Կարանտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարանտին (իտալ. quaranena, quarana qiomi—քառասուն օր). բժշկության մեջ, միջոցառումների համակարգ, կիրառվում է համաճարակի օջախից վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու և օջախը վերացնելու նպատակով։ Կարանտին առաջին անգամ կիրառվել է XIV դ. Իտալիայում, որտեղ ժանտախտի նկատմամբ ոչ ապահով վայրերից ժամանած նավերը խարսխակայանում պահվում էին 40 օր (այստեղից էլ՝ անվանումը)։ Հետագայում կարանտինը սկսեցին կիրառել այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համար։ 19 դարին կատարվեցին կարանտինային միջոցառումների միջազգային համաձայնության առաջին փորձերը՝ ժանտախտի, խոլերայի, դեղին տենդի, բնական ծաղկի տարածման դեմ պայքարելու նպատակով։ Այդ միջոցառումների մշակման համար առաջին միջազգային կոնֆերանսը տեղի է ունեցել Փարիզում, 1851-ին։ Կարանտինի վերաբերյալ ժամանակակից միջոցառումները կարգավորվում են միջազգային սանիտարական կանոններով, որոնք ընդունվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության 4-րդ նստաշրջանում, 1951-ին (1956 և 1957-ին կատարված ուղղումներով)։ Արտասահմանից վարակիչ հիվանդությունների ներթափանցման և նրանց տարածման դեմ պայքարելու նպատակով ՄԱՀՄ-ում ԽՍՀՄ տարածքի սանիտարական պահպանման նպատակով կիրառվում են վարչասանիտարական և բժշկասանիտարական կարանտինային միջոցառումներ։ Կարանտինի կարող են ենթարկվել տները, հանրակացարանները, նավերը, զորամասերը, գնացքները, բնակավայրերը, ամբողջ շրջաններ և տեղանքներ։ Երկրի ներսում վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով կարանտինը նախատեսում է հայտնաբերել և մեկուսացնել հիվանդներին, բացիլակիրներին, չթույլատրել հաճախելու դպրոցներ և այլ մանկական հիմնարկներ, բացիլակիրներին և վարակիչ հիվանդների հետ շփվողներին, մի շարք սանիտարական միջոցառումներ՝ սանիտարական մշակում, վարակազերծում, իմունացում։ Կարանտին անասնաբուժական. անասնաբուծության մեջ հնարավորություն է տալիս կանխել կենդանիների վարակիչ հիվանդությունների տարածումը։ Սահմանվում է վարակիչ հիվանդություններ (դաբաղ, սիբիրախտ, ժանտախտներ, խոշոր եղջերավորների խշխշան պալար, խլախտ, վարակիչ սակավարյունություն, խոզերի կարմրախտ, ոչխարների ծաղիկ, պաստերելիոզ, միկոպլազմոզ, իշխան ձկան դիսկոկոտիլոզ են) հայտնաբերելիս։ Կարանտինային հիվանդությունների ցուցակը հաստատված է ՍՍՀՄ անասնաբուժական կանոնադրությամբ։ Այն փոփոխում կամ լրացնում է ՍՄՀՄ գյուղմինիստրությունը՝ հրատարակելով համապատասխան հրահանգներ։ Հիվանդության տարածման բնույթից ելնելով՝ անասնաբուժական կարանտին սահմանվում է առանձին բակերի, հոտի, կերահրապարակի, ջրամբարների, տնտեսությունների կամ դրանց բաժանմունքների համար։ Սահմանվում կամ հանվում է գլխավոր անասնաբույժի առաջարկով՝ ժողովրդական դեպուտատների շրջանային (քաղաքային) սովետի Գործկոմի որոշմամբ։ Կարանտինի պահպանման պատասխանատուն տնտեսության կամ ձեռնարկության ղեկավարն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png