Կաղնի կարմիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաղնի կարմիր
Կաղնի կարմիր
Կաղնի կարմիր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Հաճարազգիներ (Fagaceae)
Ցեղ Կաղնի (Quercus)
Տեսակ Կաղնի կարմիր (Q. rubra)
Միջազգային անվանում
Quercus rubra
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կաղնի կարմիր (լատին․՝ Guercu rubra), հաճարազգիների ընտանիքի, կաղնի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ճյուղատարած հզոր ծառ է՝ 20—25 մ բարձրությամբ։ Սաղարթը նեղ-ձվաձև է կամ լայն-գլանաձև, բութ, կլորավուն գագաթով։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը հաստ է, գորշավուն, կարմիր երանգով։ Բնի վերին մասում կեղևը հարթ է, մոխրավուն։ Ընձյուղները ծածկված են խիտ, շիկավուն թաղիքանման աղվամազով։ Մեկ տարեկան ընձյուղները մերկ են, մուգ կարմրադարչնագույն։ Բողբոջները երկարավուն-օվալաձև են, սրավուն, 5—8 մմ երկարությամբ, շագանակագույն։ Տերևակոթունների երկարությունը հասնում է 3-5 սմ-ի։ Տերևները նուրբ են, հակառակ-օվալաձև կամ երկարավուն-էլիպսաձև, վերևի կողմից մուգ կանաչ են, փայլուն, մերկ, ներքևի կողմից ավելի գունատ, դեղնականաչավուն, ջղերի երկարությամբ և դրանց ճյուղավորման անկյուններում ծածկված մոխրագույն աղվամազով, 12-22 սմ երկարությամբ եւ 8 -15 սմ լայնությամբ, կլորավուն կամ լայն սեպաձև հիմքով, յուրաքանչյուր կողմից 2-3 երկարավուն, խոր կտրատված ատամնավոր բլթակներով, որոնց ատամիկները ավարտվում են սրածայր ելուստով։ Աշնանը տերևները ստանում են վառ կարմրավուն գունավորում։ Առէջային կատվիկները հասնում են մինչեւ 10-12 սմ երկարության, վարսանդայինները միայնակ են կամ զույգ-զույգ, նստած կարճ պտղակոթունների վրա։ Պտղագավաթը ընդգրկում է կաղինը նրա երկարության 1/3-ի չափով, հաստ է, կաշվեկերպ թեփուկներով, փայլուն, դարչնագույն, օվալաձև, ծածկված նուրբ աղվամազով։ Կաղինները գրեթե գնդաձև են կամ ձվաձև, 1,8-3 սմ երկարությամբ, փայլուն, դարչնագույն, աղվամազապատ։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչքի է ընկնում արտակարգ ցրտադիմացկունությամբ։ Խոնավասեր է, սակայն լավ է տանում նաև ժամանակավոր երաշտը։ Լուսասեր է, պահանջկոտ է հողի նկատմամբ։ Բավականին չորադիմացկուն է։ Էկոլոգիական խումբը՝ XIIբ; Մշակույան հավանական շրջանները՝ 1-32

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Հյուսիսային Ամերիկայում, Նոր Շոտլանդիա նահանգից դեպի հարավ, մինչև Թեննեսի և Վիրջինիա նահանգները և Ապպալաչյան լեռների երկարությամբ մինչև հյուսիսային Ջորջիա, կենտրոնական Կանզաս։ Համեմատաբար լայնորեն է տարածված Նոր Շոտլանդիայի, հարավային Քվեբեկի և Օնտարիոյի անտառներում։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում սահմանափակ քանակությամբ է հանդիպում։ Բուսաբանական այգու և նրա լեռնային բաժանմունքներից բացի աճում է Իջևանի դենդրարիում, ինչպես նաև Երևանի, Գյումրիի, Աբովյանի ու Նոր Հաճնի դեկորատիվ տնկարկներում։ Երևանի Հաղթանակի զբոսայգում կան 40 տարեկան խոշոր ծառեր։ Վերջին տարիներին ներդրվել է նաև փողոցների տնկարկներում։

Երևանում հանդիպում է Մարշալ Բաղրամյանի պողոտայի վերին հատվածում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժեքավոր է որպես արտակարգ գեղեցիկ, դեկորատիվ ծառատեսակ։ Պիտանի է մասսիվներում, խմբերում, ծառուղիներում տնկելու և որպես սոլիտեր օգտագործելու նպատակով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 180։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղնի կարմիր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղնի կարմիր» հոդվածին։