Հայկական ազգային երաժշտական գանձարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական Ազգային Երաժշտական Գանձարանի պաշտոնական կայքից սքրինշոթ

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը մեկնարվել է 2014 թվականի փետրվարին «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի կողմից[1]։ Նախագծի նպատակն է ձայնագրել և վերաձայնագրել հայ ժողովրդական, գործիքային և եկեղեցական երաժշտությունը, պահպանել և սերունդներին փոխանցել մշակութային ժառանգությունը[2]։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծն իր համար սահմանել է հստակ առաքելություն և նպատակներ, որոնք են՝

  • ձայնագրել և վերաձայնագրել հայ ժողովրդական, գործիքային և եկեղեցական երաժշտությունը
  • պահպանել և սերունդներին փոխանցել մշակութային ժառանգությունը
  • ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան հայ ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակակից թվային ձայնադարան
  • վերականգնել ազգային երգը, ծեսն ու ավանդույթը
  • վերականգնել նոտային գրականությունը և տեխնիկապես հասանելի դարձնել հայ մշակութային ժառանգությունը
  • ստեղծել հայ ազգային երաժշտության համաշխարհային պորտալ, ունենալ ուսումնական նյութերի պատրաստման աղբյուր համայն հայության համար
  • նպաստել ֆիլմերում հայ երաժշտության օգտագործմանը, այդպիսով կինոարտադրության միջոցով ազգայինը ճանաչելի դարձնել բոլորի համար

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախաձեռնությունը բաղկացած է մի քանի նախագծերից՝

  • Երաժշտական թվային գրադարանի ստեղծում
  • Երաժշտական գրականության հրատարակում
  • Շարժական աուդիո-ձայնագրիչի ստեղծում

Ընտրվել են կոմիտասյան չափանիշներով ամենացայտուն, բուն հայկական երգերը, հոգևոր երաժշտության նմուշները, շարականները՝ հայկական ազգային երաժշտության ոսկե հավաքածու համարվող ստեղծագործությունների մոտ 550 օրինակ։ Կատարվել է գիտահետազոտական աշխատանք, կատարողների ընտրություն, նրանց ուսումնական գործընթաց, ձայնագրություն, նոտագրություն, աշխատանք նկարիչների հետ, որից հետո պաշտոնական կայքի ստեղծում։ Կայքի ստեղծումն ունի երկու նպատակ։ Առաջինը` վերադարձնել հայ ժողովրդին իր սեփականությունը, քանի որ այդ երաժշտական հիշողությունը ջնջվել է, ինչպես նաև հանրաճանաչ դարձնել ազգային երաժշտության ուղղությունը։ Դրա համար կայքում յուրաքանչյուր երգ ներբեռնվում է նկարչի նկարով, որը ստեղծվել է դրա ազդեցության տակ։ Կայքի ստեղծման երկրորդ նպատակը հիմնադրամի կողմից այդ երգերի հեղինակային իրավունքների ամրագրումն է։ Թեև դա ժողովրդական երաժշտություն է և դրա իրավունքն ունեն բոլորը, ֆիլմերում և այլ ուրիշ նախագծերում այդ թրեքերն օգտագործելիս անհրաժեշտ է մեր թույլտվությունը։ Այդ նպատակով յուրաքանչյուր ստեղծագործություն ունի «անձնագիր», որի մեջ կան բոլոր անհրաժեշտ տվյալները

Ծրագիրը սկսելու համար ընտրվեցին հայկական ավանդական երաժշտության ասպարեզում բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմից, ինչպես նաև փորձառու երաժշտական մենեջերներ։ Այնուհետև, կատարողներին ընտրելու նպատակով իրականացած քաստինգների արդյունքում ընտրվեցին հայկական ժողովրդական երգերի մենակատարները։ Ստեղծվեց նաև 10 հոգուց բաղկացած «Զարկ» արական երգչախումբը, որը գործում է 2014 թվականի փետրվարից և 4 ամսում հասցրել է ձայնագրել 60 հոգևոր-եկեղեցական երգերից կազմված ընտրանի` 5-րդ դարից մինչև 15-րդ դար։ 2014 թվականի հուլիսից մինչև 2015 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում «AP records»-ի տաղավարներում ձայնագրվեցին 500-ից ավել վոկալ և գործիքային ստեղծագործություններ՝ ժողովրդական, հոգևոր, աշուղական[3]։ Ձայնագրմանը զուգահեռ՝ աշխատանքներ սկսվեցին armenianmusic.am երաժշտական առցանց պորտալի ստեղծման ուղղությամբ, որում տեղակայվեցին բոլոր աուդիոձայնագրությունները[4]։ Երգերը դասավորված են բոլոր հնարավոր ֆիլտրերով. ըստ երգի տիպի, ժանրի, կատարողի, տարածաշրջանի, օգտագործված գործիքների եւ այլն։ Ստեղծագործությունների ցանկի մեջ ընդգրկված են Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական շրջանների երգերն ու նվագները։ Կայքը քառալեզու է՝ արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն և ռուսերեն։ Կայքը հասանելի է նաև բջջային հավելվածի տեսքով՝ IOS և Android օպերացիոն համակարգերի համար։ Պորտալում յուրաքանչյուր երգի ուղեկցում է համապատասխան թեմատիկ նկարազարդումը։ Նկարազարդումները ստեղծվել են հատուկ այդ ձայնագրությունների համար՝ Փ. Թերլեմեզյանի անվան Երևանի պետական գեղարվեստական քոլեջի ուսանողների, ինչպես նաև անվանի նկարիչների կողմից։

Նախագծի շրջանակներում ձայնագրվել են կոմիտասյան չափանիշներով ընտրված 300 ժողովրդական, 100 հոգևոր երգեր և 100 գործիքային երաժշտության նմուշներ, ինչպես նաև աշուղական երգեր։

Խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրի լոգոտիպն իրենից ներկայացնում է նոտայի և նռան պատկերների միաձուլում։ Այն ձգտում է լավագույնս ներկայացնել նախագծի երաժշտականությունը՝ ընդգծելով վերջինիս ազգային շեշտադրումները։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին Արթուր Ջանիբեկյանի կողմից։ Հիմնադրամը զբաղվում է հայկական ինտելեկտուալ և մշակութային ժառանգության պահպանմամբ, զարգացմամբ և տարածմամբ։ Այդ նպատակով մեր հիմնադրամն իրականացրել է մի շարք նախագծեր, այդ թվում ՝

  • «Տղամարդիկ» Արձանախումբ և «Վարք Հավերժության»
  • Աջակցություն հայերեն վիքիպեդիայի զարգացմանը
  • Հայկական Ազգային Երաժշտական Գանձարան (armenianmusic.am)
  • Գրքերի Տպագրություն
  • Սարոյան Հաուս
  • Հայ Ֆեստ
  • Քան Ակադեմիա Հայաստան
  • Նարեկացու Վերածնունդ (Վատիկանում Գրիգոր Նարեկացու հուշարձանի տեղադրում, Գրքերի վերականգնում և նվիրաբերություն Մատենադարանին, narekatsi.com)
  • Հանրային Ռադիոյի «Ոսկե ֆոնդ»
  • Տուրիզմի տեսահոլովակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շնորհանդես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. «Հայկական ազգային երաժշտական գանձարան»-ի ոսկե ֆոնդի հասցեն՝ armeniamusic.am
  3. «Ազգային երաժշտական գանձարան կամ մեր հոգևոր տարածքի պահապան «մատյան գունդ»-ը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. Հայկական ազգային երաժշտության մոտ 550 օրինակ՝ մեկ ձայնադարանում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]