Իմպլիկացիա
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իմպլիկացիա (լատ. implicatio – սերտորեն կապում եմ), տրամաբանական գործողություն, որի ժամանակ երկու ասույթներից կազմվում է բարդ ասույթ` «իմպլիկացիա» տրամաբանական շաղկապի կիրառմամբ: Ստացված բարդ ասույթն անվանում են իմպլիկատիվ ասույթ: «Իմպլիկացիա» տրամաբանական շաղկապը սիմվոլիկ նշանակվում է «→», «C» և այլ նշաններով, իսկ իմպլիկատիվ ասույթը համապատասխանաբար նշանակվում է` «p→q», «Cpq» և այլ ձևերով: Կարդացվում է «եթե p, ապա q»: Հայերենում «իմպլիկացիա» տրամաբանական շաղկապը սովորաբար արտահայտվում է «եթե … ապա» լեզվական կառույցի միջոցով: Սակայն, կենդանի խոսքում հնարավոր են այդ լեզվական կառույցի տարբեր ձևափոխություններ:
Իմպլիկատիվ ասույթի այն բաղկացուցիչ ասույթը, որը դրված է «եթե» (կամ համապատասխան այլ) բառից հետո` կոչվում է «նախորդող» (կամ «անտեցեդենտ»): Իմպլիկատիվ ասույթի այն բաղկացուցիչ ասույթը, որը դրված է «ապա» (կամ համապատասխան այլ) բառից հետո` կոչվում է «հաջորդող» (կամ «կոնսեքվենտ»): Եթե դիսյունկտիվ, կոնյունկտիվ, համարժեքության ասույթների բաղկացուցիչ անդամնեի տեղերը կարելի է փոխել և դրանից այդ ասույթների ճշմարտությունը չի փոխվի, ապա իմպլիատիվ ասույթի անդամների` անտեցեդենտի և կոնսեքվենտի տեղերը չի կարելի փոխել: Խոսքը չի վերաբերում նրան, որ իմպլիկատիվ ասույթի բառային (ոչ սիմվոլիկ) ձևակերպման դեպքում անտեցենդենտը կարող է արտահայտվել կոնսեքվենտից հետո:
Մաթեմատիկական տրամաբանության տեսանկյունից նշանակություն չունի, թե անտեցեդենտի և կոնսեքվենտի միջև պատճառահետևանքային կամ բովանդակային կապ գոյություն ունի, թե ոչ: Այն իմպլիկացիան, որի բաղկացուցիչ ասույթների միջև չի պահանջվում բովանդակային կապի առկայություն կոչվում է «մատերիական իմպլիկացիա»: «Մատերիական իմպլիկացիա» արտահայտությունը շրջանառության մեջ է դրել Բերտրան Ռասելը:
Իմպլիկացիայի ճշմարտության աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
| p | q | p→q |
|---|---|---|
| Ճ | Ճ | Ճ |
| Ճ | Ս | Ս |
| Ս | Ճ | Ճ |
| Ս | Ս | Ճ |
Աղյուսակից երևում է, որ p→q իմպլիկատիվ ասույթը սխալ է միայն այն դեպքում, երբ անտեցեդենտը ճշմարիտ է, իսկ կոնսեքվենտը` սխալ: Մնացած բոլոր դեպքերում իմպլիկատիվ ասույթը ճշմարիտ է: