Խայտաբղետ հաստաճակատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խայտաբղետ հաստաճակատ
Խայտաբղետ հաստաճակատ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Ծածանազգիներ
Ընտանիք Ծածաններ
Ցեղ Հաստաճակատներ
Տեսակ Խայտաբղետ հաստաճակատ
Լատիներեն անվանում
Hypophthalmichthys nobilis
Հոմանիշներ
  • Aristichthys nobilis (Richardson, 1845)
  • Cephalus hypophthalmus Steindachner, 1866
  • Hypophthalmichthys mantschuricus Kner, 1867
  • Hypophthalmichthys simony Bleeker, 1879
  • Leuciscus nobilis Richardson, 1845
Հատուկ պահպանություն
Status none DD.svg Տվյալների անբավարարություն
Տվյալների անբավարարություն
IUCN Data Deficient : 166172

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 163692
NCBI 7965
EOL 2779313

Խայտաբղետ հաստաճակատ (լատ.՝ Aristichtys nobilis), ծածանաձկների ընտանիքի ձուկ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Խոշոր ձուկ է, մարմինը վերին մասում մի փոքր ուռուցիկ է, կողքերից՝ բավական սեղմված։ ՀՀ ձկնային տնտեսություններում և բնական ջրամբարներում երկարությունը 30-40 (երբեմն՝ մինչև 70-80) սմ է, զանգվածը՝ մինչև 10 կգ և ավելի։ Արագաճ ձկնատեսակ է. երկու տարեկանում կարող է հասնել 1-2 կգ-ի։ Գլուխը լայն է՝ սրացած դնչով։ Բերանը վերին է՝ թեք կտրվածքով։ Աչքերը փոքր են՝ ցածր տեղադրված։ Ալանային ատամները միաշարք են։ Ողնուցն առկա է միայն փորային լողակներից մինչև հետանցքն ընկած հատվածում։ Կրծքային լողակները երկար են և անցնում են փորային լողակների հիմքից։ Պոչային լողակը խոր կտրվածքով է։ Թեփուկները մանր են, կողագծում՝ 114-120 հատ։ Մեջքային լողակը կարճ է՝ 10 ճառագայթով, հետնալողակը համեմատաբար երկար՝ 15-17 ճառագայթով։ Խռիկային առաջին աղեղի վրա կան մինչև 270 երկար ու խիտ դասավորված խռիկային առէջներ։ Մեջքը և գլխի վերին մասը մուգ են, կողքերը՝ արծաթակապարագույն՝ անկանոն մուգ պտերով, փորիկը՝ սպիտակավուն։ Լողակները սովորաբար մոխրագույն են։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Սեռահասուն է դառնում 3-7 տարեկանում, արուները՝ 1 տարի ավելի շուտ (կախված ապրելավայրի պայմաններից)։ ՀՀ բնական ջրամբարներում բազմացում դեռևս չի արձանագրվել, այն կարող է կատարվել միայն ձկնաբուծարաններում՝ հատուկ ստեղծված պայմանների և բարձր ջերմաստիճանի առկայության դեպքում։ Բեղունությունը հասնում է 500 հազար (երբեմն՝ մինչև 2 մլն) ձկնկիթի։

Չբեղմնավորված ձկնկիթը դեղնականաչավուն է, տրամագիծը՝ 1,7 մմ, բեղմնավորվածը՝ մինչև 4,5 մմ։ Ձկնկիթի զարգացումը կարճատև է՝ 1840 ժամ (կախված ջրի ջերմաստիճանից), 3-5 օր հետո թրթուրներն անցնում են ակտիվ սննդառության՝ հիմնականում սնվելով մանր կենդանական պլանկտոնային օրգանիզմներով։

Սննդառություն[խմբագրել]

Կարող է սնվել նաև որդերով, փափկամարմիններով, մանրաձկներով, բուսական պլանկտոնով, դետրիտով։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Հայաստանի կարպային տնտեսություններ պարբերաբար սկսել է ներմուծվել 20-րդ դարի 80-ական թվականներին։ Երբեմն հանդիպում է նաև Արաքս, Մեծամոր գետերում, որտեղ պատահականորեն ներթափանցում է ձկնային տնտեսություններից։ Նախընտրում է գետերի դանդաղահոս տեղամասերը։

Ձկնաբուծություն[խմբագրել]

ՀՀ կարպային տնտեսությունների հիմնական ձկնատեսակներից է։ Ունի արդյունաբերական մեծ նշանակություն։ Աճեցվում է հիմնականում Արարատյան դաշտի մի շարք ձկնային տնտեսություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png