Լենինն անիվների վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինի հուշարձան (այլ կիրառումներ)
«Լենինն անիվների վրա»
Լենինի հուշարձանը Օկտյաբրսկայա երկաթուղու դեպոյի մոտ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա և Komsomolskoy Ploshchadi Proezd?
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն

Լենինի հուշարձան Օկտյաբրսկայա երկաթուղու դեպոյի մոտ («Լենինն անիվների վրա», ռուս.՝ Памятник Ленину у депо Октябрьской железной дороги, «Ленин на колёсах»), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս հեղափոխական գործիչ, բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինին։ Գտնվում է Լենինգրադյան կայարանի հարևանությամբ, Օկտյաբրսկայա երկաթուղու դեպոյի դիմաց։ Քանդակը տեղադրված է երկաթուղասայլակի վրա և այդպիսով շարժական է[1]։ Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Իսաակ Աբրամովիչ Մենդելևիչը[2]։ Սա Մոսկվայում համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի առաջին հուշարձաններից մեկն է և աշխարհում միակ Լենինն անիվների վրա[3]։

Հուշարձանի հասցեն` ք. Մոսկվա, Կոմսոմոլսկայա հրապարակի պողոտա, 3բ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերյան հեղափոխության 8-րդ տարեդարձի տոնակատարությանը նախապատրաստվելու ընթացքում երկաթուղային բանվորներն առաջարկել են դեպոյի տարածքում տեղադրել Վլադիմիր Լենինի հուշարձանը։ Այդ գաղափարը աջակցության է արժանացել։ Ոչաշխատանքային ժամերին բանվորները երկաթուղային մանրամասերից պատվանդան էին պատրաստում[2]։ Պատվանդանի նախագծի հեղինակն էր հինգերորդ քարշատեղամասի ղեկավար Յակովլևը[3]։ Մտահղացման համաձայն` հուշարձանը պետք է ոչ միայն կարողանար շարժվել երկաթուղով, այլև պտտվել սեփական առանցքի շուրջը[1], որի համար նախատեսված է հատուկ լծակ։

Քանդակի համար գումարը բանվորները հավաքել են մետաղի ջարդոն հանձնելով և վագոնների վերանորոգման շաբաթօրյակների ժամանակ։ Այնուամենայնիվ, երբ անհրաժեշտ միջոցները հավաքվեցին, պարզվեց, որ մինչև տարեդարձը քիչ ժամանակ է մնացել, և քանդակագործները չեն հասցնի պատրաստել հուշարձանը։ Որոշվեց պատվանդանի վրա տեղադրել Լենինգրադյան կայարանի նախասրահի քանդակը[2]։ Ավելի ուշ կայարանում տեղադրվեց ավելի կոթողային հուշարձան[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը պատրաստված է գիպսից և երանգավորված է բրոնզագույն[3]։ Լենինը կանգնած է ողջ հասակով` բարձր պատվանդանի վրա։ Նրա ձախ ձեռքը բռունցքված է և հենվում է սյանը, իսկ աջ ձեռքը տաբատի գրպանում է[4]։ Պատվանդանը պատրաստված է շոգեքարշի եռակցված շարժաձողերից, սահալծակներից, դարձիչներից, որդնակային փոխանցիչներից։ Այն կանգնած է դուրս գրված տենդերի (ջրի և վառելիքի պահեստավագոն) երկաթուղային չորս անիվների վրա[3]։ Պատվանդանի մանրամասերը ներկված են սև և կարմիր[5]։ Պատվանդանի հիմքին փակցված է մետաղական տախտակ` հետևյալ գրությամբ. «Կանգնեցված է Օկտյաբրսկայա երկաթուղու 5-րդ քարշատեղամասի լոկոմոտիվային և վագոնային արհեստանոցների բանվորների կողմից 5.XI - 1925»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Вечно живой: 9 самых удивительных и странных памятников Ленину». riarealty.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Кожевников Р.Ф. Перед локомотивным депо Октябрьской железной дороги // Скульптурные памятники Москвы. — М.: Московский рабочий, 1983.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Александр Добровольский (2013 թ․ ապրիլի 21). «Вождя революции посадили на колеса». Московский комсомолец. Վերցված է 2015 թ․ ապրիլի 19-ին.
  4. Москва, Выпуски 4-6. — М.: Гос. изд-во худож. лит-ры, 1984. — С. 172.
  5. Андрей Ольховский. «Ленин на колесах». «Узнай Москву». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 19-ին.