Նոտագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոտագրում Յոհան Սեբաստյան Բախի ձեռքով

Նոտագրություն -գրաֆիկական նշանների համակարգ՝երաժշտությունը գրի առնելու համար, նաև երաժշտության բուն գրառումը։

Ծագումը[խմբագրել]

Սկզբնավորվել է հեռավոր անցյալում։ Դեռևս Հին Հունաստանում գոյություն է ունեցել հնչյունները նշելու տառային համակարգ, որը ֆիքսում էր միայն դրանց բարձրությունը, այլ ոչ տևողությունը։ Այն երաժշտական պրակտիկայում պահպանվել է մինչև 10-րդ դարը, երբ հունական տառերը փոխարինվեցին լատինականով։ Միջին դարերում տարածում է գտել նևմային նոտագրությունը։ Հատուկ նշանները՝ նևմերը գրառվել են խոսքային տեքստի վրա՝ երգեցողության մեղեդիները հիշեցնելու համար։ Ավելի ուշ՝ հնչյունների բարձրությունը ավելի ստույգ նշելու համար սկսել են կիրառել հորիզոնական գծեր։ 11-րդ դարի իտալացի երաժիշտ Գվիդո դ Արեցցոն մտցրեց 4 նոտային գծերի համակարգը, որը ժամանակակից հնգագծի նախատիպն էր։ Գծերի սկզբում նա տեղադրեց լատիներեն տառեր, որոնք նշում էին գծերի վրա գրառված հնչյունների բարձրությունը, այդ տառերը ժամանակակից բանալիների նախատիպերն էին։ Հետագայում գծերի թիվը հասցվեց հինգի, իսկ նևմային նշանները փոխարինվեցին քառակուսի գլխիկներ ունեցող նոտաներով։ Այդ համակարգը լայնորեն կիրառվել է Գրիգորյան խորալի գրառման համար և կոչվել է խորալային նոտագրություն։ Հաջորդ փուլը այսպես կոչված մենզուրային նոտագրությունն էր, որը ֆիքսում էր հնչյունների ինչպես բարձրությունը, այնպես էլ տևողությունը։ 15-ից 17-րդ դարերում միաժամանակ գոյություն ուներ տառային կամ թվային համակարգը, որը կոչվում էր տաբուլատուրա և ծառայում էր գործիքային երաժշտության գրառման համար։

Ժամանակակից նոտագրություն[խմբագրել]

Ժամանակակից նոտագրությունը նշում է նոտաների ձայնաբարձրական դրությունը և դրանց մետրա-ռիթմական փոխհարաբերությունը։ Տեմպային, դինամիկ, արտահայտչական և այլ լրացուցիչ նշումների զարգացած համակարգի հետ մեկտեղ դա հնարավորություն է տալիս ճշգրիտ ֆիքսել երաժշտական ստեղծագործության նոտային տեքստը, միևնույն ժամանակ, այդպիսի ֆիքսացիան միանշանակ չէ և կատարողը, չհեռանալով նոտային տեքստից , ստեղծագործությանը տալիս էսեփական մեկնաբանությունը։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Տես նաև[խմբագրել]