Կարապետ Բաղիշեցին ծնվել է մոտ 1475 թվականին Բաղեշում[1]։ Նրա հայրն է՝ Ստեփանը, մայրը՝ Ալամշահը[1]։ Ուսում ստանալու համար գնացել Մշո Առաքելոց վանք, որտեղ ձեռնադրվել է նախ աբեղա, ապա վարդապետ[1]։ Վանքի առաջնորդ Թադեոս արքեպիսկոպոսը որդեգրել է նրան և դեռ իր կենդանության ժամանակ նրան արքեպիսկոպոս և վանքի առաջնորդ է ձեռնադրել տվել[1]։ Եղել է՝ Կազմարար, գրիչ և մանրանկարիչ[1]։ Արտագրել է՝ «Սաղմոս»-ը, «Մաշտոց»-ը և «Հայսմավուրք»-ը[1]։ Առավել նշանավոր է եղել որպես տաղասաց[1]։ Նրան երբեմն շփոթել են նույնանուն այլ անձնավորությունների հետ։ Մահացել է հավանաբար 1550 թվականին[1]։
Կարապետ Բաղիշեցու կենսագրությունը և իր տաղերի հավաքածուն կազմել է Ներսես Ակինյանը, որոնցից նշանավոր են՝․
«Տաղ արարածոց» - Նոյի երեք որդիների, ազգերի և աշխարհների մասին 85 երկտող ոտանավոր։ Գրվել է 1540 թվականին։ Տաղը սկսվում է այսպես՝ «Եկա՛յք, Ադամայ որդիք, արարածք ամէն միաբան»։ Եվրոպայի և Հայաստանի աշխարհագրության վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ է պարունակում[1]։
«Ողբ ի վերայ արշաւանաց Շահ Իսմայէլի» - Մշո Եղրդուտ վանքում 1513 թվականին օրինակած «Սաղմոս»-ի հիշատակարանն է[1]։ Պահպանվել Է ինքնագիրը (միակ օրինակը), գտնվում Է Մադրիդում։ «Ողբ»-ի նյութը պարսից շահ Իսմայելի պատերազմներն են Հայաստանումքրդական ցեղերի դեմ։ Նկարագրված են Բաղեշի բերդի գրավումը 1511-1512 թվականների ձմռանը և հայերի տառապանքներն այդ պատերազմում։ Ողբն արժեքավոր է առավելապես պատմական առումով։
«Տաղ վասն վարդին» -
Պուլպուլն է հագեր ի յոտըն կօշիկ,
Զվարդն կու փնտռէ սիրով անուշիկ․
Ձայն է արձակեր, կու կանչէ վարդ, վարդ,
Վարդ, վարդ դու զուարթ,
Ես պուլպուլ, դու վարդ[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 306)։