Կոնտրակցիոն վարկած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնտրակցիոն վարկած, (լատին․՝ contractio— սեղմում, կրճատում), տեկտոնական վարկած։ Տարածված էր 19-րդ դարում (ֆրանսիացի երկրաբան Լ. Էլի դը Բոմոն, ավստրիացի երկրաբան Է. Զյուս)։ Ըստ կոնտրակցիոն վարկածի՝ ապարների շերտերի ծալքավորությունը կատարվում էր Երկրի շառավղի և երկրակեղևի մակերևույթի աստիճանական փոքրացման հետևանքով։ Երկրի չափերի կրճատման պատճառ էր համարվում նրա երկարատև սառեցումը, քանի որ կոնտրակցիոն վարկած ելնում էր հրահեղուկ զանգվածներից մոլորակների առաջացման մասին այժմ մերժված վարկածից։ Ռադիոակտիվ տարրերի տրոհման գյուտից հետո կոնտրակցիոն վարկածի ֆիզիկական հիմքը սասանվեց։ Բացահայտվեց նաև կոնտրակցիոն վարկածի անկարողությունը՝ սպառիչ բացահայտություն տալ տեկտոնական պրոցեսներին և առանձնապես մագմատիկ գործունեությանը։ Այնուամենայնիվ մի շարք գիտնականներ (Լ. Քոբեր, Հ. Շտիլլե) շարունակեցին զարգացնել կոնտրակցիոն վարկածը 20-րդ դարում։ Սակայն երկրաբանական տվյալները վկայում են, որ լիտոսֆերայում սեղմմանը զուգընթաց կատարվում է նաև ընդարձակում։ Ուստի, ի հակադրություն կոնտրակցիոն վարկածի, առաջ քաշվեցին պատկերացումներ ընդարձակվող Երկրի, ինչպես նաև լիտոսֆերայում միմյանց համակշռող ընդարձակման և սեղմման գոտիների առկայության մասին (նոր գլոբալ տեկտոնիկա)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 583