Հայ ժողովրդական երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմիտասը հայ գեղճկական երաժշտության հանճարներից է

Ժողովրդական երաժշտություն, հայկական երաժշտական արվեստի այն շերտն է, որը պահպանել է նրա վաղ դրսևորումները, տիպային առանձնահատկությունները և մտածողության հիմնական կերպը։ Բուն հայկական ժողովրդական երաժշտությունը սերնդեսերունդ փոխանցվել է բացառապես բանավոր հաղորդմամբ և դարձել ազգային երգարվեստիի տարատեսակների ու ճյուղերի ոճական հիմքն ու սնուցող աղբյուրը։ Ընդհանուր կերտվածքով միաձայնային (մոնոդիկ) է. բաղկացած է երգային (մեներգ, զուգերգ, խմբերգ), նվագարանային (մենակատարում և անսամբլ) և նվագերգային տեսակներից։ Տարածված են նաև մենապարին ու խմբապարին ուղեկցող երգեցողության ու նվագի տարատեսակներ, որտեղ իշխողը երգեցողությունն է։ Երկրի քաղաքական ու տնտեսական կյանքի փոփոխություններով պայմանավորված՝ ժողովրդական երաժշտությունը հարստացել է առանձին ճյուղերով (գեղջկական երգ, գուսանաաշուղային արփ, քաղաքային երգ), որոնք երևան են եկել այս կամ այն ժամանակաշրջանում՝ իբրև տարբեր խավերի գեղարվեստական մտածողության արտահայտություն։ Վաղ շրջանի պրոֆեսիոնալ երաժշտության ճյուղերը (տաղ, հոգևոր երգ), սերելով գեղջկական երաժշտությունից, հաստատուն տեղ են գտել ժողովրդական երաժշտության մեջ, ձեռք բերել պրոֆեսիոնալ արվեստի վառ անհատականացված գծեր։ Հայկական ժողովրդական երգերի բանաստեղծ, մի շարք բնագրեր ամփոփված են միջնադարյան ձեռագիր տաղարաններում և երբեմն կրում են խազագրության հետքեր։ Բնագրերի կանոնավոր հավաքումը սկզբնավորվել է 19-րդ դարի 2-րդ կեսից (Ղևոնդ Ալիշան, Ռափայել Պատկանյան, Միքայել Միանսարյանց, Գարեգին Սրվանձտյան, Գևորգ Շերենց, Գարեգին Հովսեփյան, Երվանդ Լալայան, Ալեքսանդր Մխիթարյան, Կոմիտաս, Մանուկ Աբեղյան և ուրիշներ)։ 19-րդ դարի 2-րդ կեսից տարածվել են հայկական նոտագրությամբ ժողովրդական երգերի ձեռագիր երգարաններ։ Եղանակների կանոնավոր հավաքումն ու գրառումը սկիզբ են առել 1870-ական թվականներից (Սահակ Ամատունի, Քրիստափոր Կարա-Մուրզա, Նիկողայոս Տիգրանյան, Կոմիտաս, Արշակ Բրուտյան, Ստեփան Դեմուրյան, Հակոբ Հարությունյան, Սպիրիդոն Մելիքյան, Միհրան Թումաճան, Արամ Քոչարյան և ուրիշներ) նախ կատարողից, իսկ 1913 թվականից՝ նաև ձայնագրող սարքերով։ Այս բնագավառում ամենամեծ երախտավորը Կոմիտասն է. նա հայ գեղջկական երաժշտությունը ներկայացրել է իր բազմատեսակությամբ ու գաղափարագեղարվեստական ողջ խորությամբ։ Հավաքված երգերը (տպագրվել է 2 հազարից ավելի նմուշ) թեև տարբեր ժամանակների ու ազգագրական շրջանների արգասիք են, սակայն ներկայացնում են հայ գեղջկական երգի ոճական ամբողջականությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։