Լենինի անվան առափնյա փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենինի անվան առափնյա փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1]
Գտնվում էՅալթա
Անվանվել էՎլադիմիր Լենին

Լենինի անվան առափնյա փողոց (ռուս.՝ Набережная имени Ленина), զբոսանքի համար նախատեսված կենտրոնական փողոց Ղրիմի Յալթա քաղաքում, քաղաքի ամենահին փողոցներից մեկը։ Առափնյա փողոցի երկայնքով աճում են արմավենիներ։ Ատրակցիոնները, բարերը, սրճարանները և ռեստորանները փողոցում անընդմեջ շարքերով են։ Ճարտարապետությունում միահյուսված են տարբեր ոճեր, փողոցը սալիկապատված է բազմերանգ կարմիր գրանիտով և բաց մոխրագույն պորֆիրիտով[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1837 թվականին բանաստեղծ Վասիլի Ժուկովսկին այնտեղ տեսել է միակ շենքը՝ մաքսատունը։ Մինչև 1886 թվականը առափը սովորական ափամերձ շերտ էր։ Այնուհետև, Ա. Լ. Բերտիե-Դելագարդի և Ն. Մ. Շևցովի նախագծով, այն քիչ բարձրացվել է, ամրացվել քարե բլոկներով և շրջապատվել մետաղյա բազրիքներով, որոնք ստեղծում էին նավակողի պատրանք։ Առափի հիմքը փոթորիկներից պաշտպանելու համար 1961 թվականին այն դարձվեց երկաստիճան[2]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առափնյա փողոցում են գտնվում գլխավոր փոստատան, միջազգային ծովային ակումբի շենքերը և ատրակցիոնների շինությունները։ Այստեղ է նաև Վլադիմիր Լենինի հուշարձանը։ Առափնյա փողոցի միջնամասից, տեղական ուղևորագծերի շոգենավերի և զբոսանավերի նավանմատույցի մոտ, սկսվում է ճոպանուղին, որը հասնում է մինչև Դարսան բլուր[2]։

Ճոպանուղու ստորին կայարանի մոտ գտնվում է «Տավրիդա» հյուրանոցի շենքը (նախկին «Ռոսիա», Առափնյա փողոց, 13)։ Այն կառուցվել է 1875 թվականին և երկար ժամանակ Յալթայում ամենամեծն ու հարմարավետն էր։ 1876 թվականին հյուրանոցում մոտ երկու ամիս ապրել է ծանր հիվանդ Նիկոլայ Նեկրասովը։ Այստեղ նա ոչ միայն բուժվել է, այլև աշխատել «Ո՞վ է Ռուսիայում լավ ապրում» պոեմի վրա։ Հյուրանոցի հուշատախտակին նշված են զգալի քանակությամբ հայտնի անուններ։ Շենքը հետաքրքրական է իր ճարտարապետությամբ և ճարտարագիտական լուծումներով (վերակառուցվել է 21-րդ դարի սկզբին)[2]։

Քիչ հեռու, «Յուբիլեյնի» համերգասրահի մոտ, գտնվում է ևս մեկ ճարտարապետական հուշարձան՝ Ռոֆֆեի լողարանները։ Հյուրանոցի մուտքի դիմաց էլ տեղադրվել է «Անտոն Չեխովն ու շնիկով տիկինը» խմբաքանդակը[2]։

Առափնյա փողոցի արևմտյան մասում վեր է խոյանում հին հունական նավի տեսքով ձևավորված մի կառույց՝ «Ապելսին» ռեստորանը։ Նրա դիմաց հսկայական գնդաձև սաղարթով աչքի է ընկնում Այսեդորա Դունկանի սոսին, որը, ըստ առասպելի, ավելի քան 170 տարեկան է[3]։

Ամենաարևմտյան մասում առափնյա փողոցը հատում է Ուչան Սու գետը, որի վրա կառուցվել է Նկարիչների միության ցուցասրահը[2]։

2009 թվականի սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել Ռուսաստանի նորանահատակների և խոստովանողների տաճարի պատվին ժամատան օծումը, որը շինարարությունը Յալթայի առափին սկսվել էր դեռևս 2007 թվականին[2]։

Առափնյա փողոցը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթայի առափնյա փողոցը արվեստի և ժողովրդական մշակույթի բազմաթիվ ստեղծագործությունների գործողության վայր է։ Այդ ստեղծագործությունների շարքում ամենահայտնին Անտոն Չեխովի «Շնիկով տիկինը» պատմվածքն է և Սերգեյ Սոլովյովի «Ասսա» ֆիլմը[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Набережная им. Ленина в Ялте».
  3. «Платан на набережной Ялты — путеводитель по отдыху в Крыму». jalita.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]