Խեցգետնանմաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խեցգետնանմաններ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Ենթատիպ Crustacea
Լատիներեն անվանում
Crustacea

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 83677
NCBI 6657
EOL 2598871

Խեցգետնանմաններ (լատ.՝ Crustaceae), հոդվածոտանիների տիպի ջրային կենդանիների դաս։ Մի քանի մմ-ից մինչև 80 սմ մեծություն ունեցող կենդանիներ են։ Մարմինը կազմված է գլխից, կրծքից, փորիկից և ծածկված է խիտինային կուտիկուլայով, որը հաճախ կիր է պարունակում և զրահ առաջացնում։ Գլուխը 5 հատվածից է, ունի 2 զույգ բեղիկներ (անտենաներ և անտենուլներ), վերին ծնոտներ և 2 զույգ ստորին ծնոտ։ Բեղիկները ծառայում են հոտառության և շոշափելիքի, երբեմն շարժման համար։ Տեսողության օրգանները ֆասետային բարդ աչքերն են, որոնք ճյուղաբեղիկների մոտ ձուլվում են և մեկ աչք կազմում։ Խորջրյա տեսակները զուրկ են աչքերից։

Խեցգետնանմանների արյունատար համակարգը բաց է, մկանոտ սիրտը գտնվում է մարմնի մեջքի կողմում։ Շնչառության օրգանները խռիկներն են, որոշ տեսակներ շնչում են մաշկով։ Արտաթորության օրգանները ցելոմոդուկտներն են։ Նյարդային համակարգը բաղկացած է վերկլանային և ենթակլանային հանգույցներից ու փորի նյարդային շղթայից, թիաոտների մոտ այն նյարդային սանդուղքի տիպի է։ Մարսողության համակարգը 3 բաժնից է՝ առջևի, միջին և ետին աղի։ Մակաբույծ որոշ տեսակների աղիները ետ են զարգացած։

Բաժանասեռ են՝ առանձին նստակյաց ձևեր հերմաֆրոդիտ են։ Բեղմնավորությունն արտաքին է։ Որոշ խեցգետնանմաններ (օրինակ՝ վահանակիրները, ճյուղաբեղերը, որոշ խեցիավորներ, խռիկավորներ) բազմանում են կուսածնությամբ։ Հայտնի է մոտ 20 000 տեսակ։ Ապրում են ծովերում, կազմում պլանկտոնի հիմնական և բենթոսի զգալի մասը, որոշ խեցգետնանմաններ մակաբույծ են։ Սնվում են բակտերիաներով, միաբջիջ օրգանիզմներով, հատակային ձևերը՝ օրգանական նյութերի մնացորդներով։ Ունեն տնտեսական նշանակություն, պլանկտոնային ձևերը ջրային կենդանիների հիմնական սնունդն են, որոշ տեսակներ օգտագործվում են որպես սննդամթերք։ Խեցգետնանմանների առանձին տեսակներ բազմացնում են ձկնաբուծարաններում՝ մատղաշ ձկներին կերակրելու համար։ Մակաբույծ խեցգետնանմանները մեծ վնաս են հասցնում ձկներին, վարակիչ հիվանդությունների տարածման միջնորդ տերեր են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png