Կենսատեխնոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինսուլինի բյուրեղներ

Կենսատեխնոլոգիա, տարբեր նյութեր ստանալու նպատակով տեխնիկայում և արդյունաբերության մեջ կենսաբանական ազդանյութեր օգտագործելու մեթոդների ու եղանակների ամբողջություն։

Կենսատեխնոլոգիայի բնագավառներից են, օրինակ, կերային սպիտակուցների արտադրությունը, միկրոօրգանիզմների օգնությամբ կեղտաջրերի մաքրումը, խմորման շարժընթացների օգտագործումը և այլն։ Այդ նպատակներին է ծառայում նաև գենային ճարտարագիտությունը՝ բարձրարդյունավետ օգտակար նոր օրգանիզմների ստացման նպատակով կենսաբանական մեթոդներով ժառանգական նյութի՝ գենի ուղղակի փոփոխման տեխնոլոգիան։ Ընդ որում՝ գենային ճարտարագիտությունն ուժեղացնում է կենդանի օրգանիզմների որոշակի ֆունկցիաները կամ վերականգնում խախտվածները՝ այդ օրգանիզմները վերափոխելով (ձևափոխելով) կամ դրանց մեջ նոր գեն ներմուծելով։

Վերջին տարիներին գենային ճարտարագիտության շնորհիվ ստեղծվել են մոտ 50 տեսակ անդրգենային մշակաբույսեր, որոնք կայուն են հերբիցիդների (բամբակենի), վնասակար միջատների (կարտոֆիլ, եգիպտացորեն, բանջարաբույսեր) նկատմամբ և ուշ են փչանում (լոլիկ, մորի)։ Ստացվել են նաև հավաքված մրգերի պահպանման ժամկետները երկարացնող և դրանց սննդային արժեքները մեծացնող (օսլայի, ֆերմենտների պարունակության աճի հետևանքով) զեներ։ Սակայն գենային ճարտարագիտությունն իր մեջ պարունակում է անկանխատեսելի հատկություններով օրգանիզմների ինքնակամ առաջացման վտանգը, ուստի կենսատեխնոլոգիայի այդ բնագավառը պետք է խստորեն վերահսկվի։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png