Համլետ Քոչարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համլետ Քոչարյան
հոկտեմբերի 4, 1951-ապրիլի 6, 1991
ԾննդավայրՍևաքար
Մահվան վայրԿապան
Քաղաքացիությունհայ
Ծառայության տարիներ1988-1991
Հրամանատարն էրհրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

Համլետ Հմայակի Քոչարյան (հոկտեմբերի 4, 1951(1951-10-04), Սևաքար, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 6, 1991(1991-04-06), Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, ազատամարտիկ, հրամանատար, Կապանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, արձակագիր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համլետ Քոչարյանը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 4-ին Կապանի շրջանի Սևաքար գյուղում։ 1969-1971 թվականների ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ Արցախյան շարժման առաջին իսկ օրերից կազմավորել է «Հայոց պատմական իրավունքի միավորում» կամավորական ջոկատը և «Մեծն Գարեգին Նժդեհ» բարեգործական ընկերությունը[2]։ Նույն ժամանակաընթացքում ղեկավարել է «Հայ Դատի պաշտպանության ընկերության» Զանգեզուրի մասնաճյուղը[3]։

1989 թվականի օգոստոսին ադրբեջանական սահմանամերձ Սեյիդլար գյուղի ազատագրման կռիվների ժամանակ Համլետը մի խումբ ազատամարտիկների հետ միասին գերի է ընկել և տեղափոխվել Բաքվի Բայիլի բանտ։ 1990 թվականի ապրիլին գերիների փոխանակման գործընթացի արդյունքում ազատվում է և վերադառնում Հայաստան։

1990-1991 թվականներին մասնակցել է Կապանի շրջանի սահմանամերձ գյուղերի և Գորիսի շրջանի Շուռնուխ, Խնձորեսկ, Կոռնիձոր գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ Համլետ Քոչարյանը, բացի մարտական գործողություններից, ակտիվ գործունեություն էր վարում նաև քաղաքական ու հասարակական դաշտում, ինչի արդյունքում ձերբակալվում է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի կողմից, բայց շուտով ազատ է արձակվում և հիմնադրում ռազմական ջոկատ։

Համլետ Քոչարյանը զոհվել է 1991 թվականի մայիսի 6-ին՝ մարտական գործողություններից առաջ զենքի փորձարկման ընթացքում տեղի ունեցած պայթյունից։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ Կապան քաղաքի Աչախլու թաղամասը վերանվանվել է նրա պատվին՝ Համլետավան։ Նույն թաղամասում էլ 1991 թվականին կանգնեցվել է նրա հուշարձանը։

Համլետ Քոչարյանը պատմվածքների, բանաստեղծությունների և երգերի հեղինակ Է։ Ռեժիսոր Իրինա Օհանյանի նկարահանած «Ես այնքան մոտ էի իրականությանը» տեսաֆիլմը նվիրված է նրան։

«Հանրապետության ամենատաղանդավոր մարդկանցից մեկն էր, ամենատաղանդավորն ու ամենաողբերգիկը։ Համլետը գաղափարի մարտիկ էր, իսկ գաղափարը չի մեռնում։ Հարյուր տեսակ կառավարություն կփոխվի, բայց նրա նման մարդիկ են, որ երկիրը երկիր են պահում, կառավարությունը՝ կառավարություն։ Քանի որ մենք ունենք Համլետի պես մարդիկ, ազգը չի մեռնի»։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Մարիետա Սողոմոնյան
  • Դուստրերը՝ Էյլի և Անի

Համլետ Քոչարյանի ընտանիքն այժմ ապրում է Երևանում։ Ավագ դուստրը՝ Էյլին, աշխատում է պաշտպանության նախարարությունում, կրտսեր դուստրը՝ Անին, ամուսնացած է և երկու արու զավակ ունի՝ Ալեքսանդրը և Ռոբերտը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ | Syunacerkir.am». www.syuniacyerkir.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  2. ՀԱՄԼԵՏ ՔՈՉԱՐՅԱՆ։ Ճանաչենք մեր հերոսներին
  3. «ՄԵՐ ՕՐԱՑՈՒՅՑԻՑ 1991թ. մայիսի 6-ին զոհվեց Զանգեզուրի արծիվ, լեգենդար ՀԱՄԼԵՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  4. Նա շատերին արթնացրեց նիրհից