Իդրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Edram.jpg

Իդրամ-ը (անգլերեն IDram) հայաստանյան կանխավճարային ինտերնետ վճարային համակարգ է, որը հնարավորություն է տալիս ինտերնետ միջավայրում կատարել վճարումներ ՀՀ դրամին համարժեք միավորներով և նմանատիպ համաշխարհային համակարգերի օրինակով Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է էլեկտրոնային կոմերցիայի կայացման գործիքներից մեկը։ Հնարավորություն է տալիս ինտերնետ վճարումներ ընդունել և կատարել ծառայությունների և ապրանքների դիմաց (այդ թվում՝ կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ, հարկերի և տուրքերի մարումներ, փին կոդերի գնում, խաղադրույքներ, առևտուր առցանց խանութներից և այլն[1]), և իրականացնում է դրամական փոխանցումներ։

«Իդրամ» էլեկտրոնային միավորը փոխարկելի միավոր է։ Վճարային համակարգի գլխավոր գրասենյակը տեղակայված է Երևանում, ՀՀ, ներկայացուցչությունը գործում է նաև Լոս-Անջելեսում, ԱՄՆ։

Անվանում[խմբագրել]

«Իդրամ» անվանումն առաջացել է «ինտերնետ» և «դրամ» բառերի միացումից։

Պատմություն[խմբագրել]

«Իդրամ» ինտերնետ վճարային համակարգի օպերատորն է «Իդրամ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2008 թվականին։ Համակարգը ստեղծվել է որպես հայաստանյան էլեկտրոնային կոմերցիայի զարգացման գործիք «ՆԱՏԿ» ՍՊԸ կողմից և գործունեություն է ծավալել 2004 թվականին։ 2005 թվականին «Մաշտոց 1600» էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթին «Էլեկտրոնային բիզնես» անվանակարգում արժանացել է գլխավոր մրցանակի[2]։ 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ համակարգի օգտագործողների թիվը կազմել է մոտ 18000 օգտագործող[3]։ 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ համակարգի օգտագործողների թիվն անցել է 25000-ից։

Համակարգի աշխատանքային սկզբունքները[խմբագրել]

Ծրագրային ապահովումը[խմբագրել]

«Իդրամ» ինտերնետ վճարային համակարգն աշխատում է լիովին առցանց ռեժիմում, ինտերնետ դիտարկչով (բրաուզերով), առանց օգտագործողի կողմում ծրագրային լուծման կամ համակարգչի վրա որևէ ծրագրի տեղադրման։

Իդրամ ID, գաղտնաբառ և ծածկագիր[խմբագրել]

«Իդրամ» ID-ն ունիկալ իննանիշ թիվ է, որը յուրաքանչյուր հաճախորդի համար գեներացվում է «Իդրամ» վճարային համակարգի կողմից և գրանցման գործընթացից անմիջապես հետո էլեկտրոնային տեսքով ուղարկվում է այցելուի կողմից գրանցման ընթացքում նշված էլեկտրոնային փոստի հասցեով։ Այն հաճախորդի վիրտուալ անձնական էջի համարն է, որի վրա կուտակվում են (լիցքավորվում են) «Իդրամ» միավորները։

Գաղտնաբառ (password)՝ հաճախորդի կողմից ստեղծվող թվերի և տառերի համակցություն, որը «Իդրամ» ինտերնետ վճարային համակարգի կողմից օգտագործվում է որպես Հաճախորդի նույնականացման միջոց և թույլ է տալիս մուտք գործել համակարգ և օգտվել համակարգում զետեղված տեղեկատվություններից։

Ծածկագիր (PIN code)՝ յուրաքանչյուր հաճախորդի համար «Իդրամ» ինտերնետ վճարային համակարգի կողմից գեներացվող թվերի և լատինական տառերի յուրահատուկ համակցություն, որը համակարգի կողմից դիտվում է որպես հաճախորդի էլեկտրոնային ստորագրություն և թույլ է տալիս նրան կատարել գաղտնաբառի ու սեփական տվյալների փոփոխություններ, վճարումներ և այլ ֆինանսական գործառույթներ։

Անվտանգություն[խմբագրել]

Անվտանգությունը ապահովվում է սարքավորումների և ծրագրային ապահովության միջոցով։ Սարքավորումների անվտանգությունը (ֆիզիկական firewall-ներ) ապահովվում է ֆիզիկական սարքերով, որոնք արգելափակում են չնախատեսված հարցումները և կանխում են չարտոնագրված մուտքերը համակարգ։

Ծրագրային ապահովության համակարգը ներառում է SSL կոդավորումը, հիմնված SSL վկայականի վրա, Ծածկագիրը, ավտոմատացված ծրագրերի (ռոբոտների) կողմից կատարվող մեծ թվով հարցումների հնարավորության արգելափակումը, տվյալների բազայի և ֆայլերի պաշտպանությունը՝ պատմության ստեղծման միջոցով, համակարգի տեղեկատվության ավտոմատ ամենժամյա արխիվացումը, մուտքերի IP հասցեները և հարցման ճշգրիտ ամսաթվի ու ժամի գրանցումը։

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]