Կաղապար:Օրվա հոդված/Հունվարի 26, 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ կամ անկիլոզացնող սպոնդիլիտ (անգլ.՝ Ankylosing Spondylitis, հուն․՝ ἄγκυλος - ոսկրացում, քարացում և հուն․՝ σπóνδυλος - ող, ողնաշար) կամ Շտրումպել-Մարի-Բեխտերևի հիվանդություն կամ ուղղակի Բեխտերևի հիվանդություն, հիմնականում առանցքային կմախքի հոդերի (միջողնային, կողա-ողնաշարային, սրբոսկրա-զստային) ախտահարմամբ ընթացող խրոնիկական բորբոքային անկիլոզացնող (անշարժացնող) հիվանդություն` հաճախ ծայրամասային հոդերի և օրգանիզմի ոչհոդային բաղադրիչների ախտահարման հետ զուգակցված։

Այս հիվանդության ժամանակ հոդերի բորբոքման հիմնական առանձնահատկությունն այն է, որ ժամանակի ընթացքում, աստիճանաբար առաջանում է հոդերի շարժունության սահմանափակում, անկիլոզացում (ոսկրային հյուսվածքների սերտաճում մեկը մյուսի հետ), ինչն ուղեկցվում է նաև հարհոդային (հարողնաշարային) կապանների ոսկրացումով, և ի վերջո, ողնաշարը կորցնում է իրեն բնորոշ ճկունությունը և վերածվում մեկ ամբողջական «ոսկրային ձողի» («բամբուկե ողնաշար»)։

Հիվանդությունը հանդիպում է բնակչության 2:1000 հաճախությամբ, ընդ որում տղամարդիկ 3-4 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան կանայք։ Էթիոլոգիան անհայտ է։ Դասվում է շճաբացասական (սերոնեգատիվ) սպոնդիլոարթրիտների դասին։ Հիվանդության զարգացման համար մեծ կարևորություն ունեն օրգանիզմի իմունային համակարգի ժառանգական նախատրամադրվածությամբ պայմանավորված խանգարումները շարունակել ...