Լուիզ Մուշիկիվաբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզ Մուշիկիվաբո
 
Կուսակցություն՝ Ռուանդայի հայրենասիրական միություն
Կրթություն՝ Ռուանդայի ազգային համալսարան և Դելավերի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 22, 1961(1961-05-22) (62 տարեկան)
Ծննդավայր Կիգալի, Ռուանդա
Քաղաքացիություն  Ռուանդա

Լուիզ Մուշիկիվաբո (ֆր.՝ Louise Mushikiwabo, մայիսի 22, 1961(1961-05-22), Կիգալի, Ռուանդա), ռուանդացի քաղաքական գործիչ։ Ռուանդայի արտաքին գործերի և համագործակցության նախարար(2009 թվականից[1]), պաշտոնավարում է նաև որպես կառավարության խոսնակ։ Զբաղեցրել է Ռուանդայի տեղեկատվության նախարարի պաշտոնը ( 2008-2009 թթ.): 2018 թվականին առաջադրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) գլխավոր քարտուղարի պաշտոնում, և Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ժամանակ ընտրվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար[2][3]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզ Մուշիկիվաբոն ծնվել է 1961 թվականին, Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում[4], Բատսոբ կլանի տուտսի[5] Բիտսինդինկումինի և Նյիրատուլիրայի ընտանիքում։ Հայրը եղել է ֆերմեր, զբաղվել է ընտանեկան փոքրիկ կալվածքի գործերով և սուրճի պլանտացիայում զբաղվել է հաշվապահությամբ[5][6]։ Լուիզ Մուշիկիվաբոյի մանկությունն անցել է Կիգալիում[7]։ Եղել է ընտանիքի 9 երեխաներից կրտսերը[8]։ Նրա եղբայրը՝ Լանդո Նդասինգվան, եղել է Ռուանդայի հայտնի գործարար և քաղաքական գործիչ, նախքան Ռուանդայի ցեղասպանության ժամանակ սպանվելը[7]։ Քույրը՝ Էնն-Մարի Կանտենգվան, եղբոր մահից հետո զբաղվել է նրա «Chez Lando» հյուրանոցայի բիզնեսով և 2003-2008 թթ. պաշտոնավարել է Ռունադայի խորհրդարանում[9]։

Կիգալիում տարրական և միջնակարգ կրթություն ստանալուց հետո 1981 թվականին Մուշիկիվաբոն ուսումը շարունակել է Բուտարե քաղաքի հարավում գտնվող Ռուանդայի ազգային համալսարանում (այժմ՝ Ռուանդայի համալսարան)[4]։ 1984 թվականին ավարտել է համալսարանը՝ ստանալով անգլերենի բակալավրի աստիճան, այնուհետև կարճ ժամանակահատված միջնակարգ դպրոցում անգլերեն է դասավանդել[4]։ 1986 թվականին արտագաղթել է ԱՄՆ[10] և Դելավերի համալսարանում ստացել ֆրանսերեն լեզվի և թարգմանության մագիստրոսի աստիճան[11]։ 1988 թվականին կրթությունն ավարտելուց հետո մնացել է ԱՄՆ-ում[11] և հաստատվել Վաշինգտոնում[12]։ Կարիերան սկսել է աշխատելով լոբբիստական կազմակերպությունների համար, նախքան Աֆրիկյան զարգացման բանկում (ԱԶԲ) պաշտոն զբաղեցնելը, որպես ԱԶԲ-ի պաշտոնյա որոշ ժամանակ բնակվել է Թունիսում[12], այնուհետև դարձել է բանկի հեռահաղորդակցության գծով տնօրեն[8]։

2006 թվականին Մուշիկիվաբոն գրել է Rwanda Means the Universe («Ռուանդա նշանակում է տիեզերք») գիրքը[13], որի համահեղինակն է ամերիկացի լրագրող և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի նախկին ծովային Ջեք Կրամերը[14]։ Գիրքը կիսով չափ ինքնակենսագրական է՝ նկարագրելով Մուշիկիվաբոյի ընտանեկան պատմությունը, նրա կյանքի վաղ շրջանը Ռուանդայում և իր փորձը Միացյալ Նահանգներ արտագաղթելու վերաբերյալ[13]։ Այն նաև մանրամասն նկարագրում է Ռուանդայի ցեղասպանությունը պատմական տեսանկյունից, ինչպես նաև Մուշիկիվաբոյի անձնական տեսակետից Վաշինգտոնում ապրելու տարիներին, երբ նա ստացել է իր ընտանիքի անդամներից շատերի սպանվելու լուրը[13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզ Մուշիկիվաբոյի եղբայրը` Լանդո Նդասինգվան, Ժուվենալ Հաբիարիմանայի կառավարությունում եղել է վերջին տուտսի նախարարը, սակայն սպանվել է 1994 թվականի ցեղասպանության ժամանակ[15]։ Քույրը՝ Էնն-Մարի Կանտենգվան, եղբոր սպանությունից հետո զբաղվել է նրա «Chez Lando» հյուրանոցի և ռեստորանի կառավարմամբ։ Մուշիկիվաբոն ռուանդացի գիտնական և հոգևորական Ալեքսիս Կագամեի զարմուհին է[6]։

Մեջբերված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mushikiwabo, Louise; Kramer, Jack (2007). Rwanda Means the Universe: A Native's Memoir of Blood and Bloodlines. St. Martin's Press. ISBN 9781429907316.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Karuhanga, James (6 December 2009). "Museminali Hands Over to Mushikiwabo". The New Times. Rwanda.
  2. Լուիզ Մուշիկիվաբոն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար
  3. «Biographie – Louise Mushikiwabo». lmfrancophonie.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. 4,0 4,1 4,2 Twagilimana, Aimable. Historical Dictionary of Rwanda.
  5. 5,0 5,1 Mushikiwabo, Kramer, էջ 65
  6. 6,0 6,1 Mushikiwabo, Kramer, էջ Dedications
  7. 7,0 7,1 Nkem-Eneanya, Jennifer (2013 թ․ նոյեմբերի 27). «Minister Louise Mushikiwabo; Rebuilding Rwanda One Policy at a Time…». Konnect Africa.
  8. 8,0 8,1 «New faces in Cabinet». The New Times. Rwanda. 2008 թ․ մարտի 8.
  9. «Anne-Marie Kantengwa». The Institute for Economic Empowerment of Women. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  10. «Louise Mushikiwabo». Duchess International Magazine. 2016 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  11. 11,0 11,1 Adams, Elizabeth (2014 թ․ հոկտեմբերի 14). «Rwanda overcomes tragedy». University of Delaware. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  12. 12,0 12,1 Crisafulli, Patricia; Redmond, Andrea (2012). Rwanda, Inc.: How a Devastated Nation Became an Economic Model for the Developing World. Macmillan. էջ 30. ISBN 9781137066473.
  13. 13,0 13,1 13,2 Waters, Tony. «Rwanda Means the Universe: A Native's Memoir of Blood and Bloodlines». The International Journal of African Historical Studies. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  14. Macmillan Publishers. «Jack Kramer». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  15. Mushikiwabo's Autobiography on the site crimesofwar.org Արխիվացված 2004-12-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզ Մուշիկիվաբո» հոդվածին։