Կուբայի կոմունիստական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուբայի Կոմունիստական Կուսակցություն (ԿԿԿ), ստեղծվել է 1925թ.-ին, Հավանայում կայացած I ազգային համագումարում՝ կոմունիստական խմբակների և Կուբայի բանվորական սոցիալիստական կուսակցության ձախ թևի միավորմամբ։ Կուսակցության հիմնադիրներն էին Կ. Բալինյոն և Ի. Մելյան։ 1926—1938-ին գործել է խոր ընդհատակում։ Ընդհատակից դուրս գալուց հետո Հեղափոխական միության հետ մասնակցել է (1939թ.) սահմանադիր ժողովի ընտրություններին։ 1940թ.-ին ԿԿԿ և Հեղափոխական միությունը միավորվեցին, նոր կուսակցությունը կոչվեց Հեղափոխական կոմունիստական միություն, 1944թ.-ին վերանվանվեց Կուբայի ժողովրդա-սոցիալիստական կուսակցություն (ԿԺՍԿ)։ 1940—1952թթ.-ին ԿԺՍԿ ունեցել է իր ներկայացուցիչները կոնգրեսում և տեղական իշխանության մի շարք մարմիններում, 1940—1944թթ.-ին՝ կոալիցիոն կառավարության կազմում։ 1946—1947թթ.-ին կուսակցությունը նորից ենթարկվեց ռեպրեսիայի, որի հետևանքով զոհվեցին ԿԺՍԿ գործիչներ Խ. Մենենդեսը, Ա. Իգլեսիասը, Ֆ. Ֆերնանդես Ռոյգը և ուրիշներ։ 1952թ.-ի պետական հեղաշրջումից և Բատիստա-ի-Սալդիվարի դիկտատուրայի հաստատումից հետո ԿԺՍԿ հանդես է եկել հանուն կառավարության դեմ օպոզիցիոն բոլոր ուժերի միավորման։ 1953թ.-ի նոյեմբերին կուսակցության գործունեությունն արգելվել է։ Կուբայական հեղափոխության հաղթանակից (1959թ.) հետո, երբ երկիրը բռնեց սոցիալիստական շինարարության ուղին, անհրաժեշտ դարձավ ստեղծել միասնական հեղափոխական կուսակցություն։ ԿԺՍԿ, «Հուլիսի 26-ի շարժում», «Մարտի 13-ի անվան հեղափոխական ուսանողական դիրեկտորատ» կազմակերպությունները միավորվեցին (1961թ.-ի կեսին)՝ ստեղծելով Միացյալ հեղափոխական կազմակերպություն, որր 1962—1963թթ.-ին վերափոխվեց Կուբայի սոցիալիստական հեղափոխության միացյալ կուսակցության, 1965թ.-ի հոկտեմբերին այն վերանվանվեց Կուբայի կոմունիստական կուսակցություն։ ԿԿԿ ներկայացուցիչները մասնակցել են կոմունիստական ու բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցությանը (1969թ., Մոսկվա)։ Կուբայի կոմկուսն ունի 322 հազար անդամ և թեկնածու (1979թ.)։ ԿԿԿ Կենտկոմի կենտրոնական օրգանն է «Գրանմա» («Granma») թերթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png