Խաղողի անտրաքնոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղողի անտրաքնոզ, խաղողի վազի հիվանդություն։ Հարուցիչը Gloeosporium ampelophagum անկատար սունկն է։

Ընդանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Միջին Ասիայի, Ղազաստնի, Այսրկովկասի, Հայաստանի՝ Արարատյան դաշտի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի այգեգործական շրջաններում։ Սունկն ախտահարում է վազի միամյա կանաչ օրգանները, շիվերը, ծաղկաբույլերը և ողկույզները։ Հիվանդությունն ավելի արտահայտված է տերևների վրա. սկզբում առաջանում են մանր բծեր, որոնք հետագայում մեծանում են, հաճախ ձուլվում և առաջացնում գորշ երիզով մեծ բծեր, որոնք չորանում և փշրվում են։ Ողկույզները վարակվում են մինչև նրանց պտղի հասունացումը։ Վարակված պտղի վրա առաջանում են կլոր, մոխրագույն և գորշ բծեր։ Պտուղը երբեմն ճեղքվում է և նկատվում է կորիզը։ Ուժեղ վարակի առկայության դեպքում առաջացած խոցերը միանում, ձուլվում են, պարուրում շիվերը, որոնք դառնում են տձև, կոտրվող։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշնանը վարակված շիվերի հեռացում, այգիների մաքրում թափված տերևներից, չորացած պտուղներից, ճյուղերից (մատերից)։ Կանխարգելիչ սրսկումներ բորդոյան հեղուկի 1%-անոց լուծույթով։ Սրսկումն սկսում են առաջին տերևների հայտնվելուն պես, 2-րդը՝ ծաղկումից առաջ, 3-րդը՝ ծաղկումից անմիջապես հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղողի անտրաքնոզ» հոդվածին։