Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 31, 2020 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Աթենքի Ակրոպոլիս (հուն․՝ Ακρόπολη Αθηνών), հնադարյան միջնաբերդ, որը տեղակայված է Աթենք քաղաքից վեր գտնվող ժայռոտ բարձունքի վրա և իր մեջ ներառում է ճարտարապետական և պատմական նշանակություն ունեցող հնադարյան մի քանի մեծ կառույցների ավերակներ, որոնցից ամենահայտնին Պարթենոնն է։ «Acropolis» բառը ծագում է հունարեն «ἄκρον» (ակրոն, «բարձրագույն կետ, ծայր») և «πόλις» (պոլիս, «քաղաք») բառերից։ Չնայած «ակրոպոլիս» եզրն օգտագործվում է ընդհանուր իմաստով և Հունաստանում շատ այլ ակրոպոլիսներ կան, Աթենքի Ակրոպոլիսի նշանակությունն այնպիսին է, որ այն պարզապես անվանվում է «Ակրոպոլիս»՝ առանց բնութագրման։ Հնագույն ժամանակներում հայտնի է եղել նաև որպես Կեկրոպիա․ անունն ստացել է առասպելական մարդաօձ Կեկրոպից, որը ենթադրաբար առաջին աթենացի թագավորն է եղել։

Վկայություն կա այն մասին, որ բարձունքը բնակեցված է եղել մ․թ․ա․ չորրորդ հազարամյակում, սակայն մ․թ․ա․ հինգերորդ դարում Պերիկլեսն է (մոտավորապես մ․թ․ա․495-429) համակարգել տարածքի ամենակարևոր կառուցների, այդ թվում՝ Պարթենոնի, Պրոպիլեայի, Էրեքթեոնի ու Աթենաս Նիկե աստվածուհու տաճարի շինարարությունը։ Պարթենոնն ու մյուս կառույցները լուրջ վնասներ են կրել 1687 թվականի թուրք-վենետիկյան պատերազմի ժամանակ՝ վենետիկցիների պաշարման ընթացքում, երբ Պարթենոնում պահվող վառոդի պաշարը պայթել է հրանոթի գնդակից։

Ակրոպոլիսը տեղակայված է Աթենք քաղաքում, ծովի մակարդակից 150 մ. բարձրություն ունեցող հարթ գագաթով ժայռի վրա, և զբաղեցնում է մոտավորապես 3 հեկտար մակերեսով տարածք։ Ամենավաղ գտածոները թվագրվում են միջին նեոլիթի ժամանակաշրջանով, սակայն Ատտիկեում փաստացի բնակավայրեր են եղել վաղ նեոլիթի ժամանակներից ի վեր (մ․թ․ա․ 6-րդ հազարամյակ)։

Կասկած չկա այն մասին, որ ուշ բրոնզե դարում միկենյան մեգարոն է գտնվել բլրի վրա, որից, սակայն, ոչինչ չի պահպանվել, բացի մեկ կրաքարե հիմնասյունից ու մի քանի ավազաքարե աստիճանների ավերակներից։ Պալատի կառուցումից անմիջապես հետո կառուցվել է նաև 760 մ․ երկարությամբ և 10 մ․ բարձրությամբ կիկլոպյան վիթխարի շրջանաձև պարիսպ, որն ունեցել է 3.5-6 մ․ հաստություն և մինչև 5-րդ դարը ծառայել որպես գլխավոր պաշտպանական գիծ։ Պարիսպը բաղկացած է եղել երկու հողապատնեշից, որոնք կառուցված են եղել «էմպլեկտոն» (հունարեն՝ ἔμπλεκτον) կոչվող հողախառնուրդով իրար միացված խոշոր քարե բլոկներից։ Հոմերոսը հավանաբար այս կառույցն է նկատի ունեցել, երբ գրել է․ «ամրակառույց պալատն Էրեկտեոսի» («Ոդիսական» 7.81)։ Մ․թ․ա 13-րդ դարից առաջ ինչ-որ ժամանակ երկրաշարժի պատճառով Ակրոպոլիսի հյուսիսարևելյան ծայրին ճեղք է առաջացել, որը տարածվել է 35 մետր դեպի փափուկ կրակավե հիմքը, որտեղ ջրհոր կար փորված։ Պատրաստվել է աստիճանաշար, որի օգնությամբ ջրհորը ծառայել է որպես խմելու ջրի անգնահատելի ու պաշտպանված աղբյուր, երբ միկենյան ժամանակաշրջանում ամրոցը ենթարկվել է պաշարումների։ Ավելին