունը, վերածվեցին հեռուստատեսային աշտարակի։ Աշխարհի ամենաբարձր հեռուստատեսային աշտարակ են Մոսկվայի Օստանկինոյի երկաթբետոնե աշտարակը՝ 533 մ բարձրությամբ (1967, անտենայի բարձրությունն ավելացնելուց հետո՝ 536 մ) և Տորոնտոյի (Կանադա) երկաթբետոնե հեռուստատեսային աշտարակ, որն ունի 550 մ բարձրություն։ Երևանի հին հեռուստատեսային աշտարակը (1956) տիպային է և անտենայի հետ ունի 196 մ բարձրություն, իսկ 1977-ին շարք մտած նոր աշտարակի բարձրությունը 311 մ է։ Երկաթբետոնե աշտարակի գագաթամասը, ուր տեղակայվում են անտենաները, որպես կանոն, լինում է մետաղյա ռադիոհեռուստատեսային սարքավորումը տեղադրվում է աշտարակաբնի ներսում։ Մեծ քաղաքներում հեռուստատեսային աշտարակի հարթակներն օգտագործվում են նաև իբրև դիտահրապարակ, ռեստորան կամ սրճարան։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեռուստատեսային աշտարակ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 363