«Կիթառահարուհին» (հոլ.՝ De gitaarspeelster), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1670 թվականին։ Յուղաներկովկտավի չափերն են 53 × 46,3 սմ։ Այսօր «Կիթառահարուհին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Համսթեդում՝ Քենվուդ-հաուսում (Լոնդոն, Միացյալ Թագավորություն)։
Յան Վերմեերը «Կիթառահարուհին» ստեղծագործությունը վրձնել է ոչ ներդաշնակ և նրան բնորոշ ոչ տիպային ձևով։ Կիթառ նվագող աղջկան հեղինակը տեղավորել է բավականին ձախ, այնքան, որ աջ արմունկը կտավի սահմաններից դուրս է մնացել։ Ինչպես նախկին նկարներում, այստեղ նույնպես ձևերը կտրուկ պահպանված են՝ աղջկա մատները, որոնք լարերի վրա են, հետևի պատին փակցրած նկարի շրջանակը։ Հարթություններն ու երկրաչափական պատկերները հեղինակը նկարել է իմպաստոյի ոճով[7]։ Նկարի գլխավոր հերոսուհին մարմնով թեքված է դեպի աջ, շրթունքները ժպիտ են արտահայտում, դեպի գործիքը հակած գլուխը փաստում է, որ աղջիկը վայելում է երաժշտությունը։ Պատին փակցրած նկարում Վերմեերը պատկերել է հովվերգական բնանկար, որը նմանեցնում են Ադրիան վան դե Վելդեի ոճին. նկարը ևս մեկ անգամ փաստում է, որ այստեղ տիրում է անխռովություն[8]։ Աղջկա ձեռքին պատկերված երաժշտական գործիքը իսպանական կիթառ է՝ հինգ լարերով, որը հայտնի դարձավ 15-րդ դարից սկսյալ[9]։