Կակտուսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ferocactus pilosus տեսակ, Մեքսիկա

Կակտուսներ (լատ.՝ Cactaceae), երկշաքիլ բազմամյա բույսերի ընտանիք։ Թփեր են, լիաններ, հազվադեպ՝ ծառեր։

Ցողունն արտաքինից գնդաձև է, գլանաձև, ձվաձև, երբեմն հատվածավոր։ Հյութալի է, հաստ փշերով, մազիկներով կամ խոզաններով ծածկված, ունի խիստ զարգացած ջրատար պարենքիմ (խոշոր տեսակները կարող են պարունակել մինչև 2000 լիտր ջուր)։ Բջիջներում պարունակվող լորձային նյութերի առկայությունը դժվարացնում է ջրի գոլորշիացումը։ Իսկական տերևներ չունեն (բացառությամբ 2 տեսակի)։

Ծաղիկները խոշոր են, մեկական, երբեմն գագաթնային հուրանում խմբված։ Պսակաթերթերը շատ են, վառ. կարմիր, մանուշակագույն, դեղին, սպիտակ։ Պտուղը բազմասերմ է, մսոտ, հատապտղանման, երբեմն չոր։ Ծաղկում են երեկոյան կամ գիշերը, փոշոտվում միջատների, թռչունների միջոցով։ Հայտնի է մոտ 2000 տեսակ, տարածված հիմնականում Ամերիկայում, մոտ կեսը՝ Մեքսիկայում, 1 ցեղը՝ Աֆրիկայում, Մադագասկար կղզում։ Աճում են արևադարձային և մերձարևադարձային անապատներում, լեռներում։ Որոշ էպիֆիտ տեսակներ տարածված են Կենտրոնական և Հարավային Ամերիկայի խոնավ արևադարձային անտառներում (ծառերի բներում և ճյուղերի վրա)։

Որպես դեկորատիվ բույսեր պահվում են ջերմատներում և սենյակներում։

Կակտուսի աճումը, ծաղկումը և պտղաբերումը տևում է 6—7 ամիս, այնուհետև անցնում են հանգստի շրջանի։ Այդ պատճառով ձմռանը սենյակներում և ջերմատներում կակտուսը պետք է պահել 5—6, 8— 12°C պայմաններում և քիչ ջրել, ամռանը՝ լուսավոր, տաք, մաքուր օդով ապահովված տեղում և առատ ջրել։ Բազմացվում են սերմերով, կտրոններով, երբեմն պատվաստմամբ (մայիս-օգոստոսին)։ Կակտուսները օգտագործվում են որպես կանաչ ցանկապատ, վառելիք և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png